copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:30 07-07-2022

Հայաստանը տրանզիտ երկիր է

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումներին վերաբերող հերթական, մայիս ամսին վերաբերող վիճակագրական տեղեկագիրը։ Համաձայն հրապարակման՝ 2022թ․ մայիսին արտերկրից Հայաստան կատարված ֆիզիկական անձանց փոխանցումները, կարելի է ասել, հասել են ռեկորդային բարձր նիշի՝ 412․1 մլն դոլար։ Մինչ այդ փոխանցումների ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել էր ապրիլին՝ 357․8 մլն դոլար։ Ե՛վ մայիսին, և՛ ապրիլին տրանսֆերների շեշտակի աճը պայմանավորված էր ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից կատարված փոխանցումների աննախադեպ աճով։ Ապրիլին դեպի ՀՀ փոխանցված 357․8 մլն դոլարից 232 մլն-ը փոխանցվել էր Ռուսաստանից։ Մայիսի 412 մլն-ից՝ 266 մլն-ն է փոխանցվել Ռուսաստանից։ Երկրորդ, ծավալներով ամենամեծ դրամական փոխանցումները կատարվում են ԱՄՆ-ից։ Ապրիլին այդ երկրից ՀՀ է փոխանցվել 56․2 մլն դոլար, մայիսին՝ 57․6 մլն։

Բայց Կենտրոնական բանկի կողմից արտերկրից դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ կատարված փոխանցումների առումով վերջին հրապարակման մեջ տեղի է ունեցել տվյալների «սրբագրում»։ Մասնավորապես՝ Ռուսաստանից կատարված փոխանցումների առումով։ Մեկ ամիս առաջվա հրապարակման մեջ ապրիլ ամսին ՌԴ-ից Հայաստան կատարված փոխանցումները կազմում էին 232 մլն դոլար։ Հիմա՝ «կատարված ճշգրտումներից» հետո, պարզվում է, որ ապրիլին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 174․2 մլն դոլար՝ ամբողջ 58 մլն դոլարով կամ 25%-ով պակաս։ ՀՀ-ից դեպի Ռուսաստան փոխանցումների դեպքում ևս 25%-ոց սրբագրում է կատարվել․ 41․6 մլն-ը դարձել է 31․2 մլն։ Երբեք ԿԲ-ի գործունեության ընթացքում նման մեծ շեղում չի արձանագրվել։

Գործնականում խիստ կասկածելի է, որ այս հաստատությունում գործող պրոֆեսիոնալների առկայության պայմաններում կարող էր գրեթե թվաբանական այս գործողությունում ամբողջ 25%-ոց շեղում արձանագրվել, ընդ որում երկկողմանի՝ թե՛ ներհոսքի և թե՛ արտահոսքի պարագայում։ Երկուսն էլ մի երկրի դեպքում՝ Ռուսաստանի։

Ինչ վերաբերում է մայիս ամսվա ընթացքում կատարված փոխանցումներին, դարձյալ առյուծի բաժինը Ռուսաստանինն է, ընդհանուրի 64-65%-ը։ Անցած տարվա մայիսին, օրինակ, այն կազմում էր ընդամենը 41%։ Փոխանցումների ծավալի շեշտակի աճը բացատրվում է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 100 հազարի հասնող ռուսաստանցի մասնագետների՝ Հայաստան ժամանումով։ Բայց պարզվում է, որ դա իրականության միայն մի կողմն է։ Նույն ԿԲ-ի մասնագետների ներկայացմամբ տրանսֆերտների տեսքով եկող ֆինանսական միջոցների մեջ քիչ չեն նաև առևտրային բնույթի փոխանցումները։ Սրանք ամբողջ բանկային համակարգով կատարվող փոխանցումներն են, որոնց միայն մի մասն է վիճակագրորեն տրանսֆերտ ասվածը, որը մարդիկ փոխանցում են իրենց հարազատներին։

Հիմնականում աճել են առևտրային բնույթի և այլ տիպի փոխանցումները․ հայտարարվել է ԿԲ-ի մասնագետների կողմից։ Փաստորեն տրանսֆերտային փոխանցումների աճը, որ կա մեզանում վերջին ամիսներին, մասնակիորեն է տրանֆերտային, մնացածը թերևս քողարկված առևտրային փոխանցումներ են՝ տրանսֆերտների անվան տակ։ Նույն ԿԲ-ի մասնագետները չեն ժխտում, որ այդ փոխանցումների զգալի մասը կարող են լինել առևտրային բնույթի՝ Հայաստանից ներմուծումներ կազմակերպելու նպատակներով։ Դրա շատ ուղղակի ապացույցն է նաև այն, որ եղած լուրջ խնդիրներով հանդերձ՝ Հայաստանի արտաքին առևտրում վերջին ամիսներին արտահանման ծավալների 50-60%-ոց աճ ենք արձանագրում։ Փաստորեն Ռուսաստանը Արևմուտքի կողմից հայտնվել է շրջափակման մեջ, ու ինչպես 2014թ․-ին Բելոռուսն էր անում, հիմա էլ Հայաստանը ստանձնել է «տրանզիտի» դեր՝ Արևմուտքից պահանջարկված ապրանքներ ներկրելու և դեպի ՌԴ արտահանելու առումով։

Փաստորեն ստացվում է, որ գումարները մտնում են Հայաստան ու տասնյակ, գուցե և հարյուր հազարավոր ընտանիքների գոյատևման միջոց պետք է հանդիսանային, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Ավելին, մասնագետների (նաև ԿԲ-ի) գնահատմամբ՝ պատերազմի սկսվելուց հետո տրանսֆերտային գումարների որոշակի նվազում կա։ Ինչ վերաբերում է շեշտակի աճ արձանագրած «առևտրային-տրանսֆերտներին», դա մի կողմից լավ է, բայց իրականում խիստ վտանգավոր, որ պետական մակարդակով մաքսանենգության պես մի բան է, որի վրա գուցե և այս փուլում, ելնելով ինչ-ինչ հանգամանքերից, համապատասխան երկրները կարող են աչք փակել, բայց չի բացառվում, որ երկրի համար կարող է նաև շատ տխուր հետևանքների բերել։ Մյուս կողմից էլ հիմա երկրի տնտեսության վրա սրա բացասական ազդեցությունն էական է այն առումով, որ մեծ քանակությամբ տարադրամի ներհոսքի ու դրա չստերիլիզացման արդյունքում դրամն արժևորվել է ու բացասաբար է անդրադառնում հայկական արտադրանքի արտահանման վրա։