Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:06 24-06-2022

Օրական մի քանի տասնյակ մեքենայի անցում ապահովելը ամբողջ մի պետության համար խնդիր է դարձել

Հայաստանի տնտեսությունն ազատ անկում է ապրում։ Զարգացումներն ավելի շատ իներցիոն բնույթի են՝ Կառավարության գործողություններից անկախ։ Դա ընդգծված արտահայտվում է նաև թարմ և վերամշակված գյուղմթերքի արտահանման գործընթացներում։ Վերջերս «Սպայկա» ընկերությունը հայտարարեց, որ Լարսի անցակետում առաջացած «խցանումների» պատճառով շուրջ 3 մլն դոլարի լոլիկ է թափել։ Ծիրանի բերքահավաք է, ու դարձյալ խնդրահարույց արտահանումների պատճառով տեղում գների կտրուկ տատանումներ են, արտահանումների ծավալներն էլ շեշտակի նվազել են։ Ցավալի է, բայց արդեն փաստ, որ ծիրանի արտահանման գործընթացը ևս ձախողեցին։ ՀՀ կառավարությունն այդպես էլ չկարողացավ տարեսկզբից Լարսի անցակետում առաջացած խնդիրները մեղմել, պայմանավորվել, շուտ փչացող բեռների համար կայուն արտահանման համաձայնություն ստանալ հարևան երկրների համապատասխան մարմիններից։

Հունիսի սկզբներին էկոնոմիկայի նախարարն ու ռուս գործընկերը հերթական անգամ քննարկել են այդ հարցերը և ըստ նախարարի՝ դրա արդյունքում հունիսի 20-ին ՌԴ կառավարությունը որոշել է Լարսի անցակետի մոտակայքում երկրորդ մաքսազերծման գոտին բացել, որը այսօրվա օրական 450 մեքենայի փոխարեն թողունակությունը կհասցնի 650-700-ի։ Որոշումը կայացվել է, բայց երբ կբացվի դա, այլ հարց է։ Բացվելուց էլ վերաբերելու է այնտեղով անցնող բոլոր 4 պետությունների մեքենաներին, ու հասկանալի չէ, թե մեր վրա ինչ ազդեցություն կունենա։

Պարզվում է, որ ամիսներ առաջ, վրացիների հետ շուտ փչացող ապրանքների վերաբերյալ քննարկումների ժամանակ մերոնք մոռացել են ցուցակում ներառել ծաղիկներն ու թարմ ձուկը, և այս տարեսկզբից ծաղիկ արտահանողները լուրջ ֆինանսական կորուստներ են ունենում։ Նրանք բազմիցս Կառավարության առաջ բարձրաձայնել են այդ մասին։ Անարդյունք։ Հունիսին կատարած այցի ժամանակ նախարարը վրացի գործընկերոջը խնդրել է, որպեսզի ծաղիկն ու թարմ ձուկը ևս մտցվի շուտ փչացող ապրանքների կատեգորիայի մեջ, «որոնք կկարողանան առանց հերթի անցնել Վրաստանի տարածքով և հնարավորիս արագ մոտենալ Վերին Լարսի անցակետին»։ Երկու շաբաթ անց պատասխան չկա, ծաղիկ փոխադրող հայկական մեքենաներն էլ, որ օրվա հաշվով 4-5-ն են, անցնում են «ընդհանուր հիմունքներով», իսկ ավելի ճիշտ, հաճախակի թափում են փչացած ապրանքը (որոշակի տուգանքի դիմաց, իհարկե) ու վերադառնում։ Փաստորեն երրորդ շաբաթն է, որ Հայաստանի կառավարությունը չի կարողանում օրական 4-5 մեքենայի համար համեմատաբար արագ անցում ապահովել։ Իսկ այդ ընթացքում 5 հա ծաղկի ջերմոց ունեցող գործարարի ներկայացրած հաշվարկներով օրական 10 հազար դոլար չափով կորուստ է ունենում։ Հաշվելը դժվար չէ, թե ինչ թիվ կկազմի ավելի քան 150 հա ծաղկի ջերմոցների կորուստն այս ընթացքում։ Դրան ի պատասխան էկոնոմիկայի նախարարն ասում է, որ «մենք աշխատում ենք իրենց հետ։ Մենք դա պետք է դիտարկենք ժամանակի մեջ։ Եթե տնտեսվարողները ինչ որ մի պահի վնաս են կրել, բայց տարվա ընթացքում հնարավորություն ունեն վերականգնել իրենց վնասները և շահութով աշխատել, ապա դա մենք համարելու ենք ընդամենը բիզնես ռիսկ, իսկ եթե տեսնենք խնդիրը խորն է, ապա բնականաբար օժանդակության ծրագիր կլինի դրա վերաբերյալ»։ Եթե 4-5-6 ամիս շարունակ վնասով աշխատելը խնդրի խորության մասին չի փաստում, ապա հետաքրքիր է՝ էլ ոնց են որոշելու խնդրի խորությունը։ Այդ առումով արդեն անլուրջ է հնչում նաև օժանդակության ծրագրի մասին նրա խոսքը։ Հարցը նրանումն է, որ անկախ ամեն ինչից՝ մշակության աշխատանքները պետք է իրականացվեն, ծախսերը պետք է կատարվեն։ Նույնիսկ ծաղիկը քաղել, թափելու համար։

Անցած տարվա առաջին կեսին արդեն ՀՀ-ից գրեթե 4 մլն դոլարի ծաղիկ էր արտահանվել։ Ընդ որում, համաձայն վիճակագրական տվյալների, ամենամեծ քանակությունները արտահանվել են փետրվար-հուլիս ժամանակային միջակայքում։ Ծաղկաբույծները նշում են, որ արտահանման խնդիրները լրջորեն ծառացել են արդեն տարեսկզբից՝ ռազմական գործողությունները սկսվելուց առաջ։ «Այնպես չի, որ դա սկսվել է փետրվարի վերջերին։ Այդ մասին բարձրաձայնվել է հենց տարեսկզբից, ու ոչ մի արդյունք։ Պարզապես փետրվարի կեսերից արդեն, կարելի է ասել, անհույս վիճակ է»։

Ցավոք, վիճակն ավելի լավը չէ նաև ելակի արտահանման առումով։ ՀՀ-ում մշակվող տասնյակ հեկտարներով ելակի հիմնական շուկան դարձյալ ՌԴ-ն է։ Ինքնաթիռով արտահանումը նախ շատ թանկ է նստում ու սառնարանային խցիկների բացականության, ջերմաստիճանի հաճախակի տատանումների ու տուրբուլենտությունը ավելի շատ են փչացնում ելակի որակը, քան եթե այն տեղափոխվի ֆուռով։ Տեղափոխելիս էլ նույն խնդիրները նույնությամբ հառնում են, ինչ որ մյուս մթերքների դեպքում։ Իսկ ելակը, բնականաբար շատ ավելի շուտ է փչանում։

Փաստորեն խնդիրները խորացել են Լարսի անցակետում, ու Հայաստանի տնտեսվարողները գրեթե ամենօրյա ռեժիմով հազարավոր ու տասնյակ հազարավոր դոլարների վնասներ են կրում։ Սխալ կլինի մտածել, որ Կառավարությունում չեն հասկանում, որ այդ կորուստները հարվածում են ամբողջ տնտեսությանը և ոչ միայն սեփականատիրոջը։ Իրոք, փակուղային վիճակ է այն առումով, որ նախարարը կամ կառավարության ներկայացուցիչը հիմա պետք է Վրաստանից, ՌԴ-ից, Լարսից «տուն չգային»։ Բայց բոլորին էլ հասկանալի է, որ այստեղ իրեն լուրջ չեն վերաբերվում, էլ ուր մնաց ՌԴ-ում կամ Վրաստանում, նրա խոսքը հարգելով, ինչ-որ հարց լուծեն։ Ցավոք, երևի թե նույն վերաբերմունքն է Փաշինյանի նկատմամբ, ու արդյունքում ունենք այն, ինչ ունեք։ Այլապես 6 ամսում օրական մի քանի տասնյակ մեքենայի անցում ապահովելը ամբողջ մի պետության համար այդ աստիճանի անլուծելի խնդիր չէր լինի։