copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:28 08-07-2022

Անորոշությունը հրեշներ է ծնում

Հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռը և Հոգևոր Գերագույն Խորհուրդը օրերս ևս մեկ անգամ հայտնեցին, որ «եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»: Դե իսկ նշանակման օրից հայ եկեղեցու դեմ իր աղանդավոր կռապաշտներին քսի տված և մեղսական բոլոր միջոցներով հայոց հավատի դեմ անձնապես ու անողոք պայքար սկսած այլադավան վարչակալը Կառավարության նիստում ինքնակամ հրահանգեց կատարել հայ եկեղեցու ավանդույթներին անհարիր հերթական սրբապղծությունը և իրագործել Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու «Մուլտի գրուպ»-ի նախաձեռնությունը։

Հավատավոր քրիստոնյա երևալու նկրտումով հավատը և եկեղեցին անարգող այս իրավիճակը հիշեցրեց իմ սերունդին հայտնի «Նորօրյա աղոթքը», որ բութ ու սուտ հավատացյալի մատաղը ոչ մի գավիթում ընդունելի չէ, քանի որ այն «իրենցը չէ, այլ գողացված է»: Հենց սրանց պլակատային աղոթքով են խաբում մեզ հիմա ու զոհաբերում մեր հավատը։ Հիշեցի նաև, ըստ ամենայն դասականի, Դանեմարքայի երբայրասպան արքա Կլավդիոսի մտորումը հերթական հանցանքը գործելուց առաջ. «Ի՞նչ բանի է պետք ողորմությունը, եթե ոչ` մեղքին դիմագրավելու, և աղոթքի մեջ ի՞նչ կա, եթե ոչ միայն` երկու զորություն՝ փորձանքից պահվել, քանի չենք ընկած, և ներում գտնել` ընկնելուց հետո»։ Սրանք պարզապես ուզում են պատեհ պահն օգտագործել ու փողով ներում ստանալ իրենց գործած միանգամից բոլոր մեղքերի համար, բայց դրանով իսկ սպանում են մեր հավատը։ Ուստի և միանգամայն բնականոն հարցեր են առաջանում։

Այդ ի՞նչ մեղքեր են գործել սրանք, որ եկեղեցիներ են կառուցում, և միաժամանակ այդ որքա՞ն խորը պետք է լինի սրանց մեղսական հոգում անհավատությունը, որ Աստծո համար կառուցածը իսկույն էլ սեփականացնում են։ Որքա՞ն են սրանք հավատացած իրենց վերմարդկային լինելու մեջ, որ Աստծո արձան են կառուցում իրենց մեծարելու ու հավերժացնելու նկրտումով, և միաժամանակ որքա՞ն թերարժեք ու սնանկ պետք է լինի սրանց մտածողությունը, որ հավատավորության պատրանքը տուրիստական բիզնես են դարձնում ու առաջնայնորեն լուծում են շահույթը բաժանելու հարցը։ Այստեղ ամենևին էլ ոչ մի հավատ ու բարեվարքություն չկան, այլ կան հաշվարկ ու քաղաքական անհրաժեշտություն։

Ավելի պարզ ասած՝ թավշյա ժամանակներում քաղաքական դաշտից վռնդված ամենահարուստ օլիգարխին իր խնամին` թավշյա ռեժիմի ամենավստահելի ու ամենակարող դարձած օլիգարխը, այսպիսի հնարքով վերադարձնում է քաղաքական դաշտ։ Իսկ դրա անհրաժեշտությունը հիմա շատ կա, քանի որ առջևում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական, ապա և հավանական դարձող հերթական արտահերթ համապետական ընտրությունն է։ Եվ բոլոր այս ընտրություններում թավշյա ռեժիմին կենսականորեն անհրաժեշտ է «հաղթել» ժողովրդին։ Իսկ «պյուռոսյան հաղթանակը» միշտ շատ, շատ-շատ թանկ է լինում։ Ահա և խնամին միջնորդել է, որ ռեժիմի «հաղթանակի» համար վճարի ոչ թե ինքը, այլ իր խնամին, որը շատ-շատ փող ունի ու շատ-շատ է ուզում վերադառնալ քաղաքական դաշտ։

Միաժամանակ, սա նշանակում է, որ քաղաքական ու տնտեսական դաշտի բոլոր մակարդակներում չորս տարի առաջ կորցրած դիրքերն ու ազդեցությունները վերականգնելու, վերադառնալու ընհանրական ու ընդգծված տենդենց է նկատվում։ Թավշյա ժամանակներում խաղից դուրս մնացածները նորից խաղի մեջ մտնելու ուղիներ են որոնում, քանի որ առաջիկայում պաշտոնների, իշխանության, բիզնեսի, ազդեցության դաշտերի, լափամանի մոտ տեղերի ու դիրքերի վերաբաժաններում են ակնկալում։ Ռեժիմի հետ սկսում են քայլ առ քայլ համագործակցել նույնիսկ նրանք, ովքեր իրենց քաղաքականորեն անհամատեղելի էին համարում ռեժիմի հետ, քրեական ու կոռուպցիոն ծանրագույն մեղադրանքներով էին բարձված, գաղափարական կամ սկզբունքային անհաշտվելի հակադրություններ ունեին, խորը աշխարհընկալային տարաձայնություններով էին պատնեշված կամ ուղղակիորեն ու միանշանակ մերժվել էին։ Այս իրողությունը ծնվել է երկար շարունակվող անորոշությունից ու ռեժիմին ոչ մի ռեալ այլընտրանք չտեսնելու անելանելիությունից։ Սա ներքաղաքական դաշտում իրեն ընդդիմություն համարող յուրաքանչյուր ուժի համար աղաղակող ահազանգ պետք է դառնա։