Երևան +18°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:36 19-07-2022

Այս տարի հատկացվել էր 1500 տեղ, դիմել են 756 տեղի համար, որոնցից ընդունվել են 476-ը. թափուր են նաև անվճար տեղերը

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Երեկ հրապարակվեցին այս տարի բուհեր ընդունված ուսանողների անունները։ Այս տարի, նախորդ տարվա հետ համեմատած, դիմորդների թիվը կրկին նվազել էր։

Երևանի պետական համալսարանից Օragir.news-ին հայտնեցին, որ այս տարի ԵՊՀ-ում դիմորդները եղել են 2923-ը, որոնցից ընդունվել են 2134-ը։ Հիմնականում դիմել են իրավագիտություն, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, հոգեբանություն մասնագիտություններով, տարիներ շարունակ այդ մի քանի կրթական ծրագրերն են ամենապահանջվածները։

«Հոգեբանության ֆակուլտետում այս տարի, նախորդ տարիների համեմատ, բավական մեծ թվով դիմորդներ ենք ունեցել։ Հոգեբանության ֆակուլտետը նախորդ տարիներին էլ թափուր տեղեր չի ունեցել, սակայն այս տարի ավելի շատ են դիմել։ Իրավագիտության ֆակուլտետում ունեցել ենք 140 տեղ, դիմորդների թիվը 300-ից ավել է եղել, մեկ տեղի համար պայքարել են մոտ 3 հոգի։ Իրավագիտության ֆակուլտետում վճարովի համակարգի ներքին շեմը եղել է 36,25-ը, անվճար ընդունվել են 40 միավորով երկու առարկայի պարագայում, այսինքն՝ երկու 20-ով»,- մեզ հայտնեցին ԵՊՀ-ից։

Իսկ մեր այն դիտարկմանը, թե ճիշտ ենք հասկանում, որ նախորդ տարիների համեմատ՝ ցուցանիշները զիջում են, աշխատակիցն ասաց. «Իհարկե, անցած տարի 37,75 է անցողիկ շեն էղել Իրավագիտության ֆակուլտետում։ Դիմորդների թիվը ընդհանուր առմամբ նվազել է։ Անցած տարի մենք ունեցել ենք 3075 դիմորդ, այս տարի՝ 2923 դիմորդ»։

Հարցին, թե որ ֆակուլտետներում են թափուր տեղեր մնացել, մեզ պատասխանեցին. «30-ից ավելի կրթական ծրագրեր են, բոլորը թվարկել ժամանակի առումով ճիշտ էլ չի․ և՛ բնագիտական, և հումանաիտար բոլոր թևերում էլ թափուր տեղեր կան»։

Անդրադառնալով թափուր տեղերի լրացմանը՝ մեզ հետ զրույցում ասացին. «Հիմանական փուլի մրցույթը ավարտվեց երեկ, հրապարակվեցին ցուցակները, և ըստ կարգի՝ մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 18։00-ը, այն դիմորդները, ովքեր դրական միավոր են ստացել, բայց հիմնական մրցույթից դուրս են մնացել, կարող են դիմել կրթական ծրագիր տարբեր բուհերից կամ մեկ բուհից, կարող են լրացնել հայտը և մասնակցել թափուրի մրցույթներին, որտեղ որ թափուր է մնացել և իրենց հանձնած քննությունները համապատասխանում են այդ մասնագիտությանը։ Բայց միայն դրական միավորներով մրցույթից դուրս մնացածները, այսինքն՝ որևէ տեղ ընդունված, կամ որևէ քննությունից կտրվածը չի կարող մասնակցել քննությանը»։

Oragir.news-ը այս թեմայի շուրջ տեղեկություն ստանալու համար կապ հաստատեց նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ, որտեղից, պատասխանելով մեր հարցերին, թե քանի դիմորդ են ունեցել այս տարի, քանիսն են ընդունվել և որ մասնագիտություններին են առաջնահերթություն տրվել, ասացին. «Դիմորդների քանակը 1304 է եղել, ընդունվողների քանակը՝ առաջին-երկրորդ փուլերի արդյունքում 795, ունենք թափուր տեղեր, մոտ 157 դիմորդ մենք ունենք, ովքեր դրական գնահատական են ստացել երկու քննությունից, բայց մրցույթի պատճառով չեն ընդունվել, իրենց սպասում ենք այդ թափուր տեղերի լրացման փուլին։ Առավել մրցույթային են եղել IT ճյուղը, մենք IT ճյուղում ունենք 6 կրթական ծրագիր և ունենք նաև Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ Անվճար թափուր տեղեր ոչ այդքան շատ են մնացել, բայց վճարովի թափուր տեղեր մնացել են՝ թե՛ ինժեներական մասնագիտություններում, թե՛ տնտեսագիտություն-կառավարում ուղղություններով և թե՛ էներգետիկայի, լեռնամետալուգիայի բլոգում»։

