copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:13 06-07-2022

Չմարող կրքեր համբուրվող զույգի լուսանկարի շուրջ

Այսօր Համբույրի համաշխարհային օրն է։ Ձեզ ենք ներկայացնում համբույրի պատկերով թերևս ամենահայտնի լուսանկարի պատմությունը։

1945 թվականի օգոստոսի 14-ին` Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օրը, Նյու Յորքի «Life» ամսագրի ֆոտոլրագրող Ալֆրեդ Էյզենշտադտն իր 35 միլիմետրանոց Leica լուսանկարչական ապարատով շտապեց տոնակատարությունը նկարելու։ Այդ օրը նա Թայմս-սքվերում նկարեց շատերին, սակայն մի երիտասարդ նավաստի անմիջապես գրավեց նրա ուշադրությունը։ Էյզենշտադտը հետագայում այսպես է հիշել դեպքը.



«Նա վազվզում էր փողոցով, բռնում բոլոր կանանց, ում տեսնում էր. կարևոր չէր՝ նրանք տարեց էին, գեր, թե գեղիրան։ Ես իմ Leica-ով վազում էի նրա առջևից՝ փորձելով լուսանկարել, սակայն նրանցից ոչ մեկն ինձ դուր չեկավ։ Եվ հանկարծ տեսա, որ նա հափշտակեց ինչ-որ սպիտակ մի բան։ Ես շրջվեցի և կոճակը սեղմեցի հենց այն պահին, երբ նավաստին համբուրում էր բուժքրոջը։ Եթե նա հագած լիներ ինչ-որ մուգ հագուստ, ես երբեք նրանց չէի լուսանկարի։ Եվ նույնը, եթե նավաստին հագած լիներ բաց գույնի համազգեստ, լուսանկարը չէր ստացվի»։

Էյզենշտադտին հաջողվեց 4 լուսանկար անել։ Սակայն այդ շարքից ամենահաջողվածը մեկն էր, որն էլ նա հանձնեց ամսագրին։

Մեկ շաբաթ անց լուսանկարը տպագրվեց «Life» ամսագրի «Հաղթանակ» 12 էջանոց բաժնում։ Ամսագրի փռվածքի հակառակ էջն ամբողջությամբ զբաղեցնում էր Էյզենշտադտի աշխատանքը։
Տարիներ անց լուսանկարի ունեցած հաջողությունը և տարածումը պատճառ դարձան փնտրելու նկարի հերոսներին։



Քանի որ լուսանկարում համբուրվողների դեմքը չէր երևում, շատերը պնդեցին, որ հենց իրենք են նկարում։ Այս զույգի ինքնության պարզմամբ սկսեցին զբաղվել տասնյակ լրագրողներ։

1970-ականների վերջին Լոս Անջելեսի 60-ամյա բնակչուհի Էդիթ Շեյնը, որը պատերազմից հետո 30 տարի դաստիարակ էր աշխատել մանկապարտեզում, տեղական ամսագրում կարդալով Էյզենշտադտի հարցազրույցը, որոշեց նամակ գրել լուսանկարչին և պատմել իր մասին։ Էյզենշտադտն անձամբ հանդիպեց Շեյնի հետ և նրան նվիրեց լուսանկարի կրկնօրինակը։ Սակայն, նա մինչև վերջ համոզված չէր, որ Շեյնն ինքնակոչ չէր։

Խմբագրությունը որոշեց այդ դեպքի մասին փոքրիկ հոդված տպագրել, և միաժամանակ Շեյնին համբուրող նավաստուն փնտրել։ 1980-ին որպես նավաստի ներկայացավ 11 հոգի։ Հետագայում 2 կանայք ևս հայտարարեցին, որ նկարում իրենք են։ Սակայն, նրանց չհաջողվեց ապացուցել իրենց ճշմարտացիությունը, չնայած բացառված չէ, որ նրանք նույն օրը Թայմս-սքվերում համբուրվել էին զինվորականների հետ։

