copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:40 13-07-2022

Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվեր ավելի մեղմ պատասխանատվության միջոց՝ նկատողություն․ ԲԴԽ 3 անդամների հատուկ կարծիքները

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Բարձրագույն դատական խորհրդի 2 դատավոր անդամներ Մեսրոպ Մակիյանը և Սերգեյ Չիչոյանը հատուկ կարծիքներ էին հայտել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարեցման որոշան պատճառաբանական և եզրափակիչ մասի վերաբերյալ և ևս մեկ դարավոր անդամ՝ Անի Մխիթարյանը, ով դեմ էր քվեարկել Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, հատուկ կարծիք էր հայտնել որոշման վերաբերյալ։

Օragir.news-ն առանձնացել է 3 դատավորների արտահայտած հատուկ կարծիքների առանցքային հատվածները։

Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակյանն իրենց հատուկ կարծիքում արձանագրել են, որ կարգապահական վարույթի քննության ընթացքում խախտվել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները, միջնորդության քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը։ Մասնավորապես, արձանագրվել է, որ ԲԴԽ-ն իրավունք ունի նիստը հետաձգել այն դեպքում, երբ առկա են հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքներ և այս առումով փաստվել է, որ Վարդազարյանի ներկայացուցիչ Օրբելյանը համապատասխան միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ, որով խնդրել էր հետաձգել նիստը, ինչի հիմքում դրվել է հիմնավոր փաստարկ, այն է՝ իր կողմից ՀՀ հեռավոր մարզում մեկ այլ գործի քննությանը մասնակցելը։

Բացի այդ՝ փաստվել է, որ Խորհրդի անդամները զրկվել են Վարդազարյանին հարցեր ուղղելու, նրանից հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ պահանջելու, դատավորի նախաձեռնությամբ վկաներ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու հնարավորությունից։

Ինչ վերաբերում է ԲԴԽ-ի կողմից Վարդազարյանի չներկայանալը որպես իրավունքներից հրաժարվել գնահատելուն, ապա այս առնչությամբ արձանագրվել է, որ Վարդազարյանի համար իր վարքագծի նման հետևանքները կանխատեսելի չէին կարող լինել, քանի որ վերջինս ի սկզբանե հանդես է եկել ներկայացուցչի՝ Արամ Օրբելյանի միջոցով, որն իրացրել է իր իրավունքներն ամբողջ ծավալով։

Այն պարագայում, երբ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Խորհրդի նիստը հետաձգելու վերաբերյալ՝ դրա հիմքում դնելով հիմնավոր պատճառ, Վարդազարյանը չէր կարող ենթադրել, որ իր և իր ներկայացուցչի բացակայությունը կարող էր առաջացնել նման հետևանքներ, և կանխատեսեր դրանք։

«Բացի այդ, դատավորն ունի ներկայացուցիչ, ենթադրվում է, որ այն նպատակ է հետապնդում նաև Խորհրդի նիստերին՝ իր ներկայացուցչության ապահովումը վերջինիս միջոցով, ինչը պակաս կարևոր չէ»։

Սերգեյ Չիչոյանը և Մեսրոպ Մակիյանն իրենց անհամաձայնությունն են հայտնել նաև կիրառված կարգապահական տույժի առնչությամբ՝ գտնելով, որ Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվեր խախտմանը համաչափ՝ ավելի մեղմ պատասխանատվության միջոց՝ նկատողություն, քանի որ դրա կիրառմամբ հնարավոր էր հասնել օրենքով ամրագրված իրավաչափ նպատակներին։

Անի Մխիթարյանն իր հայտնած հատուկ կարծիքում նույնպես արձանագրել էր, որ ՀՀ ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ ՍԴ մի շարք որոշումներով ու միջազգային կոնվերնցիաներով յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության։

Նա նաև ընդգծել է, որ ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում դատավորի լսված լինելու իրավունքի վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են օրենքով։ Մխիթարյանն արձանագրել էր, որ տվյալ դեպքում դատավորի լսված լինելու իրավունքն ունի հիմնարար նշանակություն, քանի որ անձը հնարավորություն կունենար արդյունավետ պաշտպանվելու։

Դա նաև հնարավորություն կտար Խորհրդին ապահովելու հարցի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն։
Մխիթարյանը նույնպես անդրադարձել էր Վարդազարյանի՝ գործի քննությունը հետաձգելու միջնորդություն չներկայացնելուն, որից խորհուրդը ենթադրել էր, որ Վարդազարյանը հրաժարվել է մասնակցել իր գործով քննությանը։

Սակայն Մխիթարյանը գտնում է որ նման մոտեցմամբ Խորհուրդը ոչ միայն սահմանփակել է Վարդազարյանի լսված լինելու իրավունքը, այլ չի ապահովել անձի իր ներկայացուցչի միջոցով դատարանում հանդես գալու հիմնարար իրավունքը, մինչդեռ Վարդազարյանն ընտրել է ներկայացուցչի միջոցով իր շահերի պաշտպանությունը։

Մխիթարյանն անդրադարձել է նաև անաչառ դատարանի կողմից անձի գործի քննության իրավունքին։ Նա արձանագրել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից։ Նա ընդգծել է, որ օրենսդիրը սահմանելով խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, որպես ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հարդես գալու իրավունք ունեցող սուբյեկտ դիտարկել է խորհրդի առնվազն 3 անդամի, միաժամանակ, բացակայում է նաև որոշման վերաբերյալ միջնորդություն ներկայացրած անդամի քվեարկությանը մասնակցելու արգելք։ Մինչդեռ կարգապահական պատասխանատվության միջնորդություն ներկայացրած հանձնախմբի անդամները իրավունք են ունեցել մասնակցելու ինչպես դրա քննությանը, այնպես էլ քվեարկելու որոշման կայացման ընթացքում։

«Սույն դեպքում բնավ կասկածի տակ չդնելով վերջիններիս անկողմնակալ և անաչառ լինելու օբյեկտիվ կանխավարկածը՝ այդուհանդերձ միջնորդության քննության ընթացքում իմ կողմից բարձրացվել է հարցադրում, թե ինչ պետք է տեղի ունենար, որպիսի Հանձնախմբի մոտ հաստատվեր կամ հերքվեր Ռ. Վարդազարյանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումներ թույլ տրված լինելու մասին ենթադրությունները։ Գտնում եմ, որ նշված իրավիճակում միայն թույլատրելի և օրինաչափ եղանակը Ռ. Վարդազարյանին (ներկայացուցչին) լսելը կամ առնվազն լսված լինելու հնարավորություն ստեղծելն է»։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը հրապարակեց հունիսի 23-ին։

Ամենից շատ դիտված