Իսկ մեր այն հարցին, թե ամենաշատ դիմորդները որ ֆակուլտետում են գրանցվել, և մեկ տեղի համար քանի հոգի է պայքարել, համալսարանից հայտնեցին. «Ամենամեծ մրցույթը մեկ տեղի համար երկուս և ավելի է եղել»։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանից էլ 0ragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով այս տարի բուհի դիմողների թվին, ասացին. «Ամենաշատը ընդունվել են թարգմանչական գործ կորեերեն, չինարեն, անգլերեն և հասարակայնության հետ կապեր, նաև սերվիզ և զբոսաշրջություն մասնագիտություններով։ Ընդհանուր ունեցել ենք 1216 դիմորդ, ընդունվել են 1021-ը, դեռ թափուր տեղեր էլ կան, չենք կարող հստակ ասել։ ԳԹԿ-ն անցկացնելու է երկրորդ փուլ, այսօրվանից սկսվել է թափուր տեղերի մրցույթը»։

Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից էլ, որը նույնպես տարիներ շարունակ չի զիջել դիմորդների թվով, Օragir.news-ի հետ զրույցում հայտնեցին. «Մենք ունենք շուրջ 756 դիմորդ, այս մրցույթի արդյունքներից հետո ընդունվել է 476-ը, հիմա ունենք թափուր տեղերի համար հայտարարված մրցույթ։ Ինչպես բոլոր համալսարաններում, մեզ մոտ էլ այդտեղից ավելանում է ուսանողների թիվը»։

Անդրադառնալով նրան, թե կոնկրետ որ մասնագիտություններն են առավել պահանջված համալսարանում, և որ բաժիններում են դիմորդները շատ, համալսարանից մեզ ասացին. «Հիմնականում երեք մասնագիտություններ կան, որ առաջնահերթություն են ունեցել․ դրանք են տարրական մանկավարժություն և մեթոդիկան, այս գծով համալսարանը մոնոպոլիա է ստեղծել, միայն մեր համալսարանում է այս մասնագիտությունը, ինչպես նաև հոգեբանությունը և պարարվեստը։ Սրանք այն մասնագիտությունների եռյակն են, որոնք ինչպես ամեն տարի, այս տարի ևս առաջնահերթություն են ունեցել»։

Իսկ մեր այն հարցին, թե որ ֆակուլտետներում են հիմնականում թափուր տեղեր մնացել պատասխանեցին. «Ինչպես ամբողջ հանրապետությունում մյուս բուհերում, մեզ մոտ էլ ֆիզիկա, քիմիա, մաթեմաթիկա և դրանց հետ կապված այլ մասնագիտություններում, բնագիտամաթեմատիկական գիտությունների գծով թափուր տեղեր ունենք, այդ թվում՝ նաև անվճար»։
Հարցին, թե հիմնականում, որ մասնագիտությունների պարագայում են անվճար տեղերը թափուր, պատասխանեցին․ «Մի քանի ֆակուլտետներ ունենք․ դրանք են՝ հատուկ կրթության ոլորտից օլիգոֆրենոմանկավարժություն, գրադարանային տեղեկատվական աղբյուրներ, իսպաներեն լեզու և գրականություն, քիմիա, կենսաբանություն, մաթեմաթիկա, ինֆորմատիկա, դրանք ևս անվճար համակարգերում թափուր են մնացել։ Ընդհանուր առմամբ՝ կարծես թե 1400-1500 տեղ է հատկացված և՛ վճարովի, և՛ անվճար համակարգերը միասին, բայց դիմել են 756-ը, որոնցից ընդունվել են 476-ը»,- Օragir.news-ին հայտնեցին Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի լրատվության բաժնից։

Ամենից շատ դիտված