copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:00 02-07-2022

Իսկական տղամարդը չի կարող մահանալ անկողնում

1961 թվականի հուլիսի 2-ին ամերիկացի գրող, լրագրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյը Այդահեոյի իր տանը ինքնասպան է լինում` առանց գրություն թողնելու։

Նրա չորրորդ կինը՝ Մերին, ոստիկանությանը պատմում է, որ դա դժբախտ պատահար էր՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Սակայն անհնար էր հավատալ դրան, քանի որ Հեմինգուեյը, լինելով բազմափորձ որսորդ, հենց այդ նույն` իր սիրելի իտալական Bernardelli զենքով Աֆրիկայում մի քանի անգամ առյուծ էր սպանել: 1966 թվականին՝ գրողի մահից հինգ տարի անց միայն, Մերին խոստովանել էր, որ դա ինքնակամ մահ էր։

Ի՞նչը կարող էր լինել ինքնասպանության պատճառ մի գրողի համար, որին կյանքի օրոք արդեն դասական էին համարում, հիանում, գնահատում, նմանակում էին ու նախանձում։ Յոթ վեպ, պատմվածքների վեց ժողովածու և երկու ոչ գեղարվեստական աշխատություն։ ԱՄՆ-ի բարձրագույն գրական Պուլիտցերյան մրցանակ, ապա գրականության Նոբելյան մրցանակ։

Հեմինգուեյն ապրել էր այնպիսի կյանքով, որ իր փորձառությամբ, հաջողություններով, հետաքրքիր ու յուրօրինակ պատմություններով կարող էր դառնալ գլխավոր հերոս գրական բոլոր ժանրերի ստեղծագործություններում։

Գրողը մասնակցել էր առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին, Իսպանիայում հայտնվել էր ռմբակոծության տակ, ապա մասնակցել Գերմանիայի վրա ռմբակոծիչների թռիչքներին, գլխավորել է ֆրանսիացի պարտիզանների ջոկատը և կռվել Փարիզի ազատագրման ժամանակ։ Նա հարցազրույց էր վերցրել Մուսոլինիից, արժանացել էր Կուբայի դիկտատոր Բատիստայի շքանշանին, ինչը չէր խանգարել նրան հետագայում ողջունել Կուբայի հեղափոխությունը և ընկերանալ Ֆիդել Կաստրոյի հետ։

Որսի և ձկնորսության հանդեպ Հեմինգուեյի կիրքը, որը մանկության տարիներին սերմանել է հայրը, լիովին բավարարվել էր։ Օվկիանոսում նա մեծ ձուկ էր բռնել, Աֆրիկայում առյուծներ և անտիլոպներ որսացել: Նա սեփական մեծ ու շքեղ տներ ու կալվածքներ ուներ Կուբայում և ԱՄՆ-ում։

Ճակատագիրը երես էր տվել Հեմինգուեյին, իսկ բախտն ուղեկցել էր նրան ողջ կյանքում։ Մի քանի անգամ մահը թակել էր նրա դուռը, սակայն միշտ հրաշքով հարություն էր առել՝ զարմացնելով բժիշկներին։

Մեծ գրողն անընդհատ խաղում էր ճակատագրի հետ։
Էռնեստ Հեմինգուեյը երկու անգամ ծանր վիրավորվել էր որսի ժամանակ և այրվել անտառային հրդեհից: Մասնակցել էր ցլամարտերին։ Նա կարողացել էր ապաքինվել այնպիսի ծանր հիվանդություններից, ինչպիսին էին մաշկի քաղցկեղը, սիբիրախտը, անեմիան, մալարիան, շաքարախտը, հեպատիտը և թոքաբորբը: Փրկվել էր երկու ավիավթարից` կոտրելով գանգի հիմքը և վնասելով երիկամն ու փայծաղը։

Զարմանալի չէ, որ այս ամենը հաղթահարած մարդը կյանքի վերջում տառապում էր դեպրեսիայից, որն էլ դարձավ նրա հիմնական խնդիրը։ Հեմինգույն այլեւս չէր կարողանում աշխատել այնպես, ինչպես նախկինում էր անում դա: Նրա աչքերն ու միտքը դադարել էին հնազանդվել իրեն: Ալկոհոլի հանդեպ սերն էլ խորացնում էր եղած խնդիրները։

Հեմինգուեյին անընդհատ թվում էր, որ իրեն հետևում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները, լսում են հեռախոսը և կարդում նամակներ։ Նույնիսկ փողոցում գերադասում էր հեռու մնալ անցորդներից՝ նրանց համարելով գաղտնի լրտեսներ։

Հեմինգուեյի մտերիմներն ու հարազատները, տեսնելով նրա հոգեվիճակի վատթարացումը, որոշեցին գրողին բուժել կլինիկայում։ Այնտեղ նա էլեկտրացնցումային թերապիա անցավ, որից հետո կորցրեց հիշողությունն ու ստեղծագործելու ունակությունը։ Երբ բժիշկները հասկացան, որ թերապիան չի օգնում, գրողին դուրս գրեցին կլինիկայից։

Մահից օրեր առաջ Հեմինգուեյն ասել էր. «Իսկական տղամարդը չի կարող մահանալ անկողնում. նա կա՛մ պետք է մեռնի մարտի դաշտում, կա՛մ մի փամփուշտ բաց թողնի ճակատին»: Նրա այս միտքը դարձավ մարգարեական։

Էռնեստ Հեմինգուեյին թաղեցին Կետչումի գերեզմանատանը իր հին ընկեր Թեյլոր Ուիլյամսի կողքին։ Հետագայում կնոջ նախաձեռնությամբ Հավանայի իրենց տանը բացվեց Հեմինգուեյի թանգարանը։

Գրողի մահից 50 տարի անց, տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին հարցում է կատարվել Էռնեստ Հեմինգուեյի վերաբերյալ: Պատասխանը դրական է եղել։ Նրանք հաստատել են, որ իրոք իրենց գործակալները նույնիսկ հոգեբուժարանում անընդհատ հսկել էին գրողին, լսել հեռախոսը և մշտապես տեղադրել գաղտնալսող սարքեր։

Այս բացահայտումից անկախ, այնուամենայնիվ, Հեմինգուեյի կենսագիրները որպես մահվան վարկած ու պատճառ համարել են ժառանգականությունը։ Քանի որ նախկինում նույն կերպ կյանքին հրաժեշտ էր տվել գրողի հայրը, ապա ինքնասպան էր եղել նաև նրա կրտսեր եղբայրը։ Իսկ Հեմինգուեյի մահից 35 տարի անց իր կյանքին վերջ տվեց նաև նրա թոռնուհին` Մարգո Հեմինգուեյը։