Երևան +20°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:13 12-07-2022

Ինչ տարբերություն՝ Հատիսի գագաթին Ծառուկյանի՞ արձանը կլինի, թե՞ Հիսուս Քրիստոսի

Մի քանի օր է՝ հանրային տրամադրությունները ալեկոծվել են, պատճառը Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնեմունտալ արձանի տեղադրումն է, որի շինարարական աշխատանքները մեկնարկել են։ Ու թեև Հիսուսի արձանն ու համալիրը ամբողջությամբ պատրաստ կլինեն 3 տարուց, բայց մեզանում այնքան բուռն են քննարկում այս հարցը, որ թվում է, թե այս «մեգա-Հիսուս» արձանի տեղադրել-չտեղադրելուց է կախված Հայաստանի վաղվա օրը։ Այս բուռն արձագանքների մակարդակով մեկ անգամ ևս ապացուցվում է, որ մենք այդպես էլ չկարողացանք առաջնայինը երկրորդայինից զատել, ինչպես ենք շարունակ տարվում եւ զբաղվում անկարեւոր հարցերով։

Հիմա Գագիկ Ծառուկյանը որոշել է 33 մետրանոց արձանը տեղադրել 44 մետրանոց պատվանդանի վրա, ճոպանուղի, թանգարան կառուցել, զարգացնել զբոսաշրջությունը, Հայաստանը աշխարհին ներկայանալու․ հպարտանալու ևս մեկ կոթող կունենա։ Ազնի՞վ են ԲՀԿ ղեկավարի մղումները․ վստահաբար, նա հավատացած է, որ արժեքավոր, պատմական նախագիծ է իրականացնում, այլ հարց է՝ իսկապե՞ս դրանով ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, թե՞ առաջնահերթ բիզնես շահերն են կամ պատմության մեջ մնալու մոլուցքը։ Ինչևէ, ինչ պատճառահետևանքներ էլ որ լինեն Ծառուկյանի նախագծի հիմքում, այս պահին էական չեն, մասնագետները կարող են տարբեր փաստարկներ բերել նույն զբոսաշրջության մասով, բայց արդեն պարզ է՝ Ծառուկյանը անդրդվելի է, գուցե իսկապես այս արձանի տեղադրումը զբոսաշրջային բում առաջացնի, և պարզվի՝ Ծառուկյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Վերջիվերջո, որեւէ բան անելը ավելի լավ է, քան ոչինչ չանելը։

Քննադատության երկրորդ ալիքը, թե Ծառուկյանը քրիստոնեական կյանքով չի ապրել, բազմաթիվ մեղքեր է գործել, ինչ հավատքի մասին է խոսքը։ Քավ լիցի, բայց ո՞վ է որոշողը մեղավոր, անմեղի, մարդը ցանկացել է, կառուցում է, վերջիվերջո նաեւ բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել, վերականգնել, և որրէ մեկը չի ասել՝ շարքային մեղսագործ, դուրս արի Աստծո տաճարից։

Քննադատության երրորդ թիրախը՝ արձանի փոխարեն թող գործարան բացեր, անվճար տրանսպորտ մտցներ, հիվանդանոց սարքեր եւ այլն։ Ժողովո՜ւրդ, մարդը ինքն է որոշում ինչպես տնօրինել իր գումարը, հիմա կողքից եթե ձեզ ասեն՝ տարեդարձդ, հարսանիքդ մի նշիր, գումարը նվիրաբերիր ծերանոցին, մանկատանը, չե՞ք ասի՝ իսկ դու ով ես․․․

Քննադատության չորրորդ պատճառը մտահոգություններն են Հատիս լեռան էկոհամակարգի, պատմահնագիտական արժեքի աղճատման առումով։ Այս մասով թեև այլ սարերի համար շապիկ պատռող բնապահպանները լուռ են, բայց որոշ մասնագետներ մտահոգություններ ներկայացնում են։ Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ տնտեսության զարգացումը, որևէ բանի կառուցումը, ցավոք, կարող են լինել պատմության, մշակույթի, բնապահպանության հաշվին։ Սա ամենալուրջ մտահոգությունն է, և Ծառուկյանը ամեն ինչ պետք է անի պատմահնագիտական, բնապահպանական ռիսկեր չստեղծելու համար։

Քննադատության հինգերորդ պատճառը եկեղեցու դեմ դիրքորոշումն է առ այն, որ Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ հայ առաքելական եկեղեցու դարավոր պաշտամունքային ավանդույթին։ Իհարկե, լավ կլիներ մինչեւ նախագծի մեկնարկը այն համաձայնեցնել եկեղեցու հետ, այլապես հիմա ստացվում է, որ մեր եկեղեցին այնքան տեղ եւ դեր չունի մեր կյանքում, որ «մեգա-Հիսուս» արձան է տեղադրվում՝ իր դեմ լինելով հանդերձ։ Սա այս իշխանության՝ Հայ առաքելական եկեղեցուն «նվաստացնելու» հերթական օպերացիան է, պարզապես Ծառուկյանը, լավ տիրապետելով մեր իշխանությունների հակաեկեղեցական տրամադրություններին, չպետք է թույլ տար եւ ակամայից հայտնվեր եկեղեցու դիրքորոշումը չհարգողների շարքում։

Եւ ամենակարեւոր հարցը՝ ինչպես կարող է մի արձանի տեղադրումը այսքան շատ քննարկվել եւ քննադատվել, քան Արցախի ճակատագիրը, կապիտուլյացիոն փաստաթղթերը, դելիմիտացիան եւ դեմարկացիան, հայոց լեզվի, հայկականության մերժումը, տնտեսության քայքայումը, օրենսդրության բռնաբարումը, այսինքն՝ հարցեր, որոնք օրհասական են դարձնում մեր գոյությունը եւ կեցությունը աշխարհի քարտեզի վրա։ Իսկ եթե մեր՝ իբրև պետության գոյությունն է վտանգված, ի՞նչ տարբերություն՝ Հատիսի գագաթին Ծառուկյանի՞ արձանը կլինի, թե՞ Հիսուս Քրիստոսի․․․

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։ 
23:13 Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի

Ձեզ գուցե հետաքրքրի