copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:01 23-06-2022

Դատավորները լավն են, քանի քո դեմ չեն կայացնում դատական ակտ․ փաստաբանի «մարգարեական խոստովանությունները» երեկ և այսօր

Մեր քաղաքական, հանրային գործիչները իրենց արժեքային ունայնությամբ շատ արագ ինքնաբացահայտվում են։ Բավական է մի դիպված, որն առնչվում է սեփական շահերին, վերջ, արժեքները, սկզբունքները, պոպուլիստական ելույթները, նախկին համակրանքները եւ դիֆերամբները հօդս են ցնդում։ Հիմա ի՞նչ տարբերություն այն ընդդիմադիր եւ իշխանական գործիչների միջեւ, որոնք թիրախավորում են հակառակորդի շահերը «սպասարկող» լրագրողներին՝ անձնական վիրավորանքներ, հայհոյանքներ հնչեցնելով, լուսանկարները տարածելով, գռեհիկ բառապաշարով արտահայտվելով։ Նողկալի եք, պարոնա՛յք, եւ նողկալիորեն նման եք միմյանց։

Հիմա երկրորդ դիպվածը։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը «համարձակվել է» արդարացնել «Ռեստարտ» խմբի անդամներին, ովքեր հարձակվել են Նարեկ Մալյանի վրա, ոտ ու ձեռից բռնելով՝ փորձել են մտցնել աղբարկղի մեջ՝ մարմնական վնասվածքներ պատճառելով, եւ այդ ամենը տեսանկարահանել։

Մալյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը, պաշտոնապես հայտարարել է, որ սորոսականներին անհիմն կերպով արդարացնելու համար ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը: Հիմա «սեւերի» թիմը՝ ֆեյք եւ իրական բանակներով, գրոհ է կազմակերպել դատավորի վրա, մեղադրանքներ է հնչեցնում, խարդավանքներ փնտրում՝ մոռանալով, որ Հարությունյանը այն դատավորն է, ում ոչ վաղ անցյալում եւ մինչեւ այս որոշումը «սազը ձեռքներին» գովերգում էին, մոռանալով, որ հենց Հարությունյանի որոշումների շնորհիվ արդարացվել եւ չեն կալանավորվել ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, որովհետեւ Հարությունյանը արդարադատություն է իրականացնում՝ անկախ նրանից՝ դա ում դուր կգա, ում քիմքին հաճելի կլինի․․․

Արդարադատությունը հենց դա է, երբ դատավորը չի մտածում, թե ով է գործով փաստաբանը, ով կուրախանա կամ կտխրի որոշումից, ով կհայհոյի եւ կվիրավորի իրեն, անկախ ամեն ինչից՝ իրականացնում է արդարադատություն՝ որեւէ կերպ կաշկանդված չլինելով։ Եւ անկախ դատական համակագի համար կուրծք ծեծողները պետք է առնվազն հասկանան այս ճշմարտությունը, հասկանան, որ դատական համակարգի անկախության գինը իրենց կողմից սիրված դատավորների կողմից իրենց դեմ որոշումներ կայացնելու հնարավորության իրացումն է, որովհետեւ արդարադատությունը պետք է իրականացվի՝ անկախ նրանից՝ ում դուրն է դա գալիս։

Հիմա, երբ դիլետանտ մակարդակի դատողություններ են անում շարքային քաղաքացիները, կարելի է դիմանալ, բայց երբ մասնագետներն են սկսում մանիպուլյացիաներ անել՝ քաջ գիտակցելով պատճառահետեւանքային ամբողջությունը, սա, մեղմ ասած, ազնիվ չէ։ Դատավորի որոշումը դեռ չի հրապարակվել, բայց իրավաբանները, փաստաբանները, ովքեր ներկա են եղել նիստին, գիտեն եւ հասկացել են, թե ինչու է իրենց կողմից «այդքան հարգված, այդքան անկախ, հերոս» դատավորը նման որոշում կայացրել։ Իսկ դատավորը արդարացրել է խմբի անդամներին, քանի որ քրեական գործը հարուցվել էր առեւանգման հոդվածի հատկանիշներով, մինչդեռ մեղադրանքով առեւանգումը չէր հաստատվում, իսկ դատավորը կարող էր վերաորակել գործը միայն այդ մեղադրանքի սահմանում, չէր կարող վերաորակել այն՝ այլ մեղադրանք առաջադրելով, օրինակ՝ խոշտանգման հոդվածով՝ նկատի ունենալով հոգեկան ուժեղ տառապանքներ պատճառելով։

Այս իրավիճակում ի՞նչ կարող էր անել դատավորը, իհարկե, առաջնորդվել օրենքով։ Եւ դատական որոշման մեջ մանրամասն շարադրված այս հանգամանքները անտեսելով՝ դատական համակարգի անկախության համար պայքարողները «ոտքի են ելել»՝ մոռանալով, որ 2019թ․ «Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ կոնֆերանսին» հայտարարում էին, թե ամենարդար դատավորը Դավիթ Հարությունյանն է՝ անկաշառության, արդարության եւ մարդկային ազնվության տիպար, ում մոտ գործը ընկնելու համար մարդիկ եկեղեցում մոմ են վառում։ Երեւի մոռացել է փաստաբան Աթանեսյանը այս եւ այլ գովեստի խոսքեր Հարությունյանի հասցեին, կամ էլ դատավորն արդեն անկախ եւ օբյեկտիվ չէ, քանի որ Աթանեսյանի եւ նրա պաշտպանյալի օգտին որոշում չի կայացրել։ Դե ուրեմն, կորչի անկախ դատական համակարգ ունենալու երազանքը, որի իրական լինելուն անգամ «գաղափարակիր մարտիկները» չեն հավատում, որը պարզապես ուտոպիա է՝ ոչ մեկին ո՛չ անհրաժեշտ, ո՛չ ձեռնտու։

Մի հարցում, սակայն, փաստաբան Աթանեսյանի հետ հնարավոր չէ չհամաձայնել․ այո՛, դատավորները լավն են, քանի քո դեմ չեն կայացնում դատական ակտ։ Ցավալի է, սակայն, որ անգամ փաստաբաններն են առաջնորդվում այս սկզբունքով։

Ամենից շատ դիտված

14:00 Արարատի փոխքաղաքապետի տղեն 15 հոգով հարձակվել է մեր վրա․ բացառիկ տեսանյութ՝ ծեծկռտուքից
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
15:25 Լոռու Ջիլիզա գյուղը կհանձնվի Վրաստանի՞ն
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
15:11 Ժա՛ննա, հեռացի՛ր. քաղաքացիները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը. ՈւՂԻՂ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