copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 19:04 30-06-2022

Վճռաբեկի դատավորների ընտրության տխուր պատկերը եւ ԲԴԽ-ն որպես տրամպլին օգտագործելու ավանդույթը․ խմորումներ՝ ԲԴԽ անդամի ընտրությանն ընդառաջ

Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում կգումարվի Դատավորների ընդհանուր ժողով։ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը համապատասխան հրամանն արդեն ստորագրել է, ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր անդամի ընտրությունն է՝ Ռուբեն Վարդազարյանի փոխարեն։ Նրա լիազորությունները էական կարգապահական հիմքով դադարեցվեցին, բայց Վարդազարյանը մտադիր է բողոքարկել որոշումը։

Ինչեւէ, ԲԴԽ գնալու համար թեկնածուների պակաս չկա, ավելին՝ ժողովից մեկ ամիս առաջ համակարգում խմորումները սկսվել են։

Մեզ հայտնի դարձավ, որ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին այսօր հիվանդանացում տեսակցելու են գնացել մի շարք դատավորներ՝ մարդիկ, ովքեր ԲԴԽ անդամ ընտրվելու ծրագրեր ունեն, եւ մարդիկ, ովքեր հավատում են, որ Ջհանգիրյանը վերադառնալու է։ Սա նման է հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, երբ շատ-շատերը դեռ իներցիայով մտածում էին, թե Սերժ Սարգսյանը չի հեռացել կամ վերադառնալու է, «նավսյակի նախագահ-ջանի հետ» հարաբերություններ էին պահում։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ դատավոր անդամ դառնալու ցանկություն ունեցող հիվանդատեսներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանն է։ Բայց դատական համակարգում նրա թեկնածությանը միանշանակ չեն վերաբերում, այնպես որ Ջհանգիրյանին տեսակցելը գուցե բավարար չլինի։

Հնարավոր է՝ դատական համակարգի «անկախական» թեւը իր թեկնածուն առաջադրի, օրինակ՝ Դավիթ Բալայանին կամ այլ թեկնածու եւ ամեն ինչ անի ընտրվելու համար, ինչպես Դատավորների միության նախագահի ընտրության դեպքում արեցին։

Առհասարակ, այս շաբաթվա ԱԺ նիստին Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունը բավականին սրել է իրավիճակը համակարգում։ Այս ընտրությամբ ուղիղ կերպով հաստատվեց, որ դատավորները ոչ թե ընտրվում են, այլ նշանակվում իշխող քաղաքական ուժի կողմից։ Հատկապես վատ է ընդունվել այն, որ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորներ են ընտրվել կես օր դատավոր չաշխատած, որեւէ որոշում չգրած, իրենց կյանքում վկայի չտեսած մարդիկ, այսպես ասած՝ իրավաբան-գիտնականներ, որոնք պետք է նախադեպեր գրեն հազար տարվա դատավորների համար։

Եւ գիտնական ասվածն էլ նրանց դեպքում շքեղություն է․ գիտնականը այն մարդն է, որը գիտությամբ է զբաղվում, գիտական աշխատանքներ, հոդվածներ գրում։ Բայց քանի որ մեր իշխանությունները այս անգամ գլխների ճարը ավելի վաղ տեսել են, 2020թ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություն են արել՝ Վճռաբեկ դատավորի թեկնածուի համար դոկտորի գիտական աստիճանը հանելով, թողնելով միայն գիտական աստիճան եզրույթը եւ ավելացնելով մասնագիտական աշխատանքի 10 տարվա ցենզը, որպեսզի ում ցանկանան, գործուղեն ԲԴԽ։

Ուստի չպետք է զարմանալ, որ ԲԴԽ անդամ, գիտությունների թեկնածու, դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանն էլ կարող է գնալ Վճռաբեկ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ, ՔՊ խմբակցությունից օրեր առաջ դուրս եկած եւ իսկույն եւեթ ապաքաղաքական դարձած Արթուր Դավթյանն էլ։ Մի՞թե քաղաքական ընտրություն չէ այն, որ ԲԴԽ անդամ, Նիկոլ Փաշինյանի եղբոր ընկեր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախկին անդամ, քրեական ենթամշակույթի հետ «լավ հարաբերություններ» ունեցող Մելիքջանյանը դառնում է միանգամից Վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի օրոք ԲԴԽ անդամ նշանակված, դոկտոր Արմեն Հայկյանցին խորհրդարանը չի ընտրում։

Եւ զարմանալի պատահականությամբ, ամենեւին էլ ոչ քաղաքական որոշմամբ՝ այս երեք թեկնածուները միանգամից արժանանում են ոչ ավել, ոչ պակաս 67 ձայնի, իսկ պատերազում հերոս զավակ կորցրած, 18 տարվա ստաժ ունեցող դատավոր Նաիրա Հովսեփյանին՝ 0 ձայն։

