Ներքին Միտք 4 տարի առաջ - 11:00 05-07-2022

Ընդդիմությունը Թովմասյանից չի կարողանում հանձնաժողովի նախագահի պաշտոնը վերցնել, Փաշինյանին ինչպե՞ս պետք է հեռացնի

Նախօրեին առիթ եղել էր անդրադառնալու հեղափոխության ընձեռած՝ ինքներս մեզ բացահայտելու բացառիկ հնարավորությանը՝ որպես միակ «օգուտ»։ Բայց այս բացահայտումը ոչ միայն իշխանական դաշտում է, այլեւ ընդդիմադիր։ Հիմա՝ իշխանության դեմ պայքարի տապալումից հետո, ընդդիմադիրները պետք է որեւէ կերպ պատասխանատվության ենթարկվեն․ չէ՞ որ խոստացել էին հեռացնել, բայց չկարողացան։ Եւ այս կոնտեքստում տրամաբանական եւ ճիշտ է, երբ որոշ ընդդիմադիրներ մանդատը վայր են դնում՝ ցույց տալով, որ նախ կառչած չեն մանդատից, կարող են առանց դրա ևս պայքարել, եւ երկրորդ, սա էլ նրանց համար յուրօրինակ պատիժ է՝ մանդատը չօգնեց իշխանությանը հեռացնել, ինչո՞ւ պահել։ Երկրորդ քայլը իշխանության ձեռնարկած գրոհին հակագրոհով պատասխանելն է, երբ Վահե Հակոբյանին եւ Իշխան Սաղաթելյանին հեռացրին հանձնաժողովների նախագահների պաշտոններից, մյուս ընդդիմադիրները եւս միահամուռ հրաժարվեցին իրենց՝ հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի պաշտոններից․ Արմեն Գեւորգյանը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի, Արթուր Խաչատրյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, Թադեւոս Ավետիսյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահի, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից։

Միակ անդրդվելին Փաշինյանի նախկին թիմակից, «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն է, ով այդպես էլ չհրաժարվեց Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ի դեպ, այդ հանձնաժողովի նախագահ նա դարձել է «Հայաստան» դաշինքի քվոտայով՝ Դոնթի բանաձեւով, «Պատիվ ունեմ»-ին հանձնաժողով չէր հասնում։

Եւ հիմա եթե ընդդիմադիրները չեն կարողանում համոզել Թագուհի Թովմասյանին՝ ի նշան համերաշխության հրաժարվել այդ պաշտոնից, անգամ նախկին երկու նախագահներն են անզոր այդ հարցում, ինչո՞ւ չեն օգտագործում օրենսդրական իրենց հնարավորությունը՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հանձնաժողովի նախագահին հետ կանչելու մեխանիզմը։ Թող նախաձեռնեն Թովմասյանի հետկանչը, ՔՊ-ականները գան եւ դեմ քվեարկեն, արդյունքում չհաջողվի նախաձեռնությունը, բայց գոնե սա կլինի լակմուսի թուղթ։ Այլապես հեշտ է ամեն ընտրության հայտնվել որեւէ ուժի անցողիկ համարում եւ համարել, թե որպես բացառիկ քաղաքական, հանրային գործիչ՝ ընտրողները քեզ քվե են տվել, վերջ, դու կարող ես մտնել խորհրդարան այս կամ այն ուժի հետ, կեսից «թռնել» եւ անկախ պատգամավոր լինել։

Երկրորդ՝ լիովին սին են պնդումները, թե մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական նախաձեռնություն է, քավ լիցի, Թովմասյանը այդ առաքելությունը կարող է իրականացնել որպես հանրային գործիչ, որպես մեդիայի ղեկավար, որպես նախկին պատգամավոր, ծայրահեղ դեպքում՝ ՀԿ-ի ֆորմատով։ Առնվազն տարօրինակ է, որ մեկ տարի առաջ ինքը Թովմասյանն էր առաջարկում մանդատները վայր դնել, իսկ այսօր այդքան կառչած է հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որի առավելությունը ընդամենը մի փոքրիկ աշխատակազմ, վարորդ, մեծ աշխատասենյակ եւ մի քիչ ավել աշխատավարձ ստանալն է։

Վերջիվերջո, ի՞նչ մարդու իրավունքների պաշտպանության մասին է խոսքը, երբ հայրենիք ենք կորցնում, երբ մարդկանց ենք կորցնում, եւ մի՞թե այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնով Թովմասյանը կարողացավ հասնել իշխանափոխության կամ որեւէ պաշտոնյայի փոփոխության կամ գոնե արագացնել այդ գործընթացը։ Իսկ վերջին տխուր դիտարկումը ոչ թե Թովմասյանի մասով է, այլ ընդդիմության, այն ընդդիմության, որը մի հանձնաժողովի նախագահի պաշտոն չի կարողանում հետ վերցնել, ուր մնաց՝ Փաշինյանին հեռացնել։ Հարց է առաջանում՝ եթե Թովմասյանը կարողացել է «ֆռցնել» թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նախկին երկու նախագահներին, գուցե նրա՞ն դարձնենք վարչապետ՝ Ալիեւին ու Պուտինին ևս «ֆռցնելու»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է