Երևան +12°
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:57 18-07-2022

Հայաստանի շահը զրոյական մակարդակում է․ հույսով լի հայացքով նայում ենք այլոց քայլերին․ թուրքագետը՝ Էրդողանի՝ Իրան այցի և Պուտինի հետ հանդիպման մասին

Տարածաշրջանային խնդիրները արդեն տևական ժամանակ է՝ իրար շաղկապված են, ցավոք, Արցախյան խնդիրը նույնպես դարձել է այդ մեծ խաղի մի բաղկացուցիչ մաս, հետևաբար, Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ անմիջականորեն վերաբերում է նաև Արցախյան հարցին։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Էրդողանի այցին Իրան և Պուտինի հետ հանդիպմանը։

«Այսինքն՝ եթե նման հանդիպումներում որևէ հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվում, դա ուղիղ վերաբերում է նաև Արցախյան հարցին, ուստի այդ հանդիպումները հավասարաչափ կարևորություն ունեն նաև մեզ համար», - ասաց Մելքոնյանը։

Նա ընդգծեց, որ Էրդողանի բավական ակտիվ հանդիպումները տարածաշրջանում ուղղակիորեն վերաբերում են մեր շահերին, որոնք կարող են արագ ստորադասվել, որովհետև Հայաստանը չունի որևէ ռեսուրս, Հայաստանի իշխանությունները չունեն բավական հնարավորություն՝ հայկական շահը տվյալ իրավիճակում առաջ տանելու համար։

Հարցին, թե որքանով նման ակտիվ հանդիպումները կարող են հանգեցել Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումների փոփոխության Հայաստանի սահմանների անձեռնմխելիության և Սյունիքի միջանցքի վերաբերյալ, թուրքագետն ասաց, որ այս հարցը կարելի է դիտարկել 2 տեսակյունից։

«Նախ այդ առնչությամբ Իրանի դիրքրոշումը նոր չէ, որովհետև տարածաշրջանի և իր հարևան երկրների սահմանների փոփոխությունը իր համար անընդունելի է, նման հայտարարություններ եղել են նաև նախորդող տարիներին։ Ուստի սրա մեջ միայն հայկական կամ Մեղրիի խնդիր տեսնել պետք չէ։ Երկրորդն այն է, որ որևէ 3-րդ երկիր, լինի Ռուսաստանը, Իրանը կամ այլ երկիր, չի կարող մեր շահերը պաշտպանել այնպես, ինչպես մենք կարող ենք պաշտպանել՝ ելնելով մեր նկատառումներից։

Երրորդ երկրների՝ Իրանի և ՌԴ-ի շահերը այս պահին կարող են համընկնել մեր շահերի հետ, այս դեպքում ՌԴ-ի և Իրանի շահերը և կարմիր գծերը համընկնում են։ Սակայն եթե այս պահին ՌԴ-ի կամ Իրանի շահերը համընկնում են մեր շահերի հետ, ձեռնտու կամ շահեկան են մեզ համար, դա չի նշանակում, որ դա այդպես կմնա հավերժ։ կարող է իրավիճակը շատ արագ փոխվել։ Օրինակ՝ մեկ այլ տարածաշրջանում նրանք կարող են զիջումներ ստանալ, և դրա արդյունքում տուժեն մեր շահերը։

Այսինքն՝ հայկական ճիշտ դիվանագիտոթյունը, որ կար մինչև 2018 թ․-ը, համադրում էր պետական շահերը ստեղծված տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, իսկ հիմա Հայաստանի սեփական շահերը և գործելաոճը իջեցված են զրոյական մակարդակի, և մենք ուղղակի հույսով լի հայացքով նայում ենք այլոց քայլերին՝ փորձելով տեսնել, թե մեզ համար այդ ամենից որևէ փշրանք կլինի՞, թե՞ ոչ։ Չնայած դրան՝ չեմ կարծում, որ արմատական փոփոխություններ մոտ ապագայում կլինեն Իրանի և ՌԴ-ի դիրքորոշումներում, Սյունիքի միջանցքի և սահմանների անձեռնմխելության վերաբերյալ տեսակետներում։

Ավելի քան ակնհայտ է՝ Իրանի քաղաքականությունը հիմնված է խորքային և տրադիցիոն շահերի վրա, որոնք տասնամյակներով, անգամ դարերով չեն փոխվել։ Նման շատ արագ փոփոխություն ակնկալել չի կարելի, ուղղակի մենք՝ որպես հայեր և ՀՀ քաղաքացիներ, ցավով պետք է արձանագրենք, որ այդ ամբողջ մեծ խաղում մենք ոչ միայն դիտորդներ չենք, ոչ միայն գործոն կամ մասնակից չենք, այլև անգամ դիտորդ էլ չենք, սա Հայաստան պետության համար ամենաողբերգական երևույթն է, որ կարող է լինել։

Մեր դերակատարումը զրոյական է արտաքին քաղաքականության մեջ և մեզ մնում է միայն նայել, այլոց գործողություններին», - եզրափակեց Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված