Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:47 15-07-2022

Այո՛, Հայաստանն արդեն սանկցիաների տակ է, քանի գնաց, իրավիճակը լրջանալու է, արագ լուծումներ է պետք գտնել․ Գագիկ Մակարյան

Օragir.news-ն այսօր տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանը մասամբ հայտնվել է հակառուսական սանկցիաների տակ, և որ դոլարային խոշոր փոխանցումները սահմանափակվում են։

Օragir.news-ի հետ զրույցում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը հասաստեց մեր տեղեկությունները՝ ընդգծելով, որ տարբեր երկրների դեսպաննությունների, տարբեր երկրների քաղաքական շահերը բերել են նրան, որ միջամտություն է կատարվում Հայաստանի տնտեսությանը։

«Հայաստանյան բանկերը շատ փոքր են ու մեծ կոմունիկացիաներ չունեն փոխանցումների առումով, բանկերի մի մասն էլ օտար կապիտալով է գործում։ Մեկը, օրինակ, անգլիական բանկ է, մեկ ուրիշը շվեյցարական բանկ է, երրորդը ֆրանսիական կապիտալ ունի, հինգերորդը իրանական բանկ է։

Մենք ունենք իրավիճակ, որ խոշոր բանկերն իրականում միանգամայն ինքնուրույն չեն և ամբողջությամբ հայկական չեն՝ իրենց հիմնադիրներով ու ծագումնաբանությամբ։ Դա էլ իր հերթին առաջացնում է որոշակի հեզ ու հնազանդ ինչ-որ պահանջներ կատարելու կոնցեպտ։ ԿԲ-ն էլ փորձում է խուսափել ավելորդ պատմություններից», - ասաց նա։

Մակարյանի դիտարկմամբ՝ այսօր բանկային փոխանցումները վերահսկվում են, փոխանցումների ընթացքում գործարարները հանդիպում են որոշակի խնդիրների, որոնք պայմանավորված են բանակային համակարգի զգուշավորությամբ և բանկային համակարգի առաջացրած քաշքշուկներով։ «Դրանք ավելի շատ պայմանավորված են ոչ թե գործարարների հեղինակությամբ կամ գործարքներով, այլ բանկային համակարգը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հայտնվել է ավելի զգուշավոր իրավիճակում, ավելի հսկողական իրավիճում։ Պարբերաբար վերահսկվում են, թե դրանք ինչ ծագում ունեն, արդյոք այն, ինչ բերվում է, բերվում է Ռուսաստանի շուկայի համար։ Տարբեր երկրների սանկցիաները և տարբեր երկրների դեսպանությունների ահազանգերը ներխուժել են մեր տնտեսական ինքնուրույնության մեջ և փորձում են իրենց կոնտրոլներով վերահսկողությունը բարձրացնել»։

Նա նաև նշեց, որ երկրորդ խնդիրն այն է, որ ինչպես վերջերս պարզվեց, մեր բանկային համակարգում կան տեխնիկական խնդիրներ։ «ՀՀ բանկային համակարգը միշտ իրեն գովել է, որ ժամանակակից լավ համակարգ է, բայց միջազգային փոխանցումների տեսանկյունից բանկերում գտնվող մեր տեխնիկան հետ է մնացել միջազգային լավագույն ստանդարտներից։ Դա իր հերթին առաջացնում է խնդիրներ մեր բանկային համակարգի համար»։

Անդրադառնալով փոխանցումների վերահսկմանը՝ Մակարյանն ընդգծեց, որ այսօր ռուսական քաղաքացիությամբ հայ մարդը, եթե ուզենա ռուսական անձնագրով փոխանցում կատարել, կարող է հայտնվել սանկցիաների տակ, քանի որ ինքը ՌԴ քաղաքացի է։ Եթե իր առևտորը կապված է Ռուսաստանի հետ, կարող է հայտնվել փոխանցումների ստուգման ավելորդ քաշքշուկների մեջ։

«Իսկ սա ոչ միայն ապացուցում է, որ հայկական բիզնեսը հայտնվել է սանկցիաների տակ, այլև ցույց է տալիս բանկերի ոչ կատարյալ վերլուծական կարողությունները, որ իրենք, փոխանակ կարողանան վերլուծություններ կատարել, շառից հեռու տարբերակով զգուշավորություն են դրսևորում՝ ավելորդ քաշքշուկիվ խուսափելու համար»։

Հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանը հայտնվի լայնամասշտաբ սանկցիաների տակ, նա պատասխաննեց․ «Այո՛, վիճակն ավելի կվատանա մեր կանխատեսմամբ, քանի որ ՌԴ-ի հետ կոնֆլիկտը քանի գնում, խորանում է։ Այդ կոնֆլիկտը կարող է այլ երանգներ ստանալ տարբեր սանկցիաների ու սահմանափակումների տեսքով։

ԱՄՆ-ի, Անգլիայի և այլ երկրների կողմից պահանջները ուժեղանում են։ Արևմուտքի ռեսուրսներն ուղղվում են ՌԴ-ի հետ հաշվերհարդար տեսնելուն, ՌԴ-ին մեկուսակցնելուն։ Ենթադրում եմ, որ վաղը, մյուս օր կարող է անտեսվել նաև այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է։ Այսինքն՝ Հայաստանի առաջ կարող են խնդիրներ դնել՝ ասելով, որ չէ՛, դու պետք է այս կամ այն կերպ չշարժվես, որովհետև մեզ մոտ այսպես են պահանջում, իսկ Հայաստանը գտնվում է ամերիկյան աջակցության և ազդեցության ներքո։

Հայաստանը գտնվում է ԵՄ ազդեցության ներքո, ԵՄ-ն տարբեր ծրագերի շրջանակներում համագործակցում է Հայաստաբի հետ։ Հայաստանը գտնվում է ՄԱԿ-ի և այլ կառույցների ազդեցության ներքո, որոնք պետական աջակցության ծրագրեր են իրականացնում, իսկ ՄԱԿ-ը ակնհայտորեն ՌԴ-ին դեմ արտահայտվեց։ Այսինքն՝ իրավիճակը քանի գնաց, լրջանալու է, և Հայաստանը պետք է շատ արագ կարողանա իր այլընտրանքային լուծումները գտնել, ընդ որում՝ ոչ միայն տնտեսության, այլև դիվանագիտական տեսանկյունից»։