copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:19 25-06-2022

Կյանքին պարտվածները ժողովրդի դեմ են պատերազմում

Ամեն օր հաստատվող, հետևաբար` անհերքելի ու ակնառու փաստ է, որ մեր երկրի դրածո վարչակալը անգերազանցելի ժողովրդականություն է վայելում մեր ոխերիմ հարևան երկրներում։ Նա իր ամեն քայլով ու խոսքով ամեն օր ոգևորում և համիդյան նկրտումներն իրագործելու նորանոր հույսեր է տալիս 80 միլիոն թուրքի ու 10 միլիոն ադրբեջանցու։ Եվ թշնամանում է հայ ժողովրդին։ Հիմա ավելի ու ավելի դանդաղող հաճախականությամբ մեր երկիր նորածիններ բերող արագիլներն անգամ վաղուց արդեն ամոթից փակում են աչքերը, երկինք են թեքում հայացքը, քանի որ անկարող են նայել երեխայի ու նրա ծնողների աչքերին, տեսնել ավերված պետության ահասարսուռ համայնապատկերը։

Հայաստանում ու Արցախում ապրելը հիմա հերոսություն է։ Հիմա Արցախում ու Հայաստանում ապրել նշանակում է ամեն օր հերոսաբար մաքառել ո՛չ միայն արտաքին թշնամու, այլ նաև հայ ժողովրդի դեմ սեփական իշխանության դեռ պաշտոնապես չհայտարարած, բայց արագորեն ծավալվող տոտալ ներքին պատերազմում։ Պոետը կասեր. հիմա ջարդ չէ, այլ մահ է` մահ համատարած և համազգային, մահ ծերի, մանկան, խեղճի, հսկայի։ Մենք մեկ օրում չէ՛, այլ մեր տևական անտարբերությամբ ու հանդուրժողականությամբ ենք դարձյալ հասել այս` ավելի քան հարյուրամյա վաղեմության համիդյան կործանարա վիճակին։ Եվ եթե այն ժամանակ մենք պետականություն չունենինք, ապա հիմա ուղղակի թույլ ենք տալիս ոչնչացնել մեր պետականությունը։

Հայոց երկու պետականությունների ու հայության դեմ օտար-թշնամին երեք տասնամյակ շարունակ հետևողականորեն տոտալ անուղղակի ագրեսիա էր իրագործում։ Մեզ իր պլանավորած «գլոբալ երջանկությունը» ամեն գնով ու ձևով պարտադրելու նկրտումը հետապնդող արտաքին «բարերար»-ն ու «ժողովրդավար»-ը թեև ուզածից դանդաղ, բայց կարողացավ անցնել մեզ ու մեր երկիրը կործանման տանող բոլոր նախապատրաստական փուլերը։ Եվ մեր երկրի տնտեսությունը ոչնչացնելու սպառնալիքով՝ մեր երկիրը թաղեց նաև մեզ ոչնչացնելու համար ստեղծած իր տնտեսական հարկադրանքը թելադրող համալիր կառույցների «գերեզմանում»։ Եվ արդի «ժողովրդավարական» մեթոդներով գրեթե ջնջեց իր ապագան որոշելու, իր կամքը լսելի ու անշրջանցելի դարձնող ժողովրդի կամարտահայտման մեխանիզմը։

Սորոսական և բազում այլ բնույթի ու գույնի «ժողովրդավարական» խաբուսիկ դրամաշնորհներով, նաև հստակ ուղղորդված ագիտացիայով ու պրոպագանդայով պառակտեցին ժողովրդի ու իշխանության միասնությունը, լվացին հասարակության ուղեղը։ Նաև գրեթե ոչնչացրին կրթական համակարգը, ազգայինն ու մարդկայինը, լավն ու բարին, բարոյականությունը ու հայրենասիրությունը, հավատն ու խիղճը, միտքն ու ոգին։ Արժեզրկեցին գրեթե ամեն ինչ ու ազգային արժեհամակարգը հասցրին գրեթե չգոյության աստիճանի։

Եվ երեսնամյա նախապատրաստական համալիր ջանքերի փուլից` ամեն ինչ պառակտելուց, արժեզրկելուց, ոչնչացնելուց, ջնջելուց, նաև բազում ձախողված փորձերից հետո՝ չորս տարի առաջ, մեր օտար – թշնամուն ի վերջո հաջողվեց իրագործել իր վաղուց պլանավորած թավշյա իշխանափոխությունը։ Մեր երկրի իշխանությունը նրանք հանձնեցին երկար տարիների ընթացքում իրենց ծնած ու սնած ազգադավ հինգերորդ շարասյանը։ Ստեղծեցին իրենց ազգակործան ու այլադավան ռեժիմը և երկրի ղեկը հանձնեցին իրենց ամենապատրաստակամ կամակատարին։ Եվ հիմա օտար – թշնամի ռեժիմի վարչակալը մեզ ուղղակի դեպի կործանում է տանում։ Նա իր իսկ ձեռքերով նաև ալենների, խաչատուրյանների, ջհանգիրյանների նմանների «վզին դնելով»` նրանց իր «անունից հանդես գալու» այնպիսի լիազորություններ է տալիս, որոնք դուրս են ցանկացած պաշտոնյայի ու անգամ պետության լեգիտիմ ղեկավարի լիազորություններից։ Նա այսպես մեր պետությունը, մեր տունն է քանդում։

Դա անում է բացահայտ ու հրապարակավ ստելով, խաբելով։ Չի էլ խորշում խոստովանել, որ իրեն հանձնարարված «նպատակին» հասնելու համար ժողովրդին «կուտ է տալիս», «հոգեբանական հնարքներ» է կիրառում, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի «հեշտությամբ տրվի իր հորդորին», որ ամեն հայի «աչքում նսեմացնի» իր ազգային պատկանելությունը ու Հայաստանը բոլորին ներկայացնի իր «թշվառ ու դժգույն» պատկերացումներին համապաստասխան։ Իսկ ամենաողբալին ու կարծանիչն այն է, որ բոլոր նրանք, ում «վզին դրել» են, դրածո վարչակալին հլու-հնազանդ ծառայելը համարում են իրենց «առաքելությունը, կոչումը» ու «ոչ թե մեկի պարտադրանք»։

Ըստ էության՝ դրածո վարչակալն ու իր թավշյա ռեժիմի «վզներին դրած» կամակատարները նույնացել են 80 միլիոն թուրքին ու 10 միլիոն ադրբեջանցուն և պատերազմ են հայտարարել ոչ միայն պետությանն ու ժողովրդին, այլ նաև կյանքին։ Իսկ կյանքի օրենքը կապ չունի որևէ մեկի ցանկության հետ և ոչ ստից, ոչ էլ ռեպրեսիաներից չի փոխվում։ Կյանքը միշտ հաղթում է։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի