copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:33 30-06-2022

Թավշյա կադրերը օրենքից դուրս են

Թավշյա կադրերը «Նիկոլի թվին» ոչինչ չեն որոշում. բացառապես այլոց որոշումները անվերապահորեն կատարողներ են։ Սրանք, եթե մանդատ ունեն, այն ժողովրդից չեն ստացել, տակավին անճանաչ են ժողովրդին, ժողովրդի առջև ոչ մի պարտավորություն չունեն ու չեն էլ զգում, նշանակված են` իրենց նշանակողներին ժողովրդի դեմ «հաղթական» պայքարը հակասահմանադրական օրենքներ դակելով ապահովելու համար։ Սրանք, եթե պետական պաշտոնյաներ են, ոչ մի կապ չունեն պետության հետ ու կապվածության որևէ զգացողությունից զերծ են, պետական ոչ մի խնդիր չեն լուծում, ազատված են պետության առջև պարտավորությունների ու օրենքի առջև պատասխանատվության ողջ «բեռից», ունեն բացառիկ իրավունքներ ու աննախադեպ մենաշնորհներ, նշանակված են, որպեսզի իրենց նշանակողների ցուցումներով անվարան ստորագրեն մեր պետականությունը քայքայող ու կործանող «պետական» որոշումները։

Օտար թշնամու կադրային ծրագիրը ամենայն ճշգրտությամբ կատարելու հետևանքով չորս տարի առաջ սարքվեց այս թավշյա ռեժիմը։ Այն տակավին դեռ անսարք է, ու այն դեռ շարունակում են սարքել։ Այս սարքի ապականիչ էությունը և ամեն ստորաբաժանմանն առաջադրված ազգադավ գործառույթը չմանրամասնելու, ընդհանրացնելու դեպքում ստացվում է համընդհանուր պետական դավաճանության դժոխային համայնապատկեր։ Դասականը կասեր. «Դժոխքը դատարկ է, բոլոր չարքերն այստեղ են»: Այս համապատկերում տեսանելի են համայնքների ղեկավարներ, որոնց առաջադրանքը իրենց քաղաքը, գյուղը, ավանը թուրքին հանձնելն է, դատավորներ, որոնք հեռակառավարվում են, որ արդարադատությունը բացառվի, դեսպաններ, որոնք մեր երկրի շահերը ոչ թե պաշտպանում, այլ վաճառում են, գեներալներ ու սպաներ, որոնք թշնամու դեմ կռվելու, երկրի սահմանները պաշտպանելու համար չեն, այլ հնարավորինս շատ զոհեր տալու ու գերիներ հանձնելու առաջադրանքն են կատարում, որպեսզի կապիտուլյանտն ու դավաճանը մանիպուլյացիաներով արդարանալու և ժողովրդին խաբելու հնարավորություն ստանա, նաև բարձրագույն վարչակալներ, որոնք մեր երկրում ու երկրի շուրջ կատարվող ամեն ինչից ձեռքերը լվացել են, երկրում ու երկրի շուրջ ամեն ինչ ձեռքի մի հպումով ապականում են և այնպես են «պատասախատու» ամեն ինչի համար, որ ոչ մի բանում մեղավոր չեն։

Իսկ այսօր մեր ողջ ժողովուրդը, մեր երկրի մոտ երեք միլիոն բնակչությունը հիմնականում ի՞նչ է անում։ Ճիշտ է, հայհոյում է կոնկրետ մեկ մարդու, նաև նրա նշանակած կադրերին։ Ժողովուրդը, երկրի քաղաքացին այսօր տարբեր ձևերով ու խոսքերով, բայց միշտ անկեղծ ու ամբողջ հոգով, դիպուկ ու ավելին անելու մղումով իր վերաբերմունք է արտահայտում իրենից իր իշխանությունը խլած ու յուրացրած և իր երկիրը քանդող թավշյա կամակատարների ու նրանց դրածո հրահանգիչների, ազգադավ ու անմարդկային ռեժիմի վարչակալի նկատմամբ։ Իսկ ի՞նչ է լինելու վաղը։ Ճիշտ է, նույն այս ռեժիմի կադրային սուր կամազրկության ու արժանիքների տոտալ բացակայության հետևանքով վաղվանից` հուլիսի 1-ից, ամեն կադրին իր անունով կոչելու, այսինքն` ծանր վիրավորելու համար երեք միլիոն քաղաքացիներից յուրաքանչյուրը կտուգանվի մինչև 3 միլիոն դրամով։

Ստացվում է, որ իր մասին ժողովրդի վերաբերմունքը իմանալուց, քաղաքացու անկեղծ սրտից բխող ազատ խոսքը լսելուց վախեցող դրածո վարչակալի պահանջով վաղվանից ողջ ժողովրդը դառնալու է տուգանքի մատերիալ, իրեն ժողովրդից պաշտպանող հատուկջոկատայիններին, ոստիկաններին ու գվարդիականներին վարձելու գումարները ապահովող ստնտու, իր հինգերորդ շարասյան կադրերին հավելավճարներ ու պարգևատրումներ բաշխելու աղբյուր։ Գուցե հենց այս ակնկալիքով է, որ դրածո վարչակալի կամքով ու հրամանով այսօր ողջ թավշյա խմբակցությունը լծվել է Ընտրական օրենսգիրքը խեղաթյուրելու գործին, որպեսզի ոչ միայն իրավաբանական, այլև ընդհանրապես ոչ մի կրթություն չունեցող, բայց հեղաշրջման դժգույն ու դժբախտ հետևանքով մանդատավոր դարձածը հիմա էլ դառնա ԿԸՀ նախագահ, ինչ է թե նա ազգադավ խմբագրի կամակատար գրչակն է եղել ու հիմա դրածո վարչակալի կույր հանձնակատարն է։

Մի՞թե հենց ժողովրդին ծանր տուգանքներով լռեցնելու, ճշմարտություն ասելն արգելելու հետևանքներից չէ, որ Սահմանադրական դատարանի դատավոր է նշանակվում մեր իրավական համակարգի թյուրիմացություններից հերթականը, ինչ է թե նա տոհմային սորոսական է։ Ժողովրդին ազատ խոսքի ու կարծիք հայտնելու իրավունքը տուգանքով ջնջելու հետևանքը չէ՞, երբ դեռ չփոխված օրենքի բոլոր պահանջները խախտելով ու բութ զորբայությամբ Չեխովի անվան դպրոցի տնօրեն է նշանակվում երբևէ մանկավարժության հետ չառնչված ֆինանսիտը, ինչ է թե նա փոխվարչակալի ընկերոջ կինն է։

Ամենից շատ դիտված

10:45 Տղամարդը սպառնում է քարով ջարդել ավտոբուսը. միջադեպ՝ Մյասնիկյան պողոտայում
22:03 Հակարիի անցակետում թուրքը երեխեքիս հաշվեց ու զարմացած հարցրեց` 5 տղա՞. բռնի տեղահանված
10:00 Հետո իմացա, որ իր զինակից ընկերները թողել են Կամոյիս մարտի դաշտում վիրավոր․ արցախցի  
21:26 Կոմիտաս վարդապետ և Դանիել Վարուժան․ ինչպես Լոռվա գութաներգը ծնունդ տվեց «Հացին երգ»-ին
09:30 «Զանգ» շարժման մասին չենք լսել, բայց վարչապետի հրաժարականի պահանջին միանում ենք. հարցում
00:18 Ամեն դեկտեմբերի 7-ից առաջ թոզ կփչեն աչքերիս, որ դոմիկները պտի քանդեն, ըսպես 35 տարի կռիսների հետ կողք կողքի կապրինք. տնակի բնակիչ
21:06 Մնացած հարցերը հետո կխոսենք. Լեզվի կոմիտեի նոր նախագահի պարզաբանումը
16:23 Դատավորը ծախված է. անհետ կորածի մայր
00:04 Ավերիչ երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում 2596 տնակ կա. շուրջ 1200 ընտանիք ենթակա է փոխհատուցման
17:00 Վանաձորում արցախցիների հասանելիք օգնությունը բաշխվում է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով․ արցախցի