copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:00 20-07-2022

Մարդի՛կ, մեռնում է ձեր դերասանուհին, փրկեցե՛ք, խնդրում եմ, փրկեցե՛ք

1889թ. Պոլսում ծնված Արուսյակ Դարբասյանը, ամուսնանալով դերասան Հովսեփ Ոսկանյանի հետ, հայ թատրոնի պատմության մեջ հայտնվեց ու մնաց որպես Արուս Ոսկանյան։ Ապահով ընտանիքում ծնված, լավ կրթություն ստացած Արուսը, աշակերտելով բանաստեղծուհի Սիպիլին, ազդվելով նրա հայրենասիրական դրսևորումներից, հաստատ որոշել էր ուսուցչությամբ զբաղվել։ Սակայն հյուրախաղերով Պոլիս է գալիս Վահրամ Փափազյանը և իր երբեմնի դասընկերուհուն առաջարկում «Օթելլոյում» խաղալ Էմիլիայի դերը։ Արդեն նշանված Արուսը համարձակորեն արհամարհում է բոլոր դեմ կարծիքները և բեմ դուրս գալիս։ Այս դեպքից հետո փեսացուն հրաժարվում է Արուսից, սակայն դա նրան առանձնապես չի մտահոգում, քանի որ նա արդեն թատրոնի տեսքով գտել էր իր նոր սերը։



Այնուհետև Արուսը, ծանոթանալով դերասան Հովհաննես Աբելյանի հետ, միանում է Աբելյան-Արմենյան թատերախմբին ու մեկնում Կովկաս։ Ոսկանյանների ընտանիքը հաստատվում է Բաքվում։ Արուսի խաղացանկը համալրվում է հայ և համաշխարհային դրամատուրգիայի գլխավոր հերոսուհիների դերակատարումներով։ Ըստ ժամանակակիցների` նա «խնդություն էր սփռում» իր շուրջը, գեղեցիկ էր, հրապուրիչ, խելոք, զգայուն և անմնացորդ նվիրված էր ասպարեզին:



Արուս Ոսկանյանի հետ կապված մի հետաքրքիր հուշ ունի դերասան Գուրգեն Ջանիբեկյանը.

«Արուսը շարունակ դժգոհում էր իր մարմնական տվյալներից՝ համարելով, որ համաչափ չեն դրանք․ կուրծքը մեծ է, ոտքերի բթամատերը՝ ոսկրացած, պարանոցի մաշկը՝ ակոսված: Մարմնական արատներ նրա մոտ մենք չէինք նկատում, իսկ ինքը հայտնում էր ի լուր ամենքի, որ պատրաստվում է գնալ լուրջ վիրահատման: Եվ, իրոք, հյուրախաղերի մեկնելու պատրվակով մեզանից թաքուն պառկեց հիվանդանոցում: Որոշ ժամանակ անց երևաց թատրոնում, ուրախ ու զվարթ ողջագուրվեց բոլորիս ու բացականչեց:

- Օլա-լա... Տեսեք,- բալետային մի պտույտ կատարեց,-հիմա ինչպիսի՞ն եմ...

Մեր առջև կանգնած էր կուսական կրծքով մի դիցուհի:

Զարմացած նայեցինք նրան.

- Այդ ի՞նչ ես արել, Արո՛ւս...

- Այ, ոտքերս էլ տեսեք...

Այլևս այն դուրս ցցված ոսկորները չկային:

- Սղոցել տվի...,- բացատրեց նա:

Այնպես ասաց այդ մասին, կարծես ոսկրի փոխարեն փայտ էր տվել սղոցելու:



Այդպիսին էր Արուսը: Հանուն բեմի և իր արվեստի՝ նա կարող էր ինչի ասես գնալ: Միաժամանակ և պարզ, անկեղծ, խոցելիության աստիճան անօգնական ու դյուրահավատ մարդ էր կյանքում»:

1943 թվականին Արուս Ոսկանյանը հիվանդանում է որովայնային տիֆով։

«Շատերը գիտեին, որ Արուս Ոսկանյանը հիվանդ է, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, թե հիվանդությունը կարող է նրան այս աշխարհից տանել։ Դրա մասին չէին մտածում նաև այն ժամանակ, երբ քաղաքում լուր տարածվեց, թե նրան սխալ են բուժել, չեն իմացել, որ նրան բծավոր տիֆն է գամել անկողնուն, իսկ բուժել են այլ չունեցած հիվանդությունից։ Երբ պարզվեց դա, բժիշկները շտապեցին ուղղել իրենց սխալը։ Բոլորը կարծում էին, թե նա դեռ երիտասարդ է և ուժ կունենա դիմադրելու»,- հիշում է թատերագետ Ռուբեն Զարյանը։

Նրա մտերմուհին` Արուս Մանասյանը, որ խնամել էր իր անվանակցին հիվանդանոցում, պատմել էր, թե դերասանուհին, բարձր ջերմություն ունենալով, մի երկու անգամ իրեն լուսամուտից դուրս նետելու փորձ է արել։ Ըստ ընկերուհու հուշերի՝ Արուսը հալուցինացիայի մեջ մոտեցել էր լուսամուտին և բղավել.
-Մարդի՛կ, մեռնում է ձեր դերասանուհին, փրկեցե՛ք, խնդրում եմ, փրկեցե՛ք...

«Մարդիկ, թատրոնի ու նրա երկրպագուն լինելով, չէին մտածում, թե իրենց սիրելի դերասանուհու համար մահ կա, որ նա այս աշխարհից կարող է գնալ իրենցից շուտ։ Կարծում էին, ո՛չ, հավատացած էին, թե նա եղել է ու պիտի լինի, զարդարել է իրենց կյանքը, զարդարելու է իրենց որդիների ու թոռների կյանքը նույնպես։ Տարօրինակ է, բայց այդպես է, մարդիկ, իսկապես, չէին կարծում, թե նա տարիք է առնելու։ Բոլորին այնպես էր թվում է, թե նա գարուն է, եկել է մարտին, բայց չի գնալու մայիսի հետ և միշտ խաղալու է Ռաուտենդըլայն...», - իր հուշերում գրում է Ռ. Զարյանը։

1943 թ. հուլիսի 20-ին մահացավ իր երկրպագուների կյանքը և հայ բեմը զարդարած Արուս Ոսկանյանը։ Նրա մասին դեռևս 1923-ինԵղիշե Չարենցը գրել էր. «Արուս Ոսկանյանը ոչ միայն մեր` նաիրյան բեմի, այլև մեր ողջ դարաշրջանի մեծագույն դերասանուհին է»։