Մշակույթ Միտք 3 տարի առաջ - 20:59 23-06-2022

Ռիչարդ Բախն ու իր հանրահայտ Լիվինգսթոն ճայը

Ամերիկացի գրող, փիլիսոփա Ռիչարդ Բախն այսօր նշում է իր 86-ամյակը։

Ռիչարդ Բախի տարերքը երկինքն էր։ Նա շատ է գրել երկնքի ու թռիչքի մասին։ Մինչև գրող դառնալը՝ Բախը ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, իրականացրել առևտրային չվերթներ, նույնիսկ ավիացիոն շոուներում եղել է կասկադյոր ու կատարել բարդ հնարքներ։ Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերվում են թռիչքին։ Սակայն բազմաթիվ գրքերի հեղինակին աշխարհը ճանաչում է «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելով, որը առակ է թռչել սովորող ու ինքնակատարելագործման ձգտող մի ճայի մասին։

Գրականագետները տարբեր կերպ են սահմանում այս ստեղծագործության ժանրը՝ փիլիսոփայական հեքիաթ, արձակ բանաստեղծություն, փիլիսոփայական պատմվածք։ Ամենահաջողը, թերեւս, կարելի է համարել «պատմություն-առակ» սահմանումը։

«Այս գիրքն անմիջապես ազդում է երկու ուղղությամբ։ Նախ ինձ թռչելու զգացողություն է փոխանցում, ապա վերադարձնում է երիտասարդությունս»,- գրում է ամերիկացի գրող Ռեյ Բրեդբերին։



Արդեն կես դար այս պատմությունն ազդում է շատերի վրա. հուզում է, հետաքրքրում, անհանգստացնում, մտածել ու երազել տալիս... կարճ ասած՝ բոլոր զգացողություններն առաջացնում է՝ բացի անտարբերությունից։

Այսօր առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր 52 տարի առաջ հրատարակված ու մինչև այժմ տպագրվել շարունակվող այս նովելի մասին։

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը տպագրվել է 1970-ին, սակայն մինչ այդ՝ Ռիչարդ Բախը գրքի ձեռագիր տարբերակը 18 անգամ ներկայացրել էր հրատարակչություններին և նույնքան անգամ մերժվել էր։ Միայն Էլեանոր Ֆրիդեն է ուշադրության արժանացրել նովելը և կարողացել համոզել «Macmillan» հրատարակչությանը գնել այս ստեղծագործությունը, ինչի համար Բախը ստացել է 2000 դոլար կանխավճար։

Իսկ 1972 թվականի վերջում տպագրվել են գրքի միլիոնավոր օրինակներ։ «Ռիդերս Դայջեսթ» հրատարակչությունը տպագրել է գրքի համառոտ տարբերակը, որը «Նյու-Յորք Թայմսի» բեսթսելլերների ցանկում 38 շաբաթ եղել է առաջատար դիրքում։

1972-1973 թվականներին ԱՄՆ-ում գիրքը հայտնվել է հրատարակիչների շաբաթական ցանկի առաջատար դիրքերում՝որպես լավագույն վաճառվող վիպակ։

2014 թվականին ստեղծագործությունը վերահրատարակվել է «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը։ Ամբողջական հրատարակություն» վերնագրով, որտեղ ավելացվել է 17 էջից բաղկացած 4-րդ մասը։

1973 թվականին «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ, որտեղ գլխավոր հերոսները իսկական ճայեր էին, իսկ Նիլ Դայմոնդի կատարած երգերը դարձել են հիթեր։ 1974 թվականին ֆիլմը արժանացել է Օսկարի՝ լավագույն օպերատորական աշխատանքի և մոնտաժի համար։ Նույն թվականին այն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ լավագույն սաունդթրեքի համար։

Այս ֆիլմի հաջողության կոմերցիոն կողմն օգնել է գրողին վերադառնալ թռիչքին՝ արդեն որպես սիրողական օդաչու։ Նա փորձել է տարբեր տեսակի ու մոդելների ինքնաթիռներ, զբաղվել պարաշյուտային սպորտով, սովորել զբոսանավ վարել։Այս ամենից բացի՝ Ռիչարդ Բախը «Ջոնաթան Լիվինգսթոն ճայըի» հոնորարներով կարողացավ նկարահանել ֆիլմ` իր «Պատահական ոչինչ» պատմվածքի հիման վրա, որտեղ դերակատարներից մեկն էլ ինքն էր։

Խորհրդային միությունում նովելի հրատարակումը «Արտասահմանյան գրականություն» ամսագրում դարձել է իրադարձություն։ Նման գաղափարներին անպատրաստ խորհրդային մարդկանց զարմացրել ու հիացրել է ազատության քարոզը և «երամից» դուրս գալու, միայնակ ճշմարտության ճանապարհը գտնելու որոշումը։

Ի դեպ, Չինաստանում Ջոնաթան ճայը հռչակվել է ժողովրդի թշնամի։



Հայաստանում «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելն առաջին անգամ տպագրվել է 1991 թ. «Ապոլոն» հրատարակչության «Հինգ վիպակ» ժողովածուում` Նաիրա Հարությունյանի թարգմանությամբ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