Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 21:19 12-07-2022

Պտուղով դատիր․․․

«Սուրբ օրենքների» երկիր… Հնում Հայաստանը օտարների կողմից հենց այսպիսին է ընկալվել: Շումերական աղբյուրներում, օրինակ, Երկիր Նաիրին համարվել է արարչագործության կենտրոն, աստվածների և սուրբ օրենքների երկիր …

Չէ, չէ, պատկերացնո՞ւմ եք, մերօրյա Հայաստանը, մեր ճանաչած ամենաանօրեն երկրներից մեկը, եթե չասենք ամենաանօրենը, ի զարմանս մեզ, ինչ-որ ժամանակ եղել է «սրբոց» դասում: Ուղղակի խելագարվել կարելի է:

Հայաստանի դատաիրավական համակարգում առկա ամենաթողության, կոռումպացվածության, անվերահսկելիության մասին, որի էպիզոդիկ ու ֆրագմենտալ «նկարագրության» ունկնդիրը դարձանք օրերս, գիտեն բոլորը: Հետևաբար բավարարվելով «ծովի ջրի համն իմանալու համար ամենևին էլ պարտադիր չէ ամբողջ ծովը խմել» հորդորով, նկատեմ, որ արդարադատության խորհրդանիշ Թեմիսը՝ շատերին հայտնի Ֆեմիդան, հայ հանրությանը աչքերը կապած է ներկայանում ոչ թե անաչառության պահապանը լինելու կոչումն ընդգծելու համար, որքան հայ օրինապահների անփառունակ գործունեության ու գործած բազմահազար մեղքերի ամոթից գետինը չմտնելու համար…

Դե հիմա պատկերացրեք․ եթե օրենքի պահապաններն են սահմանված կարգը խախտողները, հանրային կյանքի կանոնակարգմանը կոչված օրենքները շրջանցողները, շարքային քաղաքացիներից էլ ինչ պահանջես: «Սուրբ օրենքների» երկրում, որպես կանոն, «լուսապսակով» են ներկայանում օրենքի շրջանցման հնարավորություն ու «դուխ» ունեցող կարգազանցները, ում ընդունված է «կռուտոյ» կոչել: Ու ամենևին էլ կապ չունի, թե ով է շրջանցողը՝ երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ պատգամավորը, թե ամեն ինչ «տեսած ունեցող» օլիգարխը: Հայաստանում ձևավորված, խոր արմատներ ձգած կարծրատիպի համաձայն՝ հենց օրինազանցներն են ընդօրինակելի համարվում և ոչ թե կարգ ու կանոնին նախապատվություն տվողները: Մեր երկիրն ապրում է կրիմինալ աշխարհին հատուկ ըմբռնումներով: Հայաստան կոչվող «պախանատում»՝ «ճիշտը մեկն է»: Այստեղ ոչ ոք սխալվել չի ցանկանում, դրա էլ համընդունելի դարձածը սեփական տեսակետ ու դիրքորոշում բացառող «միջինացված ճիշտն» է: Հայտնի է, սակայն, որ մարդը սխալվելով ու սխալների շտկմամբ է հանգում ճշմարտության։ Երկիրը երկիր է դառնում հենց նույն տրամաբանությամբ՝ «սխալվելու իրավունքի» հարգմամբ: Քաղաքակիրթ երկրները հանուրի համար սահմանված օրենքների պահպանմամբ ու սխալներից առած դասերի հաշվին են հասել սահմանված կարգի անտեսման ու շրջանցման վերջնարդյունք՝ նեգատիվի կարելվույնս բացառմանը:

Հիմա ասացեք, որևիցե մեկը պատկերացնո՞ւմ է հայի, որն ուղեղին զոռ չտա՝ այս կամ այն երկրում սահմանված կարգը «նրբորեն» շրջանցելու համար: Հավատացնում եմ՝ չկա: Ընկերներիցս մեկը, ով տարիներ առաջ ծանոթներից մեկի հետ վարձակալած տաքսով Գերմանիայից Լեհաստան էր ճանապարհվել, հետաքրքիր, մեր էությունը բնութագրող, մեր հոգեկերտվածքը բացահայտող պատմություն պատմեց: Չորս հայի Լեհաստան տեղափոխող գերմանացի տաքսիստը, նրանց հետ բարեհամբույր շփվելով, հընթացս ստանձնելով գիդի դերը, պատասխանել է նաև հայ ուղևորներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի: Ու սա արել է ժպտերես, նկատելի հաճույքով: Քիչ անց հայտնվելով խցանման մեջ՝ հայ ուղևորները տեսնում են, որ մեկ այլ մեքենայի համար, որից սպիտակ թաշկինակով ձեռք է վերև պարզվել, մյուսները մեքենաները աջ քաշվելով ճանապարհ են բացում, ու այդ մեքենան կարողանում է արագորեն առաջ սլանալ: Վարորդը հայ ուղևորներին բացատրում է, որ չգրված օրենքի համաձայն՝ եթե մնացած վարորդները մեքենայից դուրս պարզված ձեռքում ծածանվող թաշկինակ են տեսնում, հասկանում են, որ ինչ-որ մեկը վատացել է, առողջության հետ կապված խնդիրներ ունի, հետևաբար արագորեն բուժօգնության կարիք ունեցողի համար «հումանիտար միջանցք» են բացում: Սա լսելուն պես ուղևոր հայերը՝ ընկերս նույնպես, սկսում են թաշկինակները օդում թափահարել: Հնարն աշխատում է ու խցանման «ճիրաններից» արագորեն ազատված հայերը, միանգամայն գոհ իրենց «հնարամտությունից», ուրախ-զվարթ շարունակում են ճանապարհը՝ արդեն մունջ դարձած, շփման ցանկությունն ու ժպիտը կորցրած վարորդի ուղեկցությամբ…

Երկրորդ՝ նշանացի, լուսարձակների թարթման միջոցով պետավտոտեսուչների մոտակա ներկայության մասին միմյանց հուշող վարորդների օրինակը, որին հաճախակի կարելի է հանդիպել միջպետական ճանապարհներին, նույնպես միանշանակ ընկալել հնարավոր չէ: Ինչ է ստացվում՝ օրենքի, կարգ ու կանոնի պահպանումը հնարավոր տուգանքից ունեցած վախի՞, թե՞ գիտակից վերաբերմունքի դրսևորման արդյունք է: Մնում է հասկանալ, մենք օրինապահ, կարգ ու կանոնը առաջնային դիտարկո՞ղ, թե՞՝ առաձգական, երկակի ու բազմակի ստանդարտների կիրառման տեղիք տվող օրենքներ ունեցող երկրում ենք ուզում ապրել: Ուզենք, թե չուզենք՝ պիտի կողմնորոշվենք…

Ձեզ գուցե հետաքրքրի