Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը կբերի տուրիզմի զարգացմանը։ Oragir.news-ը կապ հաստատեց ՀՀ-ում գործող տարբեր տուրիստական կազմակերպությունների հետ՝ հարցնելով, թե արդյոք ՀՀ-ում կառուցվող արձանը տուրիստների հոսք կապահովի, կա՞ն ՀՀ-ից քաղաքացիներ, ովքեր գնում են տեսնելու այլ երկրներում Քրիստոսի արձանը։
One way tour տուրիստական կազմակերպությունից մեզ ասացին, որ աշխատում են ոչ միայն զբոսաշրջիների, այլև տեղացիների հետ ևս, տեղացիների կողմից նման կարծիքներ չեն հնչել։ «Եղել են, բայց քիչ հավանականությամբ»։
Rich tour տուրիստական կազմակերպությունից ասացին. «Արտագնա տուրերից մեզ մոտ միայն Հուրգադա և Շարմ Էլ շեյխ է, բայց չեմ կարծում, որ հետաքրքրվողներ կլինեն, այսինքն՝ կլինեն, բայց մեծամասնությունը՝ չէ, առավել ևս Հատիսի գագաթին, իհսրկե, կան ավելի լավերը։ Ցանկացողներ, իհարկե, կլինեն, որ գնան, տեսնեն այլ երկրներում Քրիստոսի արձանը»։
Miracle tour տուրիստական կազմակերպությունը մեզ հետ զրույցում ասաց. «Իրականում այդպիսի դեպք չի եղել։ Դե Բրազիլիան, բնականաբար, ասել են, որ գնանք, կգնանք, կտեսնենք Քրիստոսի արձանը, ինձ թվում է՝ եթե հայերը գնում են, որ Քրիստոսի արձանը տեսնեն դրսում։ Եթե այստեղ լինի, ապա դրսից հաստատ շատ զբոսաշրջիկներ կգան Հայաստան, որովհետև իրենց համար շատ հետաքրքիր կլինի ու մանավանդ, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, դա նույնպես իրենց համար լավ կլինի, որ տեսնեն Քրիստոսի արձանը»։
Oragir.news-ն առանձնացրել է Հիսուս Քրստոսի ամենաբարձր 19 արձաններն աշխարհում։
1․ «Քրիստոս թագավորը»․ բարձրությունը՝ 20․5 մ, գտնվում է Մեքսիկայի աշխարհագրական կենտրոնում՝ Սեր-օ դել-Կոբիլետե լեռան վրա։ Այն պատմականորեն շատ կարևոր կրոնական սրբավայր է։ Հուշարձանի կառուցումն ավարտվել է 1944 թվականին։

2․ «Քրստոս Օթերո»․ խոշոր քանդակ է, գտնվում է Իսպանիայում, բարձրությունը 21 մետր է։ Արձանը գտնվում է Իսպանիայի Պալենսիա քաղաքի ծայրամասում, կառուցվել է 1931 թվականին։ Քանդակագործը Վիկտորիո Մաչոն է, որ թաղված է արձանի ոտքերի տակ։

3․ «Քրիստոսը Մարաթեայի փրկագինն է»․ գտնվում է Իտալիայում, բարձրությունը 21,2 մետր է, կառուցվել է 1960-1965 թվականներին՝ սպիտակ և կապտամոխրագույն մարմարներից։

4․ «Քրիստոս դե լաս Նոաս»․ տեղադրվել է Մեքսիկայում, բարձրությունը 21,8 մետր է, կառուցվել է 1973-2000 թվականներին, ստացել է այն բլրի անվանումը, որի վրա կառուցվել է։ Արձանի կառուցումը սկսվել է 1973 -2000 թվականներին։ Նրա ոտքերի տակ գործում է Տորեոն քաղաքի բնակիչների համար ամենահայտնի ռեստորանը։

5․ «Խաղաղ օվկիանոսի Քրիստոսը»․ գտնվում է Պերուում, 22 մետր է, կառուցվել է 2011 թվականին։ Պերուի նախագահը՝ նախագահական ընտրություններում պարտված Ալբերտո Ֆուհիմորին, որպես հրաժեշտի նշան՝ որոշեց իր վերջին նվերը նվիրել Պերուի բնակիչներին։

6․ «Քրիստոսը՝ սուրբ սրտով»․ գտնվում է Մեքսիկայում, բարձրությունը 23 մետր է, պատրաստված է պողպատից։

7․ «Քրիստոսը՝ կոտրված»․ կառուցվել է Մեքսիկայում, բարձրությունը 25 մետր է, ամեն տարի ներգրավում է հազարավոր ուխտավորների։ Այնտեղ այցելելու միակ ճանապարհը ջրային ճանապարն է։

8․ «Քրիստոսը՝ Լես-Հոչիսի թագավոր»․ գտնվում է Ֆրանսիայում, բարձրությունը 25 մետր է, կառուցվել է 1934 թվականին։

9․ «Հիսուսի ողորմածությունը կամ գթասրտության Քրիստոս»․ գտնվում է Նիկարագուայում, բարձրությունը 26 մետր է, Կենտրոնական Ամերիկայում Քրիստոսի ամենամեծ արձանն է։

10․ «Քրիստոս թագավոր»․ գտնվում է Կոլումբիայում, բարձրությունը 26 մետր է, կառուցվել է 1935 թվականին։

11․ «Դիլիի Քրիստոս թագավորը»․ Արևելյան Թիմորում է, կառուցվել է 1996 թվականին, բարձրությունը 27 մետր է։

12․ «Քրիստոս թագավորը»․ Պորտուգալիայում է․ բարձրությունը 28 մետր է, կառուցվել է 1940-1959 թվականներին։

13․ «Հարությալ Քրիստոսը»․ կառուցվել է Մեքսիկայում, բարձրությունը 30 մետր է, կառուցվել է 1970 թվականին։

14․ «Քրիստոսի օրհնությունը»․ կառուցվել է Ինդոնեզիայում, բարձրությունը 30 մետր է, արձանը թեքված է դեպի քաղաք 20 աստիճան և կարծես օրհնում է բնակիչներին, շինարարությունը տևել է 3 տարի և ավարտվել է 2007 թվականին։

15․ «Հիսուս Ամենափրկիչը»․ գտնվում է Բրազիլիայում, բարձրությունը 30,1 մետր է, Հիսուսի ամենահայտնի արձանն է Բրազիլիայում, կառուցվել է 1926-1931 թվականներին։

16․ «Քրիստոս Վունգթաու»․ կառուցվել է Վիետնամում, բարձրությունը 32 մետր է, 1974-1993 թվականներին է կառուցվել, արձանն ունի մետաղական լուսապսակ։

17․ «Քրիստոս թագավոր», գտնվում է Լեհաստանում, կառուցվել է 2010 թվականին, բարձրությունը 33 մետր է։

18․ «Քրիստոս դե Լա Պաս»․ գտնվում է Բոլիվիայում, բարձրությունը 34,2 մետր է, կառուցվել է 1987-1994 թվականներին, նրան հասնելու համար կամ պետք է նստել ճոպանուղի կամ էլ ոտքով բարձրանալ 2000 աստիճան։

19․ «Քրիստոս՝ Լոս Ալամոսի թագավորը»․ Մեքսիկա, բարձրությունը 23,3 մետր է: Այն Քրիստոսի միակ մոնումենտալ պատկերն է, որը կառուցված է խեժով ու ապակե մանրաթելերով։