Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել
Երևան +27°
Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 6 օր առաջ - 16:33 22-06-2022

Չեն կարող գալ ու որոշել, որ եռակողմ հայտարարության փաստաթղթով Աղավնոն իրենցն է. Արցախի պաշտոնյաների արձագանքը՝ ԱՀ նախագահի՝ Մոսկվա գնալու մասին

Քնարիկ Պետրոսյան

Լրագրող

«Հիմա չգիտեմ, թե որտեղ է Արայիկ Հարությունյանը, նման տեղեկություն չունեմ, չեմ էլ հետաքրքրվել, նման տեղեկություն չունեմ, իսկ ինչ վերաբերում է՝ գնացել է քննարկելու, դա ևս չեմ կարող ասել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով համացանցում տարածված այն լուրերին, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է՝ քննարկելու Աղավնո գյուղի ճակատագիրը։

Հակոբյանի խոսքով՝ չգիտի անգամ՝ օրակարգում կա՞ նման հարց, թե՞ ոչ, որովհետև պաշտոնական որևէ բան չկա դրա վերաբերյալ. «Մեր քաղաքական շրջանակներում էլ չեմ տեսել ու լսել նման բան։ Այս երկու տարվա ընթացքում ԱՀ և ՀՀ իշխանությունները անվտանգային երաշխիքներ պետք է ստեղծեին Աղավնոյի համար, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթում՝ այդ հայտարարության մեջ, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի բանի տակ, որով փաստացի երեք տարիների ընթացքում ինքը պարտավորվում էր հանձնել նաև Արցախի Քաշաթաղի շրջանից Բերձորը և Աղավնոն թշնամուն՝ ըստ էության՝ Լաչինի միջանցքը փոխարինելով նոր կառուցվող ճանապարհով, որը կրկին անգամ ինքը միջանցքի ձևաչափ է ունենալու և ոչ ճանապարհի։ Այսինքն՝ դա նորություն չէ, պաթոսախառը այդ ստատուսներով, սոցիալական ցանցերում հայրենասիրություն քարոզելով՝ մենք նաև ինքներս էինք փորձում քիչ թե շատ ինչ-որ բան անել ՀՀ-ից հայրենասերներների շնորհիվ, բայց բավարար չէր վերջնարդյունքի հասնելու համար, պետք է ուղղակի բնակեցվեին և՛ Բերձորը, և՛ Աղավնոն, որովհետև այն մի քանի հարյուր հոգին, որ հիմա ապրում են, բավարար չեն պահանջներ ներկայացնելու համար՝ չնայած նրան, որ դա ևս հիմք է»։

Հակոբյանի խոսքով՝ հաջորդը կոմունիկացիաների հարցն է, որի մասին չի խոսվել, չի ասվել այդ փաստաթղթում, և որևէ մեկը չի բարձրացրել այդ հարցը, և ստացվում է, որ Արցախը իքնուրույն, մենակ պետք է պայքարի դրա համար, և կոմունիկացիաներն անցնում են Լաչինի միջանցքով, որը անթույլատրելի է, որի հարցը պետք է լուծվի։ Հետո շրջանառվում են այն լուրերը, որ Արցախը հանձնում են, Բերձորը հանձնում են, ես չգիտեմ՝ ՀՀ իշխանական թևից կառավարվող ուժեր են ինչ-որ կամ ովքեր են, որոնք ուզում են հայրենասիրության քողի տակ իրենց սև գործը հասցնել վերջնարդյունքի, որովհետև հայրենասիրությունը այլ կերպ չի կարող դրսևորվել, և խառնաշփոթ իրավիճակ ստեղծելով չէ։

Այնպես չէ, որ եռակողմ հայտարարության փաստաթղթով կարող են գալ ու որոշել, որ Աղավնոն իրենցն է, որովհետև կա 2,5 կմ ճանապարհի հարց։ Այնպես որ, կարգավորումներ անելու և՛ հնարավորությունները կան, և՛ իրենք տալիս են հնարավորություն՝ անելու, մնում է այն հարցը, թե ինչու հայաստանյան իշխանությունները, որոնք հեղինակեցին այդ խայտառակ փաստաթուղթը, դրանից որևէ կետ ի վերջո կարող էր լինել հօգուտ մեզ, օրինակ՝ գերիների վերադարձ, որևէ կերպ այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ադրբեջանական կողմը կարող է նման ղեկավարներ ունենալու արդյունքում հասնել իր ցանկությունների կատարմանը, ինչի դեպքում չի բացառվում Բերձորի և Աղավնոյի ճակատագիրը։ Այստեղ փաստորեն չկարողացանք գոնե մենք ինքնուրույն տեր կանգնել այդ ամենին, իհարկե, մենք գիտակցում ենք, որ ՀՀ իշխանությունները ինչքան էլ փորձեն «աննախադեպ բյուջե» խաղացնելով ասել, որ Արցախի կողքին են, նրանք շարունակում են Արցախի վերջը տալ ու հանձնել Արցախը, և ստացվում է այնպես, որ մենք պայքարում ենք և՛ ՀՀ իշխանությունների, և՛ թնամու դեմ, ինչը շատ ավելի դժվարացնում է մեր գործը, բայց չենք ընկրկում։ Պաթոսախառը ստատուսներ գրողներին ուