Ներքին 1 ամիս առաջ - 19:37 30-06-2022

Հերթական խայտառակությունը. ինչու են բանկերը դոլարի կանխիկացման համար մինչև 3% սահմանել

Քնարիկ Պետրոսյան

Լրագրող

Հուլիսի 1-ից մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։

Կան բանկեր, որոնք դոլարի կանխիկացման համար սահմանելեն 3%, ինչը, կարելի է ասել, հավելյալ շահույթ է բերում բանկին։

Ենթադրենք, երբ գումար են փոխանցում ՀՀ, մենք ցանկանում ենք, օրինակ, այդ գումարը կանխիկացնել, հիմա բոլոր բանկերը 3 % կանխիկացման վճար են ուզում։ Դա կապված է տարածաշրջանում պատերազմի հետ՝ մասնավորապես ռուս–ուկրաինական հակամարտությունից հետո ռուս տուրիստների հոսքով, ովքեր իրենց հետ բերում են նաև իրենց գումարները։
«Մենք, օրինակ, վերջին ամիսների ընթացքում ունենք բավականին մեծ ծավալի տրանսֆերներ, այսինքն՝ գումարն ուղարկել են, բայց ՀՀ-ում քեշ չկա, կանխիկ չկա, որ բոլորը, ով գա, ուզի, տան։ Բանկերը խնդիր ունեն կանխիկ դոլարի հետ կապված։ Օրինակ՝ քաղաքացին գումար է ստանում, բայց այդքան կանխիկով չկա։ Դա պայմանավորված է նրանով, որ մեր բանկերը հիմնականում աշխատում են ռուսական բանկերի հետ, օրինակ, եթե մեր բանկին դոլար է պետք լինում կանխիկ, նրանք դիմում են ռուսական բանկին, իսկ ռուսական բանկը տալիս է այդ գումարը, հիմա ռուսական բանկերից շատերը գտնվում են սանկցիաների տակ, իրենք չունեն կանխիկ դոլար, իսկ ՀՀ-ում մի քանի բանկեր են, որ ունեն ամերիկյան ու եվրոպական բանկերի հետ պայմանագրեր։ Ստացվել է մի իրավիճակ, որ ՀՀ ընդհանուր բանկերը դրսից դոլար են բերում, բաժանում մյուս բանկերին։ Իսկ մյուս բանկերը վերավաճառողներ են դառնում, վերցնում՝ վաճառում, իսկ դրա արդյունքում՝ կանխիկի ծառայության սակագինն աճել է շուկայում, դա է պատճառը»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Ինչ վերաբերում է անշարժ գույք ձեռք բերելուն, ապա սույն օրենքը վերաբերում է նաև նրան, որ բոլոր առքուվաճառքները պետք է լինեն անկանխիկ եղանակով, այդ թվում՝ անշարժ գույքի ձեռքբերման համար։ Արգելվում է կանխիկով անշարժ գույքի գործարքները, բանկերը պահում են անում՝ մինչև 0, 5 %-ի, 1 %-ի շրջանակներում։ Բանկեր կան, որոնք ընդհանրապես չեն անում։ Բանկերին չգովազդելու համար այս պահին իմաստ չունի հրապարակել ինֆորմացիան, թե որ բանկերը քանի տոկոս են պահում անում։ Ուղղակի խնդիրն այն է, որ պետք է հասկանանք, թե որ բանկերն են ավելի քիչ պահանջում անկանխիկացման դրամի դեպքում։ Բնականաբար հիմա մարդիկ կլինեն, ովքեր կփորձեն բնակարանի առքուվաճառքի գործարքը որպես նվիրատվության գործարք ձևակերպել, ու դա կազմակերպել առձեռն տարբերակով։ Բացի դրանից՝ եթե մարդիկ հիմա բանակցում են առքուվաճառքի շուրջ, գրեթե միշտ դոլարով են անում, այսինքն՝ օրինակ, եթե 20-30 հազար դոլարի մեծ մասը խնայողություն են անում դոլարով, հիմա ստացվում է , որ դոլարը սարքեն դրամ ու փոխանցեն վաճառողին, վաճառողն իր հերթին դրամը կսարքի դոլար ու կկանխիկացնի։ Ըստ էության՝ դա կանխիկացման ժամանակի կորուստ է։ Բնականաբար մարդիկ գտնելու են շրջանցման տարբերակներ, ձևեր, և դրա արդյունքում կարող են որոշակի ռիսկեր առաջանալ։

Այս պահին ամբողջությամբ անկանխիկի անցնելու համար պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնել, տեխնիկական խնդիրներ լուծել, իսկ Կառավարությունը հապշտապ որոշեց, որ միանգամից գործարքները պետք է անցնեն անկանխիկ եղանակի»։

Թե ինչով է պայմանավորված անկանխիկի հրատապությունը Կառավարության կողմից, տնտեսագետը մեզ այսպես է մեկնաբանում, որ կես տարով արդեն մեկ անգամ հետաձգել են, կանխիկի գործարկման սահմանափակումները, իսկ իրական պատճառն այն է, որ եկամուտների հավաքագրման մասով , տնտեսական աճի մասով նրանց նպատակը թվերի կրճատման հաշվին տնտեսական աճ զարգացնելն է։

«Բանկային ծառայությունների ավելացման հաշվին, քանի որ բանկերում ծառայությունների թիվն ավելանալու է, ու բնականաբար ավելի շատ հարկ է վճարելու բանկային համակարգը, նաև թվերը կրճատվում են։ Կառավարության հիմնական նպատակը գումար ներգրավելն է այս եղանակով, քանի որ այս պահի դրությամբ՝ պարտքը վաթսուն տոկոսն անցել է»։

Պարսյանի խոսքով՝ հիմա մեր բանկերից մի քանիսն են, որ կարող են ուղղակի, առանց միջնորդի կանխիկ բերել ՀՀ, և դրանցից մեկը AmeriaBank-ն է, և ոչ միայն իր համար, այլև ուրիշ բանկերի համար ևս։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ բանկը կանխիկը բերում է ու վաճառում է բանկերի վրա։ Այն բանկերը, որոնք նախկինում էժան բերում էին կանխիկը, հիմա թանկով են ձեռք բերում ու բնականաբար ավելի բարձր սակագնով վաճառում են իրենց գնորդների՝ տվյալ դեպքում բանկի հաճախորդների վրա։ Բանկի համար կանխիկ ձեռք բերելու գործընթացը պայմանավորված է նրանով, որ ավելի ծախսատար է այն դարձել, հետևաբար ինքը պետք է մի բան անի, որ այդ գումարը որևէ ձևով դուրս գա»։