Ընդ որում՝ այնպես չէր, որ պատգամավորները հարցակոխ էին անում թեկնածուներին, 67-68 ձայն ստացողները փառահեղ պատասխաններ էին տալիս, իսկ 0 ձայն ստացողները՝ կարկամում․․․։

Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ դատական համակարգը յուրայիններով լցնել, քաղաքական որոշումների արդյունքում դատավորներ ընտրել, միջամտություն արդարադատւթյան իրականացմանը, իրավական պետության հիմքերը խարխլել, իշխանության հավասարակշռման եւ զսպման սկզբունքը խաթարել․․․։

Այնքան անիմաստ է դարձել այս կրկեսը, որ ԲԴԽ-ի կողմից ձեւական թեկնածու է ներկայացվում խորհրդարանին օրենքի տառը պահելու համար, իսկ թեկնածուն հայտարարում է, որ իրեն չընտրեն, քանի որ ՍԴ-ում է իրեն տեսնում, այսինքն՝ ըստ էության՝ ամեն ինչ կանխատեսելի, հաշվարկված է, մրցակցության եւ ընտրության հնարավորության մասին խոսք չկա։

Ստեղծված իրավիճակում, երբ դատավորները տեսնում են, թե իշխանությունը ում է գործուղում Վճռաբեկ, Վերաքննիչ, իրենց երբեմնի գործընկերները ինչպես են «ինդուլգենցիաներ» ստանում իշխանությունների բոլոր քմահաճույքները բավարարելու համար, ինչո՞ւ պետք է թույլ տան հերթական «հաջողակին» հայտնվել ԲԴԽ-ում եւ զրո դեր ունենալ դատական համակարգի անկախությունը պաշտպանելու գործում։

Կարծես տխուր ավանդույթի ուժով ԲԴԽ-ն դարձել է տրամպլին դատավորների եւ իրավաբան-գիտնականների համար, մարդիկ գալիս են այստեղ ոչ թե դատական համակարգի անկախությունը ապահովելու, այլ սեփական կարիերայի առաջընթացի համար՝ դրա դիմաց, իհարկե, որոշակի ծառայություններ մատուցելով։

Այդպես Արմեն Բեկթաշյանը եւ Անի Մխիթարյանը ընտրվեցին ԲԴԽ անդամ առաջին ատյանից, հետո գնացին Վերաքննիչ, Սերգեյ Չիչոյանը ընտրվեց Վերաքննիչից, բայց հետո իր ցանկությամբ գնաց իր ծննդավայր՝ Գեղարքունիք, հաջորդ կանգառը կլինի Վճռաբեկ դատարանը, Արմեն Խաչատրյանը ԲԴԽ անդամ ընտրվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից, հետո տեղափոխվեց Երեւան՝ Սնանկության դատարան, Ռուզաննա Հակոբյանը ընտրվեց ԲԴԽ անդամ Վճռաբեկ դատարանից, հետո դարձավ պալատի նախագահ, Սերգեյ Մեղրյանը ընտրվեց որպես իրավաբան-գիտնական, հետո դարձավ ԴԱՀԿ ղեկավար, Լիպարիտ Մելիքջանյանը ԲԴԽ անդամից գնում է Վճռաբեկ դատարանի դատավոր․․․։ Այս տխուր փորձը դատավորների աչքի առաջ է, եւ նրանք վճռական են տրամադրված ԲԴԽ ուղարկել մարդու, ով իսկապես ի վիճակի է եւ ցանկանում է երաշխավորել դատավորների անկախությունը, ոչ թե մաս կազմել համակարգի նկատմամբ ոտնձգություններին։
adv_banner

Ամենից շատ դիտված

21:30 Հովիկ Աղազարյանը միասեռակա՞ն է. Տարոն Չախոյանի «սենսացիոն բացահայտումը»
22:10 Շինություն, ավտոմեքենա, 3 մլն կանխիկ, 2 մլն եկամուտ․ Աննա Հակոբյանի գյումրեցի ազգականի ունեցվածքը
12:25 Գլխիվայր շրջված մեքենայում եղել են արցախցի 17 և 18 տարեկան տղաներ. մանրամասներ
23:12 Շենգավիթի թանկ ու անշուք տոնածառը. բնակիչների վերաբերմունքը
21:59 Իրենց հարուցած գործերը ինձ չեն կաշկանդում, ես միայն վերին Երուսաղեմից եմ կաշկանդվում. Վարդան Ղուկասյան
18:00 Աշխարհագրության ֆակուլտետ՝ առանց աշխարհագրության քննության․ ուսանող չկա
22:16 18+. մերկ լուսանկարներ Չարենցի թանգարանում. ով է էրոտիկ ցուցադրության հեղինակը
21:28 Բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և նրան ուղեկցողները. shamshyan.com
16:30 Հովիկ Աղազարյանի նմանը ընդհանրապես պետք է տեղ չգտներ Ազգային ժողովում. հարցում
17:18 Վեշով չբարձրանա՛ք. վիճաբանություն՝ Երևան-Դիլիջան տրանսպորտում