Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 20:00 22-07-2022

Պարենի համաշխարհային կազմակերպությունը օգնում է Հայաստանին․ Կառավարությունը տեղյա՞կ է դրանից

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Կապան քաղաքում նոր գրասենյակ է բացել՝ Սյունիքում իր գործունեությունն ընդլայնելու նպատակով։ ՊՀԾ-ն ծրագրում է օգնել ոռոգման համակարգերի վերկառուցմամբ և կայուն, կլիմայի նկատմամբ զգայուն պարենային համակարգերի կառուցմամբ։ Տարածված հաղորդագրությունում ներկայացվում է, որ ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում հատիկընդեղենի շահութաբեր արժեշղթայում՝ նպատակ ունենալով տեղի համայնքներին հասանելի դարձնել ագրոբիզնեսին առնչվող սննդամթերք և գիտելիք՝ միևնույն ժամանակ աշխատանքի հնարավորություններ ընձեռելով տեղի բնակիչներին։ «Քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Սյունիքի ֆերմերները զրկվել են հողերից և արոտավայրերից, ՊՀԾ-ն ներդրումներ է կատարում ավելի արդյունավետ հողային ռեսուրսների մեջ՝ բարելավելու գյուղատնտեսության ոլորտն ու մարզում ապրող մարդկանց կյանքի որակը»: Նույն հաղորդագրությունում նշվում է, որ ՊՀԾ-ն Սյունիքի մարզի չորս համայնքների տասնմեկ գյուղերում 2021թ․-ի վերջին սկսել է իրականացնել ոռոգման ջրի ենթակառուցվածքի ծրագիր՝ կառուցելով ավելի քան 35 կմ երկարությամբ ոռոգման ջրանցք, որով կոռոգի ավելի քան 1000 հեկտար հող։

Վերջին 20-30 տարիների մեր դառը փորձը հասցրեց նրան, որ այսօր և՛ օգնություն տրամադրողից են դժգոհում, և՛ չտրամադրողից։ Ժողովրդի լեզվով ասած՝ չկարողանալով կողմնորոշվել, ջոկել թացը չորից՝ շարունակ մտածում ենք, որ հենց այնպես ոչինչ չի արվում, կհետևի, որ այս կամ այն միջացառումն իրականացնելիս ինչ-որ ետին նպատակ են հետապնդում։ Նախկին իշխանությունները (այսօրվաններն՝ առավել քան), ուրախությամբ ընդունելով միջազգային կառույցների տրամադրած դրամաշնորհներն ու արտոնյալ վարկերը այս կամ այն ոլորտի, համակարգերի «բարեփոխման նպատակով», ինչը ոնց անելու առումով ենթարկվել են տրամադրողների թելադրանքին և այսօր հատկապես դրա արդյունքում ունենք քանդված, այլանդակված վիճակ բոլոր ոլորտներում, բոլոր առումներով։

Գանք Պարենի համաշխարհային կազմակերպության սյունիքյան ծրագրին։ Անկախ ամեն ինչից՝ միայն այն բանը, որ ծրագիրը 35 կմ երկարությամբ ոռոգման ջրանցք և ընդհանրապես, ոռոգման համակարգ է անցկացնում, դա արդեն ողջունելի է և պետք է շնորհակալ լինել կազմակերպությանը։ Սահմանամերձ այս մարզում ոռոգման առավել քան լուրջ խնդիր կա։ Անկախության տարիներին այս մարզում այդ առումով կարելի է ասել ոչինչ չի արվել։ Օրերս մարզի Տեղ գյուղում էինք, որ Բերձորից բառացիորեն մի քանի կմ-ի վրա է։ Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են Բերձորը հանձնել Ադրբեջանին։ Ստացվում է, որ ավելի քան 2000 բնակիչ ունեցող այս գեղեցիկ համայնքը, խոշորացված համայնքի կենտրոնն ու հարևան գյուղերը դառնում են սահմանամերձ, որոնց տները գտնվում են սահմանից ընդամենը մի քանի կմ-ի վրա, ու այդտեղ ոռոգման համակարգ ընդհանրապես չկա, իսկ խմելու ջրի առումով էլ ահավոր վատ վիճակ է։ Փաստորեն, ֆիզիկապես գոյատևելու ամենակարևոր բաղադրիչը չկա։ Այնպես որ, այդ տեսանկյունից ՊՀԿ-ի արածը հսկայական օգնություն է։ Մյուս կողմից․ 44-օրյա պատերազմից հետո մարզի բոլոր արոտները անցել են ազերիներին կամ գտնվում են նրանց զինվորների անմիջական դիտարկման դաշտում, հետևաբար որպես արոտավայր չեն ծառայում։ Մինչդեռ այս տարածաշրջանը առաջնահերթ անասնապահական գոտի էր։ Ի՞նչ, հեռանկարի առումով այն դադարո՞ւմ է այդպիսին լինել։ Հարց է առաջանում, ՊՀԿ-ն ի՞ր դիտարկումների արդյունքում է որոշել, որ այս տարածաշրջանում առավել նպատակահարմար է հատկաընդեղեն մշակաբույսերի շրջանացումը, թե՞ Կառավարության հետ քննարկումների։ Համենայն դեպս, Կառավարությունը պատերազմից հետո որևէ ուսումնասիրություն չի իրականացրել, որևէ ծրագիր չի ներկայացրել նոր ստեղծված իրավիճակում Սյունյաց աշխարհում գյուղատնտեսության զարգացման հեռանկարի առումով։ Չկա որևէ նման ծրագիր։ Մյուս կողմից էլ, ՊՀԿ-ի հաղորդագրությունում ոչինչ չի խոսվում ՀՀ կառավարության հետ քննարկումների արդյունքում եկած եզրակացության վերաբերյալ, միայն ինչ-որ ակնարկ կա, որ էկոնոմիկայի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանն այս ծրագրի իրականացման համար։ Ու ինչպես բոլոր առումներով, այստեղ ևս ստեղծվել է աբսուրդային իրավիճակ․ չգիտես՝ ուրախանա՞ս, որ Կառավարությունը մասնակից չի, այլապես, միևնույնն է, այդ մասնակցությունից լավ արդյունք չէր ստացվելու։ Այսպես կարող է մեջները նաև հայրենասեր մարդիկ լինեն ու փորձեն կազմակերպության այդ միջոցները առավելագույնս նպատակային ծառայեցնել Հայաստանին։ Մյուս կողմից՝ ստացվում է, քանի որ երկրում համարյա անտերություն է, ով որտեղ ինչ ուզենա՝ կանի։ Ախր մինչ այդ արածների դառը պտուղները ամեն օր ծամում ենք ու դեռ լրիվ չենք մարսել։ Հիմա ամեն ինչ նույնությամբ շարունակվում է, կարծես արդեն առանց իշխանությունների ակտիվ մասնակցության։

Անկախ ամեն ինչից՝ շնորհակալություն Պարենի կազմակերպությանը ոռոգման ջրագծերի անցկացման համար։ Հնարավորության դեպքում ցանկալի էր ամբողջ գումարը ներդնել հենց այդ գործին։ Դա կլինի ամենամեծ օգնությունն այս մարզին բոլոր առումներով ու այդ դեպքում կազմակերպության գործունեության ընդլայնումը ողջունելի կլինի։