Խոսք Ներքին 4 տարի առաջ - 16:51 04-07-2022

Համագործակցելն ավելի մեծ արժեք է, քան ֆինանսները. Բյուրականի աստղադիտարանի տնօրենը` նոր համաձայնագրի մասին

Այսօր ԿԳՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հանձնաժողովի անդամների կողմից հավանության է արժանացել «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, ըստ որի՝ համաձայնագրի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական եւ կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաև համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը:

Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց աստղագետ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, ով, մանրամասնելով նման համագործակցությունների մասին, ասաց. «Մենք նախկինում էլի նմանատիպ համագործակցություններ ունեցել ենք, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել։ Ես առայժմ ասեմ, որ մենք այն ֆորմատով, որով համագործակցել ենք, ոլորտում ոչ մի օրենք, ոչ մի բան չի պահանջվել, և գուցե այն հին ժամանականերում կարող էին խանգարել՝ սովետական ժամանակներում, որ ասում էին «երկաթյա վարագույր» և այլն, այն ժամանակ խնդիրներ կարող էին լինել, բաց հիմա այդպիսի խնդիր չկա, և ինչքան կնպաստեն՝ ես միայն ուրախ կլինեմ։ Ուզում եմ ասել, որ այս պահին ակտիվ համագործակցության մեջ ենք, այս պահին 23 երկրների հետ ակտիվ համագործակցում ենք։ Մենք խորհրդային միության ժամանակ ակադեմիան համարյա բոլոր համագործակցություններն ունեցել ենք, որոնք հետագայում վերածվեցին ԱՊՀ երկրների, դրանք կոչվում էին փոխանակման ծրագրեր, այսինքն՝ գիտնականները կարողանում էին փոխադարձ այցելություններ կատարել դեպի իրար երկրներ, օրինակ՝ այստեղից գնան Ղազախստան, Ղազախստանից՝ այստեղ, գիտնականները՝ փորձի փոխանակման համար»։

Անդրադառնալով նոր կնքվող համաձայնագրին՝ Միքայելյանն ասաց, որ կան տարբեր ֆորմատներ՝ և՛ գիտական համատեղ ծրագրեր, և՛ գիտնականների փոխանակում, և՛ գիտական համատեղ հրապարակումներ։

Հարցին, թե ինչ հետազոտությունների մասին է խոսքը և արդյոք նախկինում նման համագործակցություններ եղել են, պատասխանեց. «Իհարկե, մենք հենց հիմա էլ ենք անում, ու հետազոտություններ անելու համար պարտադիր չէ ունենալ սեփական արբանյակ, սեփական տիեզերանավ կամ տիեզերական աստղադիտարան։ Տիեզերական տվյալների հիման վրա մենք արել ենք նախկինում ՝ NASA-ի հետ համագործակցելով, թե՛ եվրոպական տիեզերական գործակալության, այսինքն՝ իրար հետ համատեղ ծրագրեր ունենք, և գիտական հետազորտությունների համար որևէ սահմանափակում չկա»։

Հարցրինք, թե որքան ֆինանսական ներդուրմներ են սովորաբար արվում նման ծրագրերի համար։ Միքայելյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ցանկալի կլինի, որ Հայաստանն էլ ներդրում անի, որ ավելի լիարժեք հավակնի հավասարազոր համագործակցությոն համար, որովհետև մենք այս պահին մեր գիտական թեմաների, գիտական մտքի շնորհիվ ենք անում, որը նույնպես արժեք է, որն ավելի շատ արժեք է, քան ֆինանսները։

Բայց մի քիչ անհավասար պայմաններում ենք, որովհետև ամներիկացիները շատ փող ունեն, կամ ասենք եվրոպացիները, որովհետև իրենք շատ դեպքերում․․․ գիտեք, որ գումար ունեցողն ինքն է թելադրում պայմաններ, բայց մենք հաջողեցնում ենք՝ ի պատիվ գիտնականների, որ այս պայմաններում, առանց գումար ունենալու մենք էլի հավասար, համարյա պատվավոր ձևով համագործակցությունների մեջ ենք, համագործակցությունը բերում է լավ գիտական արդյունքների, որովհետև մեկը մի բանի է տիրապետում, մյուսը՝ մի ուրիշ բանի։ Օրինակ՝ երկու գիտնական ինչո՞ւ են միասին աշխատում թեկուզ նույն երկրում, որովհետև նրանք ունեն տարբեր գիտելիքներ, և իրենք իրար հետ միասին աշխատելով՝ լավ արդյունք է տալիս»։