Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 4 տարի առաջ - 19:28 02-07-2022

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ուղղակի քաղաքական հաշվեհարդար տեսավ Վահե Հակոբյանի դեմ․ իրավաբան

Երեկ Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի ընթացքում, որը գումարվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ, 66 կողմ և 0 դեմ ձայների մեծամասնությամբ մանդատից զրկվեցին Իշխան Սաղաթելյանը, ով ԱԺ փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում, և Վահե Հակոբյանը, ով զբաղեցնում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պաշտոնը։ Այնուհետև ինքնակամ հրաժարական ներկայացրին Հայկ Մամիջանյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գևորգյանը, Թադևոս Ավետիսյանը։

Oragir.news-ը կապ հաստատեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ՝ հարցնելով, թե հնարավո՞ր է ԱԺ-ն չհամալրի հանձնաժողովների նախագահների և տեղակալների հաստիքները, ԱԺ փոխնախագահի հաստիքը և այդպես շարունակի աշխատել։ Հայրապետյանը պատասխանեց․ «Սկսեմ փոխխոսնակից․ երբ Սահմանադրությունը հստակ կարգավորում ունի, որից բխում է Ազգային ժողովի կանոնակարգը, սահմանդրական օրենքում կարագավորումն առ այն, որ փոխխոսնակներից մեկը ընդդիմության թեկնածուն է լինում, սա ընդամենը նորմ է, որով իրավունք է տրվում քաղաքական փոքրամասնությանը՝ առաջադրելու Ազգային ժողովի սեփական թեկնածուն, և պարտականություն է մեծամասնության վրա՝ ընդդիմության առաջարկած թեկնածուին ընտրելու։ Պարտականությունը մի քիչ կոշտ է ասված, քանի որ հնարավոր է՝ նաև չընտրեն x թեկնածուին, ընտրեն y-ին։ Բայց ի վերջո ընդդիմությանկողմից ինչ-որ թեկնածուի պետք է ընտրեն։ Նույնը վերաբերում է նաև մշտական հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի նախագահների տեղակալների վարչական պաշտոնների բաշխմանը, և նորընտիր Ազգային ժողովը առաջին նիստով բաշխումը կատարում Է։

Եթե մանդատը հանձնվում է x մարդուն, այս դեպքում խոսենք, օրինակ, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովից, եթե հանձնվում է ընդդիմությանը, և ընդդիմությունը առաջարկում է Վահե Հակոբյանի թեկնածությունը, ով ընտրվում է և մեկ տարի պաշտոնավորում է, և դրանից հետո, իմ գնահատմամբ, առանց իրավական հիմքի, որովհետև նման իրավական հիմք այնուամենայնիվ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չուներ, սա կլասիկ ինքնիրավչություն է, առանց հիմքի ազատում է Վահե Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից, այդ դեպքում, միևնույնն է, այդ պաշտոնում առաջադրելու իրավասություն և իրավունք ունի բացառապես «Հայաստան» խմբակցությունը։ Ես տեսա, որ «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական հայտարարություն է տարածել առ այն, որ այդ պաշտոններում այլ թեկնածուներ չեն առաջադրվելու, արդյունքում հանձնաժողովների աշխատանքները որպես այդպիսիսն չեն պարալիզացվում, որովհետև գոյություն ունեն Ազգային ժողովի գործունեության կարգ և համապատասխան հանձնաժողովների աշխատակարգ, որտեղ նշում են, որ հանձնաժողովի նախագահի տևական բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է նախագահի տեղակալը։

Եվ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը, շատ լավ սերտած լինելով այդ հանգամանքը, ուղղակի քաղաքական հաշվեհարդար տեսավ այս պարագայում Վահե Հակոբյանի դեմ, որպեսզի Բաբկեն Թունյանը շարունակի դե ֆակտո ղեկավարել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ Նույնը, վստահ եմ, լինելու է նաև Արմեն Գևորգյանի ղեկավարած Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դեպքում, իսկ փոխխոսնակի պարագայում ընդդիմությունը ուղղակի չի օգտվելու իրեն տրված սեփական իրավունքից, չի առաջադրելու փոխխոսնակի թեկնածու, ինչը էլի Ազգային ժողովի բնականոն աշխատանքներին, ըստ էության, չի խոչընդոտելու, թեպետ Արուսյակ Ջուլհակյանը, ով զեկուցում էր Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ նախագիծը, նշեց, որ Իշխան Սաղաթելյանի՝ միտինգների մասնակցելու արդյունքում Ազգային ժողովի նախագահը զրկված է եղել վերջինիս հանձնարարականներ տալու հնարավորությունից, ինչը դժվար է դարձրել ԱԺ-ի աշխատանքը, բայց սա մեծագույն միֆ է, որովհետև բացի Իշխան Սաղաթելյանից՝ այնտեղ կան Ռուբեն Ռուբինյան և Հակոբ Արշակյան, ովքեր, շատ ակտիվ կատարելով Ալեն Սիմոնյանի հանձնարարությունները, պարբերականությամբ կամ հերթափոխով վարում էին Ազգային ժողովի նիստերը։

Այս պահին, եթե ընդդիմությունը չի առաջադրում Իշխան Սաղաթելյանի փոխարեն որևէ մեկին, նա որևէ իրավական ակտ չի խախտում դրանով և չի էլ պարալիզացնում Ազգային ժողովի աշխատանքը, քանի որ բացի ընդդիմության թեկնածունից՝ այնտեղ կա ևս երկու փոխխոսնակ։ Այլ հարց է, որ ընդդիմության այդ իրավունքի իրացումից ապօրինի կերպով քաղաքական մեծամասնությունը զրկել է վերջինիս։ Երկու ասպեկտով դիտարկենք․ եթե նայում ենք գլոբալ առումով, ապա Ազգային ժողովի բնականոն աշխատանքը չի խաթարվում ո՛չ փոխխոսնակի թեկնածու չառաջադրելու պարագայում, ո՛չ էլ առավել ևս հանձնաժողովի նախագահների, քանի որ վերջիններիս փոխարինում են տեղակալները, իսկ այնտեղ, որտեղ որ ընդդիմության ներկայացուցիչները եղել են հանձնաժողովի նախագահների տեղակալներ, այնտեղ նախագահները եղել են ՔՊ-ականներ, այս պարագայում ևս հարցը լուծվում է։ Եվ չմոռանանք նաև, որ մենք ունենք պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին տեղակալի ակնառու դեպք, երբ, եթե չեմ սխալվում, 14 անգամ ընդդիմությունից առաջադրվող թեկնածու Արթուր Ղազինյանին պաշտպանության հարցերի հանձնաժողովը այդպես էլ չընտրեց և որևէ կերպ չարձանագրեց, որ դրանով պարալիզացվում է հանձնաժողովի բնակակոն աշխատանքը։

Իսկ երկրորդ ասպեկտով եթե նայենք, ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ատահերթ նիստով կայացված երկու որոշումների արդյունքում կոպիտ կերպով խախտել են քաղաքական փոքրամասնության լիազորությունը՝ իրականացնելու խորհրդարանական կառավարում և զբաղեցնելու վարչական պաշտոններ։ Եվ այնքանով, որքանով ընդդիմությունը այդ խախտումը արձանագրում է և հետագայում իր իրավունքը այլ ընթացակարգով չի իրականացնում, հարցը համարվում է լուծված։ Ուղղակի գլոբալ պառլամենտարիզմի տեսանկյունից մենք ունենք մի իրավիճակ, երբ պառլամենտարիզմը առհասարակ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Կա քաղաքական մեծամասնություն, ով իմ սեփական կարծիքով սխալ բաշխման արդյունքում ստացել է ահռելի քանակով պատգամավորական մանդատներ, ինչի արդյունքում բոլոր գործողությունները կատարում է այնպես, ինչպես ուզում են»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը։