Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:17 08-07-2022

Ինքնագլորի գործունեության համար ոչ մի կառույց պատասխանատու չէ․ փաստաբան

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Որպես այդպիսին ինքնագլորի երթևեկության կարգավորման ես ինքս չեմ հանդիպել։ Բայց ինքնագլորը իր հերթին հանդիսանում է փոխադրամիջոց և փողոց, մայթ դուրս գալով՝ դառնում է երթևեկության մասնակից։ Երթևեկությունը կարգավորելու համար գոյություն ունեն օրենքներ և Կառավարության որոշում և միաժամանակ ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքը և այլն, և այլն»։

Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե կա արդյոք որևէ օրենք, որով կարգավորվում է ինքնագլորների երթևեկությունը։

Հիշեցնենք՝ որոշ ժամանակ առաջ ԵՊԲՀ համալսարանի ռեկտր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ասվում էր, որ վերջին 3 ամսում շուրջ 40 քաղաքացի է տուժել էլեկտրական ինքնագլորներից։

Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ ինքնագլոր վարձակալությամբ տվող կազմակերպությունները տարիքային առումով ունեն որոշակի սահմանափակում, Մելիքյանն ասաց. «Միգուցե ինչ-ինչ իրավական կարգավորման մեջ նախատեսված է տարիք, որոշակի սահմանափակումներ, բայց այս պահին դա վերահսկելը ուղղակի անհնար է։ Յուրաքանչյուրը, իր հեռախոսում ներբեռնելով համապատասխան ծրագիրը, կարողանում է վճարել և քշել։ Նույն հաջողությամբ ոգելից խմիչք օգտագործած մարդը՝ և՛ երեխան, և՛ տարիքով մեծը, բոլորն էլ կարող են այդ ծրագիրը ներբեռնած լինել և օգտվել, այսպես ասած, ինքնագլորի ծառայությունից։ Հիմա այդ բոլորը վերահսկել անհնար է։ Պետք է վերահսկել, բայց ես չեմ պատկերացնում որևէ պետական մարմին, որ այդ մեխանիզմը կարողանա վերահսկել։ Օրինակ՝ ոգելից խմիչք օգտագործած մարդը մոտենա ինքնագլորին, և ինքնագլորը չաշխատի։ Միակ մեխանիզմը ես այսպես եմ պատկերացնում։ Բայց այս պահին ես չեմ կարծում տեխնիկապես նման հնարավորություններ կլինեն։ Այս ամենը պետք է կանոնակարգվի։ Այս ամենի մասին պետք է մտածեին այդ փոխադրամիջոցները ներմուծելուց և նման բիզնես սկսելուց առաջ։ Բայց մեզ մոտ լրիվ հակառակն է․ մի բանը անում են, հետո տեսնում են, որտեղ խնդիրներ տվեց, որտեղ խոչընդոտ առաջացավ և փորձում են դա շտկել։ Ինքնագլորները խնդիր են առաջացնում թե՛ երթևեկության համար, թե՛ հետիոտների, թե՛ երեխաների համար»։

Անդրադառնալով ինքնագլորի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թվին՝ Մելիքյանն ասաց․ «40 մարդը երեք ամսում սարսափելի թիվ է կազմում»։

Այս թեմայի շուրջ զրուցելու համար Օragir.news-ը կապ հաստատեց նաև ինքնագլորների վարձույթով զբաղվող ընկերությունների հետ։

Busy-Fly ընկերությունից մեզ ներկայացրին իրենց երթևեկության ռեժիմի սակագներին և պայմաններին. «Երթևեկելու երկու ռեժիմ ունենք՝ դռայվ և սպորտ։ Տարբերությունը դրանց արագությունն է, դրայվը գնում է մինչև 20 կմ/ժ արագությամբ, սպորտը՝ 25 կմ/ժ արագությամբ։ Արժեքը 30 դրամ՝ դրայվը, 40 դրամ՝ սպորտը մեկ րոպեն»։

Անդրադառնալով ինքնագլորի երթևեկման հնարավորության սահմանափակման մեր հարցին՝ աշխատակիցն ասաց. «Տարիքային սահմանափակում կա, անչափահասները չեն կարող օգտվել նաև այն պատճառով, որ բանկային քարտ չունեն, մինչև 18 տարեկան բանկային քարտ չեն կարող ունենալ։ Բայց քանի որ երբեմն տան անդամներից վերցնում են քարտ և օգտվում, այդ դեպքում մենք չենք կարողանում կանխել, բայց նկատելու դեպքում, բնականաբար թույլ չենք տալիս։ Այսինքն՝ մինչև 18 տարեկաններին թույլ չենք տալիս օգտվել»։

Իսկ մեր դիտարկմանը ի պատասխան, որ ինքնագլորից օգտվում են այն մարդիկ, ովքեր չեն տիրապետում ինքնագլորի կառավարմանը տեխնիկապես, ընկերությունից մեզ հակադարձեցին. «Երբ որ դուք ծրագիրը ներբեռնում եք, գրանցվում եք և արդեն պետք է վերցնեք և շարունակեք երթևեկել, մենք այդ ընթացում վիդիո ծրագրերի, դասերի միջոցով տեղեկություն ենք տրամադրում ինքնագլորի օգտագործման կանոնների մասին։ Օրինակ՝ մեր ծրագրում ասվում է, որ չի կարելի անձրևի ժամանակ երթևեկել, քանի որ վտանգավոր է»։

Հարցին, թե դասերի ընթացքում ասում են, որ չի կարելի անձրևի ժամանակ վարել, բայց վերահսկում են արդյոք դա, որ անձրևի ժամանակ չվարեն, աշխատակիցն ասաց. «Վարելը չի խրախուսվում»։

Անդրադառնալով նրան, թե արդյոք եղել են դեպքեր, որ ինչ-որ վթարներ լինեն, աշխատակիցն ասաց. «Մեր մեղավորությամբ ինչ-որ դեպք չի գրանցվել այսքան ժամանակ, բայց դեպքեր գրանցվել են, երբ մեքենան է սխալ տեղ եղել, և մեքենայի վարորդի պատճառով է վթար եղել։ Մի դեպք էլ եղել է, որ մեր սկուտեռը վարողի պատճառով է եղել»։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք թույլատրվում է մայթերի վրայով վարել, աշխատակիցն ասաց. «Այո՛, թույլատրվում է, արդեն նշեցի, որ չկա այդպիսի օրենք, որը արգելում է, բայց իմ պատկերացմամբ՝ մոտ ժամանակներում օրենքներ դուրս կգան, որոնցով կարգելվեն կոնկրետ փողոցներում երթևեկելը կամ կսահմանափակվի արագությունը։ Մենք այս պահին էլ ունենք տեղեր, որտեղ սահմանափակված է արագությունը, հինգից ավել չի գնում»։

Մենք կապ հաստատեցինք ինքնագլորների վարձակալությամբ զբաղվող մեկ այլ կազմակերպության՝ EREVAN RAYD-ի հետ, որտեղից մեզ տվեցին գրեթե նույն պատասխանը՝ ասելով, որ այդ ամենի վարձույթը իրականացվում է հավելվածի միջոցով, էլի ունեն տարքային սահմանափակում, իսկ մեր այն հարցին, թե ինչպես են վերահսկում, որ նշված տարիքից փոքր մարդիկ չկարողանան օգտվել, ասացին․ «Եթե տվյալ մարդը գրում է մեզ, կամ մենք խոսելիս հասկանում ենք, որ տարիքով փոքր է, արգելափակում ենք»։