Շեյնը պաշտոնապես դարձավ «լուսանկարի աղջիկը», սակայն երկար ժամանակ նավաստու ինքնությունը պարզել հնարավոր չեղավ։ Նրա տեղում հավակնում էին լինել Ջորջ Մենդոսան, Կարլ Մուսկարելլոն և Գլեն Մակդաֆին։ Երկար ժամանակ Էդիթ Շեյնը կարծում էր, որ հենց Մուսկարելլոն է լուսանկարի հերոսը և նույնիսկ հանդիպեց նրա հետ ավելի քան կես դար անց, որպեսզի կրկնի նույն համբույրը։ Հետագայում խոստովանեց, որ լիովին համոզված չէ, որ Մուսկարելլոն էր իրեն համբուրող մարդը։

Որոշ ժամանակ անց հայտնվեց Մուսկարելլոյի մրցակիցը։ Նա ԱՄՆ ռազմա-ծովային ուժերի 80-ամյա վետերան Գլեն Մակդաֆին էր։ Որպեսզի ապացուցի իր արդարացի լինելը, 2007 թ.Մակդաֆին լուսանկարը վերլուծելու համար դատական փորձագետ Լոիս Գիբսոնի մոտ տարավ մոտ 100 լուսանկարներ, որտեղ վետերանը հագել էր ծովային համազգեստ և կանգնած էր նույն դիրքով, միայն աղջկա փոխարեն ձեռքին բռնել էր բարձ։ Թվային լուսանկարների և դեմքի ու ձեռքի ոսկորների չափումների միջոցով Գիբսոնը եզրակացրեց, որ հենց Մակդաֆին է լուսանկարում։

Բացի այդ, Գլեն Մակդաֆին լուսանկարի մասին պատմել էր, որ երբ հաղթանակի օրը մետրոյով գնացել էր Թայմս-սքվեր, այնտեղ իրեն դիմել էր երիտասարդ մի կին. «Նավաստի՛, ես շատ ուրախ եմ ձեզ համար»։ «Իսկ ի՞նչ է պատահել»,- հարցրել էր նրան Մակդաֆին։ «Պատերազմն ավարտվել է, դու կարող ես գնալ տուն»,- ասել էր բուժքույրը։ Նրանք գրկախառնվել և համբուրվել էին։
«Ես գիտեմ, որ համբուրել եմ Էդիթ Շեյնին. դրանից հետո այլևս երբեք չեմ համբուրվել մի կնոջ հետ, որն ունենար այդպիսի մեծ բերան՝ մի ականջից մյուսը։ Դա չի մոռացվում»,- հետագայում վստահեցրել էր Մակդաֆին։



2000-ականներին սկսվեց լուսանկարի հաջողության նոր դարաշրջանը։

2008 թ. նոյեմբերի 10-ին Էդիթ Շեյնը ներկագտնվեց Բրոդվեյում ներկայացվող South Pacific մյուզիքլին, որից հետո լուսանկարվեց ռազմածովային համազգեստ հագած դերասանների հետ։ Նոյեմբերի 11-ին՝ Վետերանների օրը, նախկին բուժքույրը գլխավորում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների շարասյունը։



Լուսանկարը սկսեցին տպագրել վերնաշապիկների վրա, այն վաճառվում էր նաև պոստերների ու բացիկների տեսքով։ Հորինվեց համբուրվող զույգի նոր կյանքը` Լեգո խաղալիքների տեսքով։ 2005-ին Life ամսագիրը լուսանկարը կրկին տեղադրեց իր համարներից մեկի շապիկին։ 2010 թվականին, ԱՄՆ-ի՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 65-ամյակի առթիվ, օգոստոսի 13-ին Թայմս-սքվերում բացվեց նավաստու և բուժքրոջ համբույրի 8 մետրանոց արձանը։



Ամեն տարի օգոստոսի 14-ին այս արձանի մոտ հավաքվում են հարյուրավոր մարդիկ, որպեսզի վերաստեղծեն լուսանկարը։ Նշանակված ժամին զույգերը սկսում են միաժամանակ համբուրվել, ընդ որում՝ շատ աղջիկներ հագնում են կարճ սպիտակ շրջազգեստներ, իսկ տղամարդիկ՝ նավաստու հագուստ։

Ալֆրեդ Էյզենշտադտի այս լուսանկարը հայտնի է «Հաղթանակի օրը», «Համբույրը Թայմս-սքվերում» և պարզապես «Համբույր» անվանումներով։

Ամենից շատ դիտված