Երեկ հայտնի դարձավ, որ հուլիսի 14-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ։ Թեև ընդդիմադիր խմբակցությունների գործունեությունը խորհրդարանում հենց Սահմանադրությունն է երաշխավորում, սակայն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով, Սահմանադրությունը նաև լիազորությունների դադարման և դադարեցման գործընթացներ է նախատեսում։
«Ընդդիմության գործունեությունը Ազգային ժողովի կազմում Սահմանադրությամբ նախատեսված ընթացակարգի արդյունք է, սակայն Սահմանադրությունը նաև նախատեսում է լիազորությունների դադարման և դադարեցման գործընթացներ, իսկ եթե մենք դասական առումով վերցնենք այդ դադարեցման գործընթացը, այսինքն՝ այդ հիմքերից մեկը իշխող ուժը կիրառում է, խոսքը մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում նիստերից բացակայության հիմքն է։ Ազգային ժողովի խորհուրդը պետք է որոշում կայացնի ՍԴ դիմելու վերաբերյալ, իրենք խորհրդում ունեն անհրաժեշտ քանակի ձայներ։ Գնադակը, կոպիտ ասած, Սահմանադրական դատարանի դաշտում է»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետը։
Մելոյանին հարցրինք, թե ինչ տեղի կունենա, եթե ՍԴ-ն ընդդիմադիր բոլոր պատգամավորներին զրկի մանդատներից, արդյոք քաղաքական և սահմանադրական ճգնաժամ չի առաջանա․ «Իմ գնահատմամբ արդյունքում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվելու, եթե պատգամավորների լիազորությունները դադարեցվեն, սակայն Սահմանադրությունն ու օրենսդրությունը չեն տվել այնպիսի կարգավորում, որ ընդդիմադիր պատգամավորների բացայակության պարագայում պետք է, օրինակ, Ազգային ժողովը լուծարվի։ ԱԺ-ի լուծարման նման հիմք օրենսդրության մեջ առկա չէ, կամ նման իրավիճակում լուծում տրված չէ, ուստի սա դասական ճգնաժամային իրավիճակ է դառնում։ Բացի այդ՝ պետք է չմոռանանք, որ այս պատգամավորների լիազորությունների դադարեցման դեպքում ցուցակներ գոյություն ունեն, և ցուցակների հաջորդ համարները պետք է մանդատներ ստանձնեն։ Իհարկե, գործընկերային հարաբերությունների դեպքում և բարոյականության շրջանակներում, եթե ընդդիմադիր խմբակցությունների կողմից են ներկայացվել, պետք է բոլորը հրաժարվեն մանդատը վերցնելուց և իշխանության ձեռամբ ստեղծված ճգնաժամին նպաստելուց, բայց նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հնարավոր է այդ սցենարն էլ իդեալական կերպով կյանքի չկոչվի, և լինեն անձինք, որոնք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, մանդատ ստանձնեն»,- պատասխանեց Մելոյանը։
Իսկ ինչ տեղի կունենա, եթե ընդդիմության նախընտրական ցուցակների հաջորդ համարներն էլ հրաժարվեն մանդատները վերցնելուց՝ սահմանադրագետը պատասխանեց․ «Այդ դեպքում ոչ մի բան չի լինում։ Իմ գնահատմամբ, սահմանադրական ճգնաժամ և քաղաքական ճգնաժամ է երկրում ստեղծում, որովհետև միայն իշխող ուժն է խորհրդարանում ներկայացված, այն էլ՝ խորհրդարանական հանրապետությունում, և պետք է ընդգծենք, որ իշխող ուժը կոալիցիայով չէ ներկայացված խորհրդարանում, այլ մեկ քաղաքական ուժ է, ու իմ գնահատմամբ այս ճգնաժամային իրավիճակը, անկախ ընդդիմադիր մանդատների վայր դնելուց կամ դադարեցնելուց, արդեն իսկ ստեղծված էր, որովհետև խորհրդարանական պետությունում ստեղծված է նման իրավիճակ, երբ օրենսդիր մարմինը պետք է վերահսկողական գործառույթ իրականացնի գործադիր իշխանության նկատմամբ, իսկ մենք արդեն մեր աչքի առաջ ունենք իրավիճակ, երբ օրենսդիրը վերածվել է գործադիրի կամակատարի, այսինքն՝ իշխանության 2 թևերը, ըստ էության, միահյուսվել են, իրենց գործառույթները չեն կատարում, իսկ սա իշխանությունների տարանջատման՝ ժողովրդավար պետությունների հիմնական հիմնասյան ոտնահարում է, և սա արդեն ավելի բնութագրական է ավտորիտար ռեժիմի պետություններին»։
Մելոյանին հարցրինք նաև՝ հնարավո՞ր է տարբերակ, որ խորհրդարանական գործող ընդդիմությունը ԱԺ-ից դուրս մղվի, և նրանց փոխարեն ԱԺ մտնեն այն քաղաքական ուժերը, որոնք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չէին հաղթահարել անցողիկ շեմը։ «Այդպիսի մոլորություն մեր հանրության շրջանակներում առկա էր, երբ նոր էին ընտրությունները տեղի ունեցել։ Մասնավորապես խոսակցություններ էին շրջանառվում, որ եթե նվազագույն շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը մանդատները վայր դնեն, հրաժարվեն և չանցնեն ԱԺ, ապա ընտրություններին մասնակցած, ավելի նվազ ձայներ ունեցող ուժերը կարող են իրենց տեղը զբաղեցնել։ Այդպիսի ընթացակարգ մեր օրենսդրությունը՝ թե՛ Սահմանադրությունը, թե՛ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը, ոչ էլ Ընտրական օրենսգիրքը որևէ կերպ չեն նախատեսում, և ընդդիմադիր այլ ուժերի՝ ԱԺ-ում մանդատ զբաղեցնելու միակ հնարավորությունը նոր ընտրությունների անցկացումն է»։
Ավելի վաղ, հիշեցնենք, իշխանականները ընդդիմադիր պատգամավորներին զրկել էին իրենց պաշտոններից․ Իշխան Սաղաթելյանին՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որից հետո ընդդիմադիր մյուս պատգամավորները, որոնք պաշտոններ էին զբաղեցնում, հրաժարական ներկայացրին՝ բացի Թագուհի Թովմասյանից։ Հիշեցնենք նաև, որ երեկ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հնարավոր է՝ շուտով ԱԺ-ում իմփիչմենտի գործընթաց սկսեն, իսկ մանդատները վայր դնելու մասին դեռևս չեն մտածում, դա կանեն այն ժամանակ, երբ հասկանան, որ մանդատներն այլևս պայքարին չեն օգնում։