Oragir.news-ի տեղեկություններով՝ Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրան առաջիկայում նշանակելու են Երեւանում գործող պոլիկլինիկայի տնօրեն։ Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, ըստ մեր տեղեկությունների, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պատրաստվում է նշանակել կենտրոնի վնասվածքաբանության ծառայության պետ Ասատուր Ասատրյանին, ով Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանը
Oragir.news-ի հետ զրույցում մեր ունեցած տեղեկությունը հաստատելով՝ ասաց. «Այո, Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Բայց առավել մանրամասն չեմ կարող ասել։ Կապանցիները հիմա խոսում են դրա մասին, նրանք էլ գուցե լրատվական կայքերից են կարդացել։ Որոշումը բաց, թափանցիկ դրվելու է մարզպետարանի պաշտոնական կայքում՝ և՛ ազատման, և՛ ընդունման։ Չեմ կարող ասել, թե որ թվականին, բայց Կապանի ԲԿ տնօրենը նշանակվել է ներկայիս պատգամավոր Վահե Հակոբյանի կողմից, ով այն ժամանակ Սյունիքի մարզպետ էր։ Կարեն Մելքոնյանը հնարավոր է՝ փոշմանի, ժամանակ կա դեռ։ Կարծեմ դրա համար երեք օր ժամանակ ունի, ու եթե փոշմանի, կգա՝ հետ վերցնի դիմումը։ Մնացած հարցերը իր հետ պարզեք։ Ես միայն գիտեմ, որ մարդը գրել է ազատման դիմում՝ այլ աշխատանքի անցնելու համար, ոչ թե անգործ է մնում։ Ես չեմ կարող պատճառներն իր փոխարեն մեկնաբանել»։