Մնաք բարով, սիրելիներս
copy image url

Մնաք բարով, սիրելիներս

Մշակույթ Միտք 2 տարի առաջ - 21:59 21-07-2022
Ամերիկահայ նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկին 1926 թվականին սկսում է նկարել իր ամենակարևոր ու ամենանշանակալի գործը՝ «Նկարիչն ու իր մայրը» կտավը։ Այս նկարի վրա Գորկին աշխատում է տասը երկար տարիներ և ևս վեց տարի կատարելագործում ու մշակում է այն։ Ճակատագրական այս գործը յուրահատուկ է և՛ թեմայով, և՛ տեխնիկայով, և՛պատկերով։



Նկարը ստեղծվել է 1912 թվականին արված լուսանկարի հիման վրա, որը Գորկին բերել էր Հայաստանից ու իր մանկությունից։ Լուսանկարում նկարիչը կանգնած է մոր կողքին՝ պատուհանի առջև։ Գրեթե նույնությամբ լուսանկարից վերարտադրված այս պատկերում միայն մի շեղում կա․ նկարված չեն ո՛չ նկարչի, և ո՛չ էլ մոր ձեռքերը։ Առհասարակ իր մյուս դիմանկարներում նույնպես Գորկին չի պատկերել ձեռքեր։ Անցյալի ցավը, տանջանքները զգացած ու շոշափած մարմնի այս մասից համառորեն խուսափել է նկարիչը։

«Նկարչն ու իր մայրը» կտավը Գորկին ստեղծել է երկու տարբերակով, որոնցից մեկն այսօր ցուցադրվում է Նյու Յորքի «Ուիթնի», երկրորդը՝ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում։



Ո՛չ նախկինում, ո՛չ էլ հետո Արշիլ Գորկին չի կրկնել այն մեթոդը, ինչն այս կտավում է կիրառված։ Նկարը խիտ շերտավորված է։ Ներկի առաջին շերտից հետո Գորկին քերել է այն և ստացել միանգամայն հարթ մակերես, այնուհետև նորից է նկարել ուղտի շատ փափուկ մազից պատրաստված վրձնով։

Այս կտավը արվեստաբանները բնորոշել են տարբեր կերպ։ Նրանք նկարը գծի պարզության և սահունության առումով նմանեցրել են Էնգրի գործերին, կերպարների դիրքի առումով՝ եգիպտական​ ​թաղման արվեստի գեղագիտություն են նկատել այնտեղ, հարթ կոմպոզիցիայի առումով՝ Սեզանին է հիշեցրել, իսկ ձևով և գույնով նույնացրել են Պիկասոյի հետ։



Այս բնորոշումներից բնականաբար սրտնեղել է Գորկին, դա է վկայում քրոջը` Վարդուշին գրած նրա նամակը.

«Մայրիկի հայկական աչքերը նրանք անվանում են պիկասոյական, հայկական տխրությունը՝ բյուզանդական ու ռուսական: Եվ երբ ես ուղղում եմ նրանց ու ասում. «Ո՛չ, սիրելի պարոններ, դուք սխալվում եք, դրանք հայկական աչքեր են», ապա տարօրինակ ձևով վրաս են նայում ու ասում, որ դա պարզապես «փոքր ազգի շովինզմի» չափազանցություն է: Պատկերացնո՞ւմ ես: Եթե ուղղես նրանց, ապա կդատապարտեն քեզ: Մեր աչքերը: Մեր հայկական աչքերը ավելի շուտ են խոսում, քան շուրթերը կշարժվեն և դեռ շարունակում են խոսել, երբ շուրթերն արդեն դադարել են խոսել»:

Ի դեպ, երբ Գորկին ավարտել է իր այս գլուխգործոցը, քրոջը Վարդուշին ցույց է տվել նկարն ու ասել. «Վարդուշ ջան, ահա մայրիկը։ Ես քեզ մենակ եմ թողնում նրա հետ»։

Քույրը հետագայում հիշում է. «Ես այնքան ցնցված էի։ Մայրս ողջ էր ու սենյակում ինձ հետ էր։ Ես նրան ամեն ինչ պատմեցի և շարունակ լալիս էի ու լալիս»։



Գորկու «Նկարչն ու իր մայրը» կտավը դարձավ ջրբաժան նրա կյանքի ողբերգական երկու հատվածների միջև։ Ամփոփելով կյանքի առաջին` ցեղասպանվածի, հայրենազուրկի, ինքնահաստատման ու ինքնադրսևորման դժվարին փուլը, այս նկարով նա մտավ կյանքի երկրորդ ու կրկին ողբերգական ժամանակաշրջան։ Ստեղծագործական դժվարին ու բարդ ուղի, հրդեհված արվեստանոց ու մոխրացած կտավներ, քաղցկեղ, ավտովթար, կոտրված ողնաշար ու կաթվածահար ձեռքեր, ճգնաժամ ընտանեկան կյանքում ու ամուսնալուծություն և այս ամենի տրամաբանական ավարտը... ինքնասպանություն։

1948 թ. հուլիս 21-ին Արշիլ Գորկին 44 տարեկանում հեռացավ այս դաժան, բիրտ, անհանդուրժող աշխարհից՝ թողնելով կարճ մի գրառում. «Մնաք բարով, սիրելիներս»։
Նա հեռացավ միայնության մեջ՝ իր հոգևոր հայրենիքի կարոտը ու կորցրած դրախտի ողբերգությունը սրտում պահած։

Ամենից շատ դիտված

17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»