Երևան +17°
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 20:01 16-07-2022

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված եւս երեք հայամետ լրացում

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը տեղեկացրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված եւս երեք հայամետ լրացում: Այս մասին հայտնում է hraparak.am-ը։

• Լրացումներից մեկի համաձայն, որը կոչվում է «թիվ 611 լրացում», Ադրբեջանի կառավարությանը կոչ է արվում՝ անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Լրացման հեղինակն ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն է:

• Մյուս լրացման հեղինակը Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերինն է։ Այդ լրացումով կոչ է արվում ԱՄՆ պետդեպին՝ ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Զեկույցում պահանջվում է, որ պետդեպարտամենտը ներկայացնի տեղեկություն առ այն, թե արդյոք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի՞ վնասել Արցախում խաղաղության գործընթացին, ինչպես նաեւ տրվի գնահատական 2020 թվականի նոյեմբերի հրադադարից մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակողական ուժի կիրառման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքի ոտնահարման վերաբերյալ:

• Երրորդ լրացումը հեղինակել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Քրիս Պապասը ու Գուս Բիլիրակիսը։ Այս լրացմամբ կոչ է արվում՝ սահմանափակել ամերիկյան ռազմական F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային:

Համաձայն նույն տեղեկատվության, հուլիսի 13-ին էլ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված 121-րդ լրացումը, որով պահանջվում է ներկայացնել զեկույց Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: 121-րդ լրացումը մասնավորապես պետդեպարտամենտից եւ պաշտպանական դեպարտամենտից պահանջում է ներկայացնել զեկույց, որում մանրամասն նկարագրված կլինի, թե արդյոք Հայաստանի եւ Արցախի դեմ 2020 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում օգտագործվա՞ծ են եղել ամերիկյան արտադրության մասեր: Բացի այդ, զեկույցում պետք է ներկայացվեն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սպիտակ ֆոսֆորի, կլաստերային ռումբերի ու այլ արգելված զինատեսակների կիրառման, պատերազմում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ վարձկանների ներգրավման մասին տեղեկություններ: Եթե ի մի բերենք այս ամենը, ապա կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները միանգամից մի քանի ուղղությամբ լուրջ քայլեր են կատարում։

• Նախ, ի սկզբանե նկատենք, որ այս ամենը, որքան էլ հայամետ է բովանդակությամբ ու բնույթով, սակայն առաջին հերթին ամերիկյան շահերի սպասարկմանն է միտված։

• Երկրորդ․ արձանագրենք, որ ամերիկյան կողմը սկսում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասի գործընթացներում եւ ըստ այդմ էլ ցույց է տալիս, որ ավելի խորամուխ է լինում կոնկրետ հայ-ադրբեջանական-ղարաբաղյան թեմատիկայի մեջ։

• Երրորդ․ Միացյալ Նահանգների կողմից այս ամենը կարելի է համարել որպես նախազգուշական կրակոցներ՝ արված Բաքվի ուղղությամբ։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները հավելյալ լծակներ է ստեղծում Ադրբեջանի վրա հարկ եղած դեպքում ճնշումներ գործադրելու համար։

• Այս ամենը նաեւ որոշակիորեն կկաշկանդի Ադրբեջանին, եւ Բաքուն կհասկանա, որ, ի դեմս աշխարհի թիվ մեկ գերտերության, առկա է որոշակի ուշադրություն տարածաշրջանային հարցերի նկատմամբ։ Իսկ ԱՄՆ հայ համայնքը Ռուսաստանի հայ համայնքը չէ, որ ամեն ինչում հլու-հնազանդ լինի իշխանություններին եւ նույնիսկ ազգային շահերը շրջանցի՝ հանուն իշխանահաճ հպատակության։

• Ամերիկայի հայ համայնքը եւ ամերիկահայոց լոբբին ազդեցիկ գործոն են ամերիկյան քաղաքական երկնակամարում, որի հետ հաշվի են նստում թե՛ դեմոկրատները եւ թե՛ հանրապետականները։

• Եվ, ի վերջո, չմոռանանք, որ մի քանի ամսից ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, եւ Կոնգրեսում իշխող Դեմոկրատների կուսակցությունը խնդիր ունի մեծամասնությունը պահելու։ Դրա համար ամեն մի քվեն այս պահին կարեւոր է, իսկ այս լրացումները որոշակիորեն դրական ժեստեր են՝ ուղղված Ամերիկայի հայկական կառույցներին՝ հայ համայնքի քվեն ստանալու ակնկալիքով։

Ձեզ գուցե հետաքրքրի