Երևան +11°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:28 27-06-2022

Ովքեր են պայքարելու քաղաքապետի պաշտոնի համար․ ավագանու ընտրություններն արդեն ուրվագծվում են

Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների հիմնական դերակատարներն ու մասնակցող քաղաքական ուժերի ցուցակը գնալով էլ ավելի է ուրվագծվում։ Արդեն իսկ զրույցներ են պտտվում, թե ովքեր են մասնակցելու ավագանու ընտրություններին, ովքեր են ցանկանում քաղաքապետ դառնալ։

Հայտնի է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ավագանու ընտրություններին ներկայանալու է Տիգրան Ավինյանի թեկնածությամբ: Շատերն ասում են, թե Ավինյանը այժմ նույնիսկ դե ֆակտո քաղաքապետն է, այսինքն՝ իրականում Ավինյանն է քաղաքապետարանում եղանակ ստեղծում, իսկ Հրաչյա Սարգսյանն ընդամենը «քաղաքապետի մուլյաժ» է։ Սրան զուգահեռ էլ թաղապետներին են փոխում, որ Ավինյանի համար աշխատեն ու ձայներ ապահովեն։ ՔՊ-ն մի առանձին PR արշավ էլ մետրոյի Աջափնյակի կայարանի մասով է սկսել․ դա դարձրել են իրենց նախընտրական դրոշակը։

Քաղաքապետի հաջորդ թեկնածուն «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի կինն է՝ Նատալյա Ռոտենբերգը։ Վերջինս, կարելի է ասել, արդեն իսկ սկսել է քարոզարշավը, թեև դեռ ահռելի ժամանակ կա մինչ ընտրությունները։ Ռոտենբերգը վերջերս ֆոտոշարք էր հրապարակել Մետրոպոլիտենից՝ այդպես ակնարկելով, որ արդեն իսկ մրցապայքարի մեջ է։ Ռոտենբերգի՝ որպես քաղաքապետի թեկնածությանը, սակայն, խանգարող հանգամանք կա․ բանն այն է, որ նա երկքաղաքացի է, իսկ օրենքն արգելում է այլ պետության քաղաքացուն դառնալ Երևանի քաղաքապետ։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև Ռուբեն Վարդանյանի մեկենասությամբ գործող «Ապրելու երկիր» կուսակցությունը, որի մուտքը քաղաքականություն բավականին հաջող ստացվեց։ Կուսակցությունը կարողացավ Հանրապետության մի շարք համայնքներում ավագանու մանդատներ ստանալ։ Ըստ տեղեկությունների՝ Երևանի ավագանու ընտրություններում կուսակցությունը գլխավորելու է նախկին սոցապ նախարար Մանե Թանդիլյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա նրանց վերաբերյալ էլ տարբեր զրույցներ կան, վերջերս սոցցանցերում խոսում էին, թե «Հայաստան» դաշինքը ևս մասնակցելու է ընտրություններին, իսկ ցուցակը գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

ՀՀԿ-ականներն էլ, ըստ զրույցների, կրկին Տարոն Մարգարյանին են առաջադրելու։ Խոսվում է նաև, որ օրերս մանդատը վայր դրած Արթուր Վանեցյանն էլ է մասնակցելու՝ ԻՐ «Հայրենիք» կուսակցությամբ։

Ըստ տեղեկությունների՝ ընտրություններին մասնակցելու է նաև «Լուսավոր Հայաստանը», խոսվում է, որ կուսակցության ցուցակը կգլխավոր Դավիթ Խաժակյանը, սակայն նա ընդամենը 28 տարեկան է, մինչդեռ օրենքը սահմանում է, որ թեկնածուի 30 տարին պետք լրացած լինի։