Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:05 08-07-2022

Սփյուռքահայ դառնալը՝ իբրև թաքուն փափագ…

Ամենասարսափելի բանն, ըստ իս, անսեռ հասարակությունն է: Միջավայրը, որտեղ բացակայում է քաղաքացիական հստակ ու հիմնավորված դիրքորոշումը, որտեղ իրենց կենսակերպն ու բառուբանը շատերը հարմարեցնում են իրենց «պապաների» քիմքին, ճաշակին ու նրանց կողմից իրենց ներկայացվող պահանջներին: Այլ կերպ ասած` խոսքը վերաբերում է դիմազուրկ, իսպառ զոմբիացված հասարակությանը: Հարկ է խոստովանել, որ մենք ազնիվ չենք: Մենք չգիտենք կամ էլ չենք ուզում խոստովանել, թե ինչ արատավոր, կատարելապես դեգրադացված հասարակարգում ենք ապրում: Մենք պատկերացում իսկ չունենք, թե ինչ միջավայրում են ապրելու մեր երեխաները, ի՞նչ արժեհամակարգ է որդեգրելու նույն այդ հասարակարգը: Իսկ կիմանայինք, եթե հասարակությունն ինքը ցանկանար ստի մեջ այլևս չապրել: Եթե նույն այդ հասարակությունը ցանկանար գեթ մեկ անգամ ապրել ճշմարիտ քրիստոնյային վայել՝ միանշանակ բացառելով՝ թեկուզ Հատիսի գագաթին, թեկուզ աշխարհում նախադեպը չունեցող Փրկչի վաթսուն մետրանոց արձանի վեր խոյացմամբ կռապաշտության վերաարմատավորումը Հայաստանում…

Ապրել, ինչպես քաղաքակիրթ երկրներում, որտեղ խաղի պարզորոշ կանոններ են սահմանված, որոնք բխում ու ածանցվում են սերունդների կենսական շահերից: Մեր ու քաղաքակիրթ ազգերի մոտեցումների ու աշխարհընկալման տարբերությունը կարելի է ավելի հասկանալի դարձնել, ասենք՝ հանքարդյունաբերության օրինակով: Որևիցե նորմալ երկիր իր ընդերքն այդպես չի թալանել ու չի հոշոտել, ինչպես մեզ մոտ է կատարվում: «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով առաջնորդվող հայազգի արդյունահանողի կողմից դրսևորվող վարքին մոտ վարք կարող է դրսևորել միայն պոտենցիալ գաղթականը: Հայաստանում իրականացված ու իրականացվող դիվային, լայնաճակատ, տասնամյակներ շարունակվող թալանը կասկածի տակ է դնում սերունդների ապագան: Այս փաստն իսկ բավական է հասկանալու համար, որ հայի կատարելատիպը՝ գաղթական, ճամպրուկավոր հայն է: Հայրենիքում ամեն ինչ հոշոտելով ու «էրգրի» հանդեպ ունեցած սրտամաշ, սրտամորմոք կարոտից խոսելով՝ նա իր կյանքը պատկերացնում է ռուսաստաններում ու ամերիկաներում պիցերիաներ աշխատեցնելիս կամ էլ ասֆալտ փռել տալիս… Խոստովանում եմ, երբևէ մտքիս ծայրով իսկ չէր անցնի, որ զարմիկիս՝ փոքրիկ, մատնաչափիկ Արեգի՝ սփյուռքահայ դառնալու երազանքին այլևս հումորով չեմ վերաբերվելու, որ այն իբրև մանկական կատակ այլևս չեմ ընկալելու, քանի որ լիաթոք ծիծաղի տեղիք տված ու կատակ ընդունված ցանկությունը, իսկապես դարձել է հայրենակիցներիցս շատերի, հատկապես Հայաստանը կլլած ունևոր խավի թաքուն երազանքը: Թող ինձ ներեն դարասկզբի թուրքական ջարդերից մազապուրծ եղած ու հանգամանքների բերումով աշխարհի տարբեր ծագերում հանգրվանած մեր հայրենակիցների սերունդները, ոչ թե իրենց, այլ՝ նոր սերնդի սփյուռքահայերին նկատի ունեմ: Նկատի ունեմ լազուրե ափերում դղյակներ գնած ու այնտեղից Հայաստանի ապագային վերաբերող «տեսլականներից» խոսող, հայրենասիրությունից բարբաջող, Հայաստանի միայն ծիրանը կարոտով հիշող ու «արժանվույնս» գնահատող կուշտ ու կուռ տեսակին: Շքեղ առանձնատների լողավազանների ֆոնին տարատեսակ «փարթիների» մասնակցելուց, հայելանման հայվեյերով շքեղ ավտոմեքենաներով այս ու այնտեղ սլանալուց բացի, նրանք այլ խնդիր չունեն: Չունեն, քանի որ կարծում են, որ իրենց զավակների «բանակ-մանակների» հարցերը լուծել են, քանի որ կարծում են, որ իրենց կողմից իրականացված թալանի պտուղները շատ չէ՝ դեռ մի տասը սերունդ էլ կվայելի: Իմ ընկալմամբ՝ այնուամենայնիվ, կա մի բան, որն այդքան էլ լավ չեն պատկերացնում այսօրվա փողատերերը: Նրանք իրականում վստա՞հ են, որ իրենց սերունդներն էլ են փողատեր լինելու: Եթե այդ մասին չեն էլ մտածել, ապա գոնե հիմա նրանք պիտի պարզորոշ գիտակցեն, որ մի քանի սերունդ հետո սեփական երկրից թալանված հարստությունն էլ է անզոր լինելու դիմակայել նրանց ինքնության պահպանմանը սպառնացող վտանգներին ու նրանք վաղ թե ուշ՝ առավելագույնը չստացված յանկի կամ չորրորդ կարգի բելգիացի են դառնալու:

Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, այնուամենայնիվ, պիտի ընդունենք, որ մենք ապրում ենք սկզբունքների, դավանանքի, սերունդների ապագայի ուրացման և «Որտեղ հաց`էնտեղ կաց» «իմաստնության» արմատավորման ժամանակներում:

Եթե մենք իսկապես ցանկանում ենք ունենալ առողջ, դիմակայման ունակ հասարակություն, ուզում ենք այս արևի տակ հարատևել, ուրեմն պետք է սերունդ կրթենք: Քանի որ քաղաքակիրթ հասարակություններում ուզած տիպի հաշվարկ, զարգացման ուզած տիպի հնարավորություն դիտարկվում է սերունդների՝ թոռների ու ծոռների ժամանակային կտրվածքով: Ասածս ամենաուղղակի կապն ունի հավատի, ճշմարիտ հավատի հետ: Իսկ այսօր, ինչի ականատեսն ենք բոլորս, ի դեմս իր իսկ որդու, թոռան ու ծոռան, ոչ ոք իր շարունակությունը չի տեսնում: Սա է սարսափելին`առաջինը քրիստոնեությունը ընդունած և հավատի գործոնը շարունակաբար շահարկող ժողովրդի համար: Սա, ու մեկ էլ իշխանությունների՝ այդպես էլ յուրային չդարձած կիրթ մարդկանցից ունեցած, ներքին վախով պայմանավորված նողկանքը…

Ամենից շատ դիտված