Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այս մասին հայտարարվել է մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են վերջին մեկ տարվա հետազոտությունների արդյունքները։
Oragir.news-ը կապ հաստատեց «Հայկական Փի Ար ասոցիացիայի» կազմակերպության նախագահ Աստղիկ Ավետիսյանի հետ, որը կազմակերպում է PR մրցանակաբաշխությունը՝ հարցնելով, թե ինչպես է ԿԳՄՍՆ-ն դարձել տարվա լավագույն կառույց, և ինչն է հաշվի առնվել։ Ավետիսյանը պատասխանեց. «Առհասարակ հայկական Փի Ար մրցանակաբաշխությունը հաղորդակցության ոլորտի հանրագումարային միջոցառում է դառնում, որտեղ խրախուսվում են հանրային կապերի մասնագետները։ Խրախուսվում են հանրային քաղաքական կյանքում դերակատարություն ունեցող անհատները, ինչպես նաև տարվա ընթացքում հանրային հնչեղություն ունեցող նախաձեռնություններն ու իրադարձությունները, բնականաբար իրականացրած PR տեխնոլոգիաները, որոնք արժանացել են հասարակության ուշադրությանը»։
Ավետիսյանի խոսքով՝ PR ասոցացիայի գիտահետազոտական թիմում ընդգրկված են գիտնականներ, երիտասարդ գիտաշխատողներ, և իրականացնում են որակական հետազոտություններ, որոնցից մեկը խորքային հարցազրույցն է։ Մրցանակը շնորհվել է մեկ տարվա դիտարկումների և գիտական հետազոտության արդյունքում, որի շրջանակում անցկացվել են սոցհարցումներ, ֆոկուս-խմբային հարցազրույցներ ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կատարվել է ԶԼՄ հրապարակումների քանակական և որակական դիտարկում: Ամփոփիչ փուլում Հայկական PR մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում լավագույն եռյակից հաղթողներին որոշել է մասնագիտական ժյուրին:
«Լրագրողներին ուղարկվել է հարցում, թե որ լրատվամիջոցի հետ են իրենք ավելի հեշտ աշխատում, կամ որ մամուլի քարտուղարն է արագ արձագանքում, այսինքն՝ ավտոմատացված սկսվում է մեդիամոնիթորինգ տեղի ունենալ, դրանից հետո տեղի է ունենում ամբողջ գերատեսչությունների կայքերի, հաղորդագրությունների, տարածված տեղեկատվության մասին ամբողջական ուսումնասիրություն։ Եվ հիմա «Տարվա պետական կառույց» անվանակարգում լավագույն եռյակում հայտնվել էին Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, ՊԵԿ-ը և ԿԳՄՍՆ-ն, մասնագիտական հանձնաժողովի քվեարկության արդյունքում հաղթում է ԿԳՄՍՆ-ն՝ ընդ որում փակ, գաղտնի քվեարկությամբ, և նախավերջին օրը մենք նոր դրա մասին իմանում ենք։ Այստեղ ձայներն այնպես էին բաշխված, որ մեկ ձայնի առավելությամբ նախարարությունը հաղթեց մյուսներին»։
Հարցին, թե ինչ է հաշվի առնվել, պատասխանեց. «Մի կողմից՝ գիտահետազոտական թիմը, մյուս կողմից՝ մասնագիտական հանձնաժողովը։ Իհարկե, որպես մասնագիտական հանձնաժողովի անդամ՝ ես մի ձայնի մասին կարող եմ խոսել։ Ընդհանուր մակարդակով եթե վերցնենք, հաշվի առնելով, որ ԿԳՄՍՆ-ն մի քանի նախարարությունների հանրագումար է, ինչը ինչ-որ առումով նաև աններելի է, քանի որ կրթությունը կարող էր առանձին գործել, գիտությունը՝ առանձին, մշակույթը՝ առանձին, սպորտն էլ կարող էր առանձին գործել, իսկ այստեղ կարող էր դուրս մնալ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը կարևոր դերակատարություն կարող էր ունենալ, այսինքն՝ եթե մենք դրանց բաժանենք առանձին-առանձին, ապա գործառույթային առումով դրանք լրիվ այլ անելիքներ ունեն ու մոտեցումներ, բայց բոլորի աշխատանքը միացել է, և բնականաբար դաշտի բոլոր օղակների ուսումնասիրությունը ստիպված արվում է։ Եվ ստացվում է, որ այս գերնախարարության գործառույթներն ու իրականացման մեխանիզմները այդ փոքրիկ ՝ երեք- չորս հոգանոց թիմը տեղեկատվության տարածման մեջ ամենագրագետ է, գոնե վերջին տարիների մեջ մամուլի հաղորդագրությունները գրագետ են տարածում»։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ օրինակ՝ ԿԳՄՍ նախարարը, ըստ տեղեկությունների, իր աշխատասենյակում ալկոհոլ է օգտագործում, պատասխանեց. «Հիմա մի հատ դա հարցրեք՝ հաղորդակցության մասնագետի տեսանկյունից դա ինչքանով է հետաքրքիր, կամ ես ոնց եմ դա բացահայտում, որպես լրագրող՝ դուք դա կարող եք տեսնել և արձանագրել, և դա կարող է բացասական ազդեցություն ունենալ, բայց ինչքա՞ն մարդու է հասել այդ տեղեկատվությունը։ Այս մրցանակաբաշխությունը խոսելու մակարդակով չենք անում, այլ հետազոտության արդյունքում, դրա համար մեր առջև շատ լուրջ խնդիր է դրված, դա չի նշանակում, որ նախարարությունը ամբողջությամբ անում է իր գործը։ ՀՀ-ում իշխանությունը, պետական կառույցները, հասարակության հետ գրեթե չեն աշխատում, չեն աշխատում ԶԼՄ-ների հետ։ Բայց օրինակ, եթե որևէ լրագրող զանգ կտա և կասի, որ զանգել է ԿԳՄՍՆ մի հարցադրմամբ, դիմել է, և իրենք չեն պատասխանել՝ ես այն հարցաթերթիկները, որոնք ուղարկում ենք, դրանում արտացոլված պատկերը կարող եմ հանգիստ տեսնել, բայց այդ պատկերը մենք չունեինք, օրինակ՝ առողջապահության, սոցապնախարարության հետ կապված, շատ նախարարությունների հետ կապված որոշակի դիտարկումներ ունեցել ենք, Կառավարության հետ կապված ևս։ Օրինակ՝ մինչև հիմա Կառավարության ղեկավարը չունի խոսնակ, այսինքն՝ մենք այս ոլորտում լուրջ աշխատանք ունենք անելու, և այսօր իշխանության վարկանիշն իջել է, որովհետև ինքը հաղորդակցություն չի՛ իրականացնում հասարակության հետ։ Մեզ մոտ քանի որ քաղաքական բուռն իրավիճակ է, և պատերազմից հետո փոխվել են հարաբերությունները միմյանց նկատմամբ, մոտեցումները և արժեքները, փոխվել է վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ։ Հաղորդակցության տեսանկյունից եթե մոտենանք, էլի առանձնանում է ԿԳՄՍՆ-ն, ի տարբերություն մեկ տարի առաջվա արդյունքի՝ ԿԳՄՍ-ն սանդղակի առումով յոթերորդ տեղում էր՝ քանակական հաշվարկի արդյունքում, մեկ տարվա ընթացքում դա լուրջ ձեռքբերում է, ինչ-որ բան անելու և լրատվամիջոցների հետ աշխատելու համար, որովհետև նախորդ տարիներին բարդ իրավիճակ էր, և չեն էլ հասկացել, թե ինչպես է տարածվել տեղեկությունը, բայց արձանագրումների արդյունքում իհարկե ԿԳՄՍՆ-ն իր տեղը գրավեց, և ես այդ առումով, անկեղծ ասած, շնորհավորում եմ իրենց, որովհետև որ նայում ես, թե այդ փոքրիկ թիմը ինչ աշխատանք է իրականացնում, այդտեղ պետք է հաշվի չառնել, մենք չենք դիտարկում կառույցի, նախարարի, գերատեսչության կերպարի ներկայացումն այս դեպքում, իբրև անհատ կմոտենայինք այս դեպքում և կերպարը կդիտարկեինք, մեր տեսանկյունից՝ ապացուցելի փաստ չէ ու որևէ կերպ չի ազդում այն գործողությունների վրա, որը անում է թիմը»։