Ներքին Խոսք 4 տարի առաջ - 22:17 13-07-2022

Բարոյական տեսանկյունից աննորմալություն է. քաղաքագետները մեկնաբանում են ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը

Հուլիսի 14-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ։

Բանն այն է, որ իշխանությունը, եթե ցանկություն ուներ առհասարակ խորհրդարանում չտեսնել երկու ընդդիմադիր խմբակցություններին, ուրեմն կարող էր մինչև ընդդիմության ցույցերի այս փուլը նախապես հայտարարել, որ պատրաստվում է ընդդիմադիրներին զրկել մանդատներից։ Ու փաստորեն կստացվեր այնպես, որ համապատասխանաբար «Հայաստան» դաշինքի 156, «Պատիվ ունեմ»-ի 230 անդամներից բաղկացած նախընտրական ցուցակից որևէ մեկը չէր հայտնվի խորհրդարանում այլևս։ Բայց և այնպես իշխանության ներկայացուցիչներն ամեն դեպքում այնպես են անում, որ ֆրակցիան մնա, բայց դեմքերը փոխվեն, իսկ հաջորդող դեմքերը կարծես որևէ մեկին հայտնի չեն։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն Oragir.news-ի հետ զրուցում, անդրադառնալով թեմային, ասաց. «Սահմանադրությամբ ԱԺ-ում պետք է լինի ընդդիմության առնվազն երկու խմբակցություն։ Դրա պատճառով է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, չհավաքելով 5%-ը, մտավ խորհրդարան։ Կան որոշակի պաշտոններ ԱԺ-ում, որոնք պետք է ընդդիմադիրներինը լինեն․ դրանք են Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, փոխնախագահի պաշտոնները այլն։ Հակառակ դեպքում՝ սահմանադրական ճգնաժամ է սկսվում, ու կան սահմանադրագետներ, որոնք ասում են, որ այս հարցը միանշանակորեն լուծված չէ։ Եթե քաղաքական տեսանկյունից ենք նայում, այս խորհրդարանը, եթե շարունակի գործել, ապա խնդրահարույց կլինի, և խորհրդարանի որոշումները ինչ-որ առումով կլինեն հարցականի տակ։ Ապագայում կարող են բողոքարկվել ԱԺ որոշումները ՍԴ-ում, ենթադրենք, իշխանության փոփոխվելուց հետո, և այդ որոշումները ոչ իրավական կլինեն, և խնդիրներն իրենց սպասեցնել չեն տա։ Եթե հաշվի առնենք ՀՀ արտաքին զարգացումները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ կարող է պայմանագրեր կնքել և որոշումներ ընդունել և դադարել խաղացողների կողմից դրական կամ բացասական կընկալվել, բնականաբար նրանք թույլ չեն տա, որ ՀՀ-ում լինի խորհրդարան, որի որոշումները հետագայում կկարողանան բողոքարկվել։

Այստեղ ամեն ինչ շատ պարզ ու պրիմիտիվ է, այդ մարդկանց մանդատներից զրկում են՝ ըստ ԱԺ կանոնակարգի, որովհետև նրանք որոշակի քանակությամբ բացակայություններ ունեն, և այդ դեպքում կա հնարավորություն նրանց մանդատներից զրկելու։ Դա նշանակում է, որ ցուցակի մնացած մարդկանց, ովքեր պատգամավոր չեն, զրկելու որևէ հիմք չկա։ Այսինքն՝ եթե խորհրդարան անցած մարդիկ մանդատներից զրկվում են, խորհրդարան գալիս են ցուցակում եղած հաջորդ մարդիկ»։

Ինչ վերաբերում է պայմանավորվելուն՝ քաղաքագետը մեզ հետ զրույցում ասաց. «Այդ հարցի պատասխանն իրականում ոչ ոք չի ուզում տալ՝ այն տրամաբանությունից ելնելով, որ այդտեղ իրենք այդ քայլին գնում են, ուրեմն ինչ-որ պայմանավորվածություններ ունեն։ Առավել ևս, որ մենք ունենք երկու դեպք․ մեկը դուրս եկավ «Պատիվ ունեմ» դաշինքից և ըստ էության՝ իր ձայնն օգտագործվում է ՔՊ-ի համար, որի շնորհիվ իրենք սահմանադրական մեծամասնություն ունեցան։ Խոսքը Իշխան Զաքարյանի մասին է, և ևս մեկ հոգի ընդդիմությունից՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, մնաց մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ և դրանով լեգիտիմություն հաղորդեց ԱԺ-ին, որ ընդդիմադիրներից մեկը պաշտոն է զբաղեցնում ԱԺ մշտական հանձնաժողովում, և խորհրդարանը ինչ-որ առումով կարողանում է գործել սահմանադրական տիրույթում։ Հնարավոր է, օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքից էլի մարդիկ գործուղվեն՝ մանդատները վայր դնելու։ Եթե «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները երկրորդական հարց են համարում ԱԺ-ին լեգիտիմություն ապահովելը և ապագայում Ադրբեջանի և Թուրքիայի հետ որոշակի համաձայնագրերի հարցում լեգիտիմությունը, ապա կարելի է ենթադրել, որ սա քաղաքականություն է, և ինչ-որ մարդիկ էլի կգործուղվեն ԱԺ՝ մանդատների համար։ Այստեղ արդեն տարբեր ենթադրություններ կան։ Իրավունք չունի ԱԺ նախագահը ֆրակցիային զրկել մանդատներից, չկա դրա համար որևէ տրամաբանություն»։

Իսկ քաղաքագետ Սարո Սարոյանը հարցը մեկնաբանեց այսպես. «Պայմանավորվելու արվեստը մեր երկրում կատարելության է հասցված, և ամեն բան հնարավոր է։ Ո՛չ պնդում եմ, ո՛չ բացառում, որ նման բան հնարավոր է։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առհասարակ խաթարված է քաղաքականություն կատեգորիան հասկանալու երևույթը։ Մարդիկ քաղաքականություն ասելով հասկանում են ինչ-որ ձևով պայմանավորվելը։ Կուլիսներում հնարավոր են ամեն տեսակի պայմանավորվածություններ, իրենք քաղաքականությունը հենց այդպես են հասկանում։ Կամային, սկզբունքային և նման կարգի վարքին՝ անհատական թե կոլեկտիվ, տեղ չեն տալիս, իրենց ամբողջ էությունն այն է, որ մի քայլ անեն, գնան պայմանավորվածության։ Եթե մարդիկ այդպես են հասկանում քաղաքականությունը և քաղաքականության մեջ իրենց գործունեությունը այդ տրամաբանության մեջ են դասավորում և առաջ գնում, բնականաբար ամեն ինչ հնարավոր է։ Քանի դեռ այսպիսի մարդիկ են քաղաքականությամբ զբաղվում, ովքեր չունեն կարմիր գծեր ու սկզբունքայնություն, այսպես է լինելու, ու բարոյականության տեսանկյունից դա աննորմալություն է»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի