copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:51 11-07-2022

Լուրջ սխալ է, որ եռամսյա հավաքների մասնակիցներին տանում են մարտական հերթապահության․ ռազմական փորձագետ

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Պատերազմող երկրում՝ ՀՀ-ում, որտեղ գոյություն ունի մարդկային ռեսուրսի մեծ խնդիր, որի հակառակորդն իրենից մի քանի անգամ ուժեղ է, Հայաստանը պետք է իր ողջ ներուժը ներդնի, այդ թվում՝ մարդկային ռեսուրսը, խոսքը գնում է նաև քաղաքացիական բնակչության մասին։ Այս հավաքները անհրաժեշտություն են և պարտադիր բնույթ են կրում։ Որոշ քաղաքական ուժեր այդ օրենքը իրենց օգտին են օգտագործում, բայց այդ օրենքը այնպես է, որ իշխանությունները կարող են օգտվել, բայց չեմ կարող հստակ ասել, որ օգտվում են։ Օրվա իշխանությունները, եթե ցանկանան, կարող այդ օրենքից օգտվել և ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդներին զորակոչել։ Այդ զորահավաքները պարտադիր բնույթ են կրում, դրա շնորիվ պետք է քչացվի խախտված բալանսը»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ անդրադառնալով օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը անցկացվելիք եռամսյա վարժական հավաքներին։

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների համար եռամսյա վարժական հավաքներ է իրականացնում։

Անդրադառնալով այդ հավաքների արդյունավետությանը՝ ռազմական փորձագետը նշեց. «Այդ հավաքների արդյունավետությունը կախված է որակից, թե ինչ մակարդակի պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ կկազմակերպվի։ Այս հավաքների գլխավոր նպատակն այն է, որ ռեզերվը՝ զինծառայողները, որոնք զորացրվել են, լինեն ֆորմայի մեջ։ Սովորական քաղաքացիական անձը, որ շաբաթվա ընթացքում միքանի անգամ գնում կրակում է, մի-երկու շաբաթ հետո սկսում է լավ արդյունքներ ցույց տալ, մի ամիս չի գնում, նորից արդյունքները սկսում են վատանալ։ Նույնն էլ սրան է վերաբերում։ Հայաստանում այս պատերազմը շատ կարևոր խնդիր ջրի երես հանեց, որ մենք նորմալ պատրաստված ռեզերվ, մոբ չունենք։ Պատերազմը որ սկսվեց, բոլորին զորակոչեցին, տարան ծառայության, բայց ցածր էֆեկտիվություն ցույց տվեցին, որովհետև Հայաստանում այդ կուլտուրան չկար։ Մարդուն զորակոչում էին, երկու տարի ծառայում էր և վերջ։ Որոշ ժամանակ այդ զինծառայողները իրենց հմտությունները կորցնում էին, որովհետև մի բան երկար ժամանակ չես անում, դու դա մոռանում ես, դա օրենք է։ Հիա այս ամենը նրա համար է, որ զորացրված զինծառայողներին պետությունը լավ մարզավիճակի մեջ պահի»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ է արդյոք եռամսյա հավաքի մասնակիցներին մարտական հերթապահություն իրականացնել տալը, Համբարձումյանն ասաց. «Նրանք իրավունք չունեն խաղաղ պայմաններում մարտական հերթապահություն իրականացնել տանելու։ Եթե տանում են, դա լուրջ սխալ է, որովհետև զինծառայողները պետք է իրականացնեն մարտական հերթապահություն, ցանկալի է՝ պայմանագրային։ Մարտական հերթապահության իրականացումը ես համարում եմ, որ շատ մեծ սխալ է, ու եթե օրենքը թույլ է տալիս, ուրեմն դրանց մեջ թերացումներ կան։ Կամ եթե պետությունը գնում է նրան, որ հավաքների մասնակիցներին է տանում մարտական հերթապահության, ուրեմն վիճակը այնքան էլ լավ չի։ Ճիշտը այն է, որ իրենց ուղարկեն պատրաստման, զորավարժությունների, հետո հետ ուղարկեն տուն։ Իսկ մարտական հերթապահությունների տանելը վտանգներ է պարունակում իր մեջ»։