Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:13 09-07-2022

Շվաքարանի անվճար տարածքը օգտագործում են ու գումար են աշխատում անօրինական ձևով․ զբոսավարը՝ «Սևան» ազգային պարկի մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Սևանում մի քանի հանրային լողափ կա։ Այս սեզոնին երեքն են բացել։ Ես երկու օր առաջ եմ այնտեղ եղել՝ այդ թիվ 1 կոչված լողափում, որն ամենամոտն է Երևանին, ի տարբերություն նախորդ տարիների, երբ ամենինչ այնտեղ անվճար էր, բացի ռեստորանից, այս տարի այդ պառկելու հարմարանքները կամայական կերպով դարձել են վճարովի։ Տեղի աշխատացնեղները առանց որևէ լուրջ հիմնավորման ասել են, որ վճարովի է լինելու։ Բա՝ ով է որոշել, բա՝ տարածքի տերը, բա՝ տարածքի տերը «Սևան» պարկը չի՞, բա՝ չէ, այս տարվանից էլ «Սևան» ազգային պարկը չի և այլն, և այլն»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց զբոսավար Արա Պետրոսյանը, ով մի քանի օր առաջ զբոսաշրջիկներ էր տարել «Սևան» ազգային պարկի հանրային լողափներից մեկը, որը տարիներ շարունակ անվճար էր, իսկ այս տարի արդեն դարձել էր վճարովի։

Իսկ մեր այն հարցին, թե իր բողոքը որտեղ է արտահայտել, Պետրոսյանն ասաց. «Ես զանգել եմ «Սևան» ազգային պարկ, ինձ միացրել են ոմն Հունանյանի հետ, չգիտեմ՝ ինքը, որ բաժնի պետն է։ Խնդիրները ներկայացրին, լրիվ ընդունեց, համաձայնեց, որ այդ շեզլոնգները չպետք է լինենն շվաքարանների տակ, շվաքարանը անվճար է, այդ շեզլոնգը վճարովի է, որը դրված է շվաքարանի տակ։ Փաստորեն, իրենք շվաքարանի անվճար տարածքը օգտագործում են ու գումար են աշխատում անօրինական ձևով։ Հիմա իրենք պետք է այդ շեզլոնգները հանեն դրա տակից, որովհետև շվաքարանը անվճար է։ Ես, ենթադրենք, չեմ ուզում շեզլոնգից օգտվեմ, բայց ուզում եմ հովի, շվաքարանի տակ անվճար պառկեմ, որը լրիվ օրինական է»,- ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանը նաև ասաց, որ կապ է հաստատել շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակի հետ, ով ներկայացրել է իրավիճակը և ասել. «Մրցույթ է եղել, այդ տարածքները տրվել է ինչ-որ կառավարման, չի մասնավորեցվել, դեռևս պատկանում է «Սևան» ազգային պարկին, և կառավարումը տվել են ինչ-որ անձի, ինչ-որ մրցույթը շահած անձանց, ամեն մի լողափում մեկը շահել է, և այդ տնտեսվարողը այս տարվանից որոշել է, որ այդ շեզլոնգները լինելու են վճարովի, իսկ թե ինչի հիման վրա է այդպես որոշել, ինչ հիմք ունի այդպես անելու, մենք դա չգիտենք։ Ի՞նչի է հենց 1000 դրամ մեկ շեզլոնգը, կամ ոչ թե 500 դրամ կամ 6000 դրամ, ոչ ոք չի կարողանում դրա պատասխանը տալ․ ո՛չ «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչը, ո՛չ էլ շրջակա միջավայրի մամուլի խոսնակը։ Հիմա, ասենք, մյուս տարի 1000 դրամի փոխարեն սարքում է 6000 դրամ առանց որևէ հիմնավորման, ի՞նչ ենք մենք անում, ոչ մի խելամիտ պատասխան մենք չենք կարողանում տալ»,- ասաց Պետրոսյանը։

Պետրոսյանն ասաց, որ միակ հարցը, որում քիչ թե շատ հնարավոր է եղել լուծում գտնել, շվաքարանների խնդիրն է. «Միակ հարցը, որը խոստացան լուծում տալ, այն էր, որ այս շեզլոնգները այդ շվաքարանների տակից կհանեն ու այն մարդիկ, ովքեր չեն ուզում վճարել այդ շեզլոնգի համար, կարողանան շվաքարանների տակ անվճար պառկել»։

Անդրադառնալով տարածքում տիրող վիճակին՝ մաքրությանը, Պետրոսյանն ասաց. «Առնվազն ծիծաղել է այն, որ ասում են, որ այդ տնտեսվարողը հետևում է տարածքի մաքրությանը։ Հետևում է, թե չէ, դուք ինքներդ գնացեք և տեսեք այդտեղի զուգարանները, հանդերձարանները՝ ժանգոտված, սարդոստայններով ծածկված, տեսեք այն ավազը, որի վրա մարդիկ պառկում են․ լրիվ սիգարետների մնացորդներ են, գնացեք և տեղում տեսեք՝ ինչ վիճակ է»։