Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:15 02-07-2022

Միջանցքային տրամաբանությունը փաստորեն վերաբերում է ոչ միայն Մեղրիով անցնող ճանապարհին, այլև ամբողջ Հայաստանին․ Ռուբեն Մելքոնյան

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Քանի որ հայ-թուրքական հանդիպումները ոչ մի կոնկրետ պրոդուկտ չէին տալիս, և նպատակ կար ցույց տալու, որ այնուամենայնիվ, դրանք լոկ հանդիպումներ չեն, այլ սայլը տեղից շարժվում է, երեկ ընդունվեց այդ «ձեռքբերումը», ըստ որի՝ հայ-թուրքական սահմանը, որը լիովին անձեռնմխելի էր և փակ՝ ցանկացած տեսակի քաղաքացիների ու բեռնափոխադրումների համար, բացվելու է երրոևդ երկրի քաղաքացիների համար»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Վիեննայում կայացած երկու երկրների բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպմանը, որի ընթացքում պայմանավորվել են բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում:

«Այս որոշմամբ, կարելի է ասել, այդ անձեռնմխելիությունը սահմանի մի փոքր փոխվում է, բայց այն, թե դա Հայաստանին ինչ օգուտ կարող է տալ, դժվարանում եմ ասել»։ Նրա դիտարկմամբ՝ հայկական պարտված դիվանագիտությանը, տապալված դիվանագիտությանը թշնամի կողմը երեկ փորձում էր ինչ-որ կերպ աջակցել։

«Երեկվա հանդիպումից երկու աջակցության տարր կարող եմ առանձնացնել․ առաջինը՝ այն, որ սահմանի անձեռնմխելիությունը փոխվում է, և կարող են երրորդ երկրների քաղաքացիներն անցնել այս սահմանով, և երկրորդ՝ հայտարարությունը, թե կողմերը հարաբերությունները հաստատում են առանց նախապայմանների։ Այս «առանց նախապայմաններ» եզրույթը հատուկ արված է, որ տապալված հայկական դիվանագիտությունը փորձի ներքին լսարանի համար այդ հայտարարությունը թանկ վաճառել՝ ցույց տալու համար, որ որևէ սկզբունքային հետընթաց չկա, բայց առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու թեզը լիովին կեղծ է, որովհետև ավելի շատ նախապայմաններ իրականացրած իշխանություն Հայաստանում երբևէ չի եղել։

Այն, որ Թուրքիան իր հարաբերությունները կապում է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, այն, որ Թուրքիան սպասում է, որ կստորագրվի հայ-ադրբեջանական որևէ պայմանագիր, նոր կսկսվեն հայ-թուրքական լայնածավալ հարաբերություններ, դա ամենաբացահայտ ու ամենացայտուն նախապայմանն է։ Եթե թշնամի կողմը փորձում է դիվանագիտական աջակցություն ցույց տալ բանակցող կողմին՝ Հայաստանին, ապա ակնկալել, որ այդ գործընթացը պրոհայկական է և հայկական շահերից է բխում, դա մեծ միամտություն է։ Այսինքն՝ մենք հասել ենք այն վիճակի, որ թուրք դիվանագետները ինչ-որ աջակցության գրոշ են նետում հայկական կողմը ներկայացնող անձանց, որպեսզի նրանք կարողանան իրենց պոպուլիստական հռետորաբանության մեջ և ներքին լսարանի համար դա ներկայացնել և շարունակել իրենց կործանարար ինքնախաբեությունը»։

Հարցին, թե ում համար է իրականում բացվում սահմանը, թուրքագետը պատասխանեց, որ եզակի դեպքերում դրանք կարող են լինել Թուրքիայում կամ Հայաստանում գտնվող այլ երկրների քաղաքացիներ։ «Բայց ենթադրում եմ, որ դրանք ավելի շատ կարող են լինել, օրինակ, Իրանի քաղաքացիներ, Իրանի թուրքախոս կամ ադրբեջանախոս քաղաքացիներ։ Չի բացառվում՝ Ադրբեջանի քաղաքացիներ։ Սրա մեջ տեսնել հայկական շահ անհնարին է։ Հայկական շահ այստեղ չկա, միակ բանն այնտեղ այն է, որ սահմանային քարացած ռեժիմը որոշակիորեն փոխվում է, և սահմանը սկսում է թեթև շնչել, բայց դա Հայաստան պետության շահերի հետ որևէ առնչություն չունի։ Ավելին, միայն նայելիս բանակցությունների սեղանին, թե ովքեր են նստած հայկական կողմում, և թե ովքեր են նստած թուրքական կողմում, ցանկացած գիտակից քաղաքացի կարող է ընկել խորը մտահոգության մեջ»։

Մելքոնյանի դիտարկմամբ՝ եթե գլոբալ նայենք զարգացումներին, ապա սա տեղավորվում է Հայաստանի սպասարկու պետության ապագա իմիջի հետ։ «Այսինքն՝ Հայաստանը ոչ թե ինքնուրույն գործոն, պետություն է մնալու, այլ դառնալու է միջանցք, դառնալու է սպասարկու պետություն, մնալու է զվարճանքներով հարուստ ինչ-որ վայր։ Սրա ընդհանուր գնահատականը սպասարկու պետություն լինելն է, թե այդ սպասարկումից որ պետությունները կօգտվեն՝ Թո՞ւրքիան, Ադրբեջա՞նը, Իրա՞նը, թե՞ այլ երկրներ, այլ հարց է։ Սրանով փոխվում է հայկական պետականության իմիջը, և հետևաբար հայ-թուրքական սահմանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ ոչ թե արժանապատիվ պետության սահմանի բացում է իր հարևան պետության հետ, այլ Հայաստանի՝ որպես այլոց շահերը սպասարկող պետության իմիջի ձևավորումն է։ Միջանցքային տրամաբանությունը փաստորեն վերաբերում է ոչ միայն Մեղրիով անցնող ճանապարհին, այլև ամբողջ Հայաստանին, Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար դադարելու է լինել պետություն, այլ նրանք փորձում են այն ներկայացնել և պատկերել՝ որպես ուղղակի միջանցք»։

Ձեզ գուցե հետաքրքրի