copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:02 05-07-2022

Տոտալ համբուրգերիզացիա

Այսօր հուլիսի 5-ն է և այն Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկում նշված է որպես Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր։ Իհարկե, այս օրը պետք է նշանավորել, բայց միայն սգալով Սահմանադրության տևական կորուստը ու շարունակվող վախճանը, հիշատակելով պետական խորհրդանիշերի նկատմամբ խորացող մանիպուլյատիվ վերաբերմունքի փաստերը։

Հիմա` թավշյա վարչակալական ռեժիմի օրոք, այս օրը տոնելը զավեշտ կլինի, ծաղր ու ծանակ կդառնա, կնշանակի անարգել մեր սպանված անցյալը և ուրախանալ, որ ապագա կարող է և չունենանք։ Նաև հենց այսօր է անհրաժեշտ, հանուն արդարության, արձանագրել, որ մեր պետականությունը ու ժողովրդին այս դաժան ճակատագրին դատապարտեցին հենց բոլոր նրանք, ովքեր կայացած կուսակցություններ ու ներքաղաքական կայուն համակարգ չունեցող մեր երկրում նախագահական կառավարումը փոխարինեցին պառլամենտականով։ Հենց այս կերպ պայմանական որոշակիության փոխարեն ներդրվեց պարբերական անորոշության հիմքը։

Սահմանադրական կարգի վերջին «փոփոխության» հետևանքով է, որ մեր երկրի ու ժողովրդի կյանքը վերածվեց քաոսի, անարխիայի, տոտալ ու անձնիշխանական անիշխանության։ Կյանքի փիլիսոփայության գաղափարաբան Նիցշեն դեռևս XIX դարակեսին է հարցադրել. «Իսկ ինչո՞ւ մարդը պետք է հավատա ճշմարտությանը»։ Նա նաև պնդել է. «Մարդը նախ ուզում է հավատել, հետո նոր միայն հավատում է»։ Եվ ընդամենը վեց տարի առաջ` 2016-ին, Օքսֆորդյան բառարանը տարվա բառ ճանաչեց «Post-truth» արտահայտությունը, հայերեն` հետճշմարտություն։ Այս կերպ արձանագրվեց նաև, որ մարդկությունն աշխարհում արդեն ապրում է հետճշմարտության էպոխայում և հավատում է ոչ թե նրան, ինչը ճշմարիտ է, այլ նրան, ինչին հավատալը հարմար է, շահեկան է, հեշտ է, պետք է։ Սա է հենց կյանքի տոտալ համբուրգերիզացիայի հիմնաքարը։

Սա այն կյանքն է, որում չկան կայուն, անփոփոխ, հաստատուն տոտեմներ ու տաբուներ, օրենքներ ու կանոններ, մշակույթ ու էթիկա, արժեքներ, գաղափարներ ու բարոյականություն, ավանդույթներ ու սկզբունքներ։ Այս ամենը, իհարկե, հիմա էլ կյանքի թելադրանքով առաջանում է, քանի որ առանց դրանց ապրելն անհնարին է, բայց դրանք անկայուն, հարափոփոխ են և առաջանում են՝ ըստ իրավիճակների, շահերի, նկրտումների, պահանջների, և անընդհատ փոխվում են։ Եվ ամեն ինչ ու ոք այսպիսի հարափոփոխության մեջ համբուրգերիզացվում է։ Ամեն լուրջն ու բարդը վերածվում է անլուրջ պրիմիտիվության, քանի որ այդ «համբուրգեր»-ը` ձեռքի տակ եղած ամեն ինչի պարզ խառնուրդը, «սարքելու և ուտելու» համար պետք չեն որևէ հմտություն ու ճաշակ, պայմաններ ու կանոններ, էթիկա ու էսթետիկա։ Ոչինչ պետք չէ։ Իսկ միակ կարևորը չմտածելն է ու առաջացած կարիքները հնարավորինս հեշտ բավարարելը։

Անտրոպոլոգները` մարդաբանները, օքսֆորդցիներից շատ ավելի վաղ էին արձանագրել, որ XXI դարի «քաղաքակիրթ» մարդիկ հավատում են միայն նրան, ինչին ուզում են հավատալ։ Հետճշմարտության դարաշրջանում ապրող մարդը չի հավատում թվերին ու փաստերին, հավատում է միայն իր պատկերացումներին ու երազանքին, և հեշտորեն իր կուռքն է դարձնում նրան, ով խոստանում է իրագործել իր երազանքը։ Իսկ XXI դարում ապրող «քաղաքակիրթ» մարդու երազանքը ոչինչ չանելն ու ամեն ինչ ունենալն է։ Մարդկանց հոգիների ինժեներները ու մարդկանց ճակատագրերի ճարտարապետները XXI դարում հենց այսպիսի մարդիկ են կերտում ու սրանցով «քաղաքացիական հասարակություն» ստեղծում։ Նաև հասարակական կարծիք են ձևավորում, որտեղ օբյեկտիվ իրականությունը տեղ ու նշանակություն չունի, ճշմարտությունն ու փաստերը ուժ և կարևորություն չունեն, այլ որոշիչ են այս մարդկանց հիմնազուրկ զգացողությունները, անձնական թյուր համոզմունքները ու սին պատկերացումները։

Այս համատեքստում միանգամայն պարզ է դառնում, թե մեր երկրում օտար թշնամու նշանակած վարչակալը ինչու նախ և առաջ վերացրեց սահմանադրական կարգը և ինչու է տարփողում, որ ինքը ոչ մի գաղափարախոսութուն չունի։ Այսպես նա կարող է կաշկանդված չլինել որևէ մեկ գաղափարախոսությամբ ու ամեն քամու հետ ֆլյուգերի նման կարողանա փոխել իր ուղղությունը։ Անգաղափարությունը նրան որոշակի իմաստով ազատություն է տալիս։ Սա անարխիական սկզբունքներ, առաջնայնություններ, անհրաժեշտություններ, հիերարխիա չունեցողի, ոչ մի բան մյուսից, իրենն ու ուրիշինը չտարբերակողի աննպատակ ազատությունն է։ Այսպես ազատ է ջուրը զուգարանակոնքում կամ քամուն հանձնված օդապարիկը։

Սահմանադրությունն ու օրենքները անձնապես հնարած կարգ ու կանոնով փոխարինելը նաև հասարակությունը մինչև միջանձնային հարաբերություններ ու անգամ այս պառակտելու շատ լավ գործիք է։ Եթե պետությունում կան հարյուրից ավելի կուսակցություններ, ինչպես մեր երկրում է, եթե թույլատրված են բոլոր աղանդները ու դրանցից յուրաքանչյուրն ունի Հայ առաքելական եկեղեցուն հավասար նույն իրավունքները, ինչպես մեր երկրում է, եթե ավանդական արժեքներ կրող մեծամասնությանը հավասար իրավունքներ ունեն բոլոր տեսակի ու բնույթի փոքրամասնություններն ու լուսանցքային հոսանքները, ապա այդ հասարակությունը դժվար է, գրեթե անհնարին է կոնսոլիդացնել, համախմբել, կազմակերպել, ուղղորդել։ Հենց այս Սահմանադրությունից զուրկ քաոսն էր պետք օտար թշնամու նշանակած վարչակալին։ Այլապես նա ոչ մի հնարավորություն չէր ունենա կապիտուլյացիա ստորագրելու, բազմիցս վերընտրվելու կեղծիքը բեմադրելու, թուրքին հպատակվել քարոզելու, հայոց տարածքները թուրքին նվիրելու… Ոչինչ չէր կարողանա։