Ուղիղ եթեր
copy image url
Միտք Մշակույթ 1 տարի առաջ - 22:04 10-07-2022

Սուրճի կանտանտից մինչև սրճային կտավներ

Սուրճն այսօր ամենատարածված ըմպելիքն է աշխարհում։

Սուրճ սիրում է մարդկանց մեծամասնությունը։ Յուրօրինակ համ ունեցող այս ըմպելիքը արթնացնում, ոգևորում, ոգեշնչում, ջերմացնում է մարդուն։ Սուրճի հանդեպ անտարբեր չեն եղել նաև աշխարհահռչակ մարդիկ, որոնց կյանքի ու գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել ուժեղ, բուրումնավետ և ակտիվացնող այս սև հեղուկը։


Յոհան Սեբաստիան Բախն ու «Սուրճի կանտատը»

Բարոկկոյի դարաշրջանի հանճարեղ կոմպոզիտորն ու դաշնակահարը համարվում էր սուրճի մեծ սիրահար։ Լայպցիգի Zimmermann սրճարանի տիրոջ խնդրանքով Բախը գրել է իր «Սուրճի կանտատը», որի լիբրետոյի հեղինակն է բանաստեղծ Պիկանդերը։ Կանտատն առաջին անգամ հնչել է 1734 թվականին և հրատարակվել` 1837-ին։



Բախի այս զվարճալի կանտատը գրելու պատճառներից մեկը Գերմանիայում կանանց համար սուրճն արգելելու շարժումն էր:
18-րդ դարի սկզբին սուրճը նոր-նոր էր սկսում հայտնվել միջին խավի շրջանում և սրճարաններ այցելելը նման էր ավելի ուշ ժամանակների ակումբներ այցելելուն: Գերմանացիները անվստահորեն էին վերաբերվում նոր խմիչքին։ Նրանք նախընտրում էին ավանդական գարեջուրը։ Շատ վայրերում սուրճի վաճառքը խիստ ու բարձր հարկվում էր, իսկ որոշ երկրներում այն ​​ընդհանրապես արգելված էր։

Սրճարանի տերը Բախին պատվիրելով սուրճին նվիրված հումորային այս ստեղծագործությունը, ցանկացել էր հանրահռչակել նոր ըմպելիքը։

Բախի կանտատի առանցքային արիան էր` Ei! Wie schmeckt der Kaffee süße («Ա՜խ, որքան քաղցր է սուրճի համը: Քնքուշ, քան հազար համբույր, ավելի քաղցր, քան մշկընկույզը»):



Վոլտերն ու օրական հիսուն բաժակ սուրճը


Մեծ փիլիսոփա և երգիծաբան, պատմաբան և իրավապաշտպան Վոլտերը մարդկության պատմության մեջ թերևս ամենաեռանդուն սրճամոլներից էր։ Ասում են, որ նա օրական 40-50 բաժակ սուրճ էր խմում: Ամենայն հավանականությամբ, դա սուրճի և կակաոյի խառնուրդ էր։ Նման սննդակարգով Վոլտերն ապրեց 84 տարի, թեև բժիշկները փիլիսոփային` սուրճի հանդեպ ունեցած մեծ կրքի պատճառով, վաղաժամ մահ էր կանխատեսել։




Պետրոս Առաջինի սրճային ներդրումը Ռուսաստանում

Պետրոս Առաջինը խմում էր չափազանց թունդ սև սուրճ՝ առանց կաթի և շաքարի։
Ռուս կայսեր սերը սուրճի հանդեպ այնքան ուժեղ էր, որ նա որոշեց տարածել այն ողջ Ռուսաստանում։ Հենց նրա շնորհիվ գրավիչ այս ըմպելիքը ​​նորաձև դարձավ նախ բարձրաշխարհի հասարակությունում, ապա աստիճանաբար ներթափանցեց մյուս դասերի ու խավերի սննդակարգ:





Նապոլեոն Բոնապարտի սրճային կրքերը

Նապոլեոնի սերը սուրճի հանդեպ նման էր կրքի։ Նա պաշտում էր այս ըմպելիքը և խմում էր ​​օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի։ Երբ քաղաքական նկատառումներից ելնելով, կայսրը ստիպված էր արգելափակել Անգլիայից եկող մատակարարումները, նա ամենաշատը տանջվում էր սուրճի պակասից, քանի որ սուրճը Ֆրանսիա էր գալիս էր հենց Անգլիայից։
Նապոլեոնը սուրճը գերադասում էր երկրագնդի բոլոր գանձերից և երբ աքսորվեց Սուրբ Հեղինե կղզի, միակ բանը, որ նրան հաշտեցնում էր ստեղծված իրավիճակի հետ, դա իր սիրած սուրճի առատությունն էր։






Օնորե դը Բալզակն ու սուրճի իր բաղադրատոմսը

Հայտնի ֆրանսիացի արձակագիրը սուրճ էր խմում անհավանական չափաբաժիններով։ Սուրճի լի տարրան ուղեկցում էր նրան բոլոր ճանապարհորդությունների ժամանակ։ Բալզակի սիրելի սուրճի ֆիրմային բաղադրատոմսը շատ պարզ էր, այն ներառում էր հավասար քանակությամբ սուրճ և ջուր: Եթե ​​սուրճ եփելու միջոց չկար, ապա մեծ ֆրանսիացին ուղղակի ծամում էր սուրճի բոված հատիկները։




Վիկտոր Հյուգոն և իր «սրճային» կտավները

«Թշվառների» հայտնի հեղինակը սուրճ խմում էր լիտրերով։ Խմելուց բացի,նա շատ հաճախ սուրճի մրուրն, օգտագործում էր թանաքի ու ներկի փոխարեն։ Հենց այդ մրուրով են ստեղծվել Հյուգոյի էքսպերսիվ ու ռոմանտիկ «սրճային» կտավները, որոնց մեծ մասն այսօր պահվում են Լուվրում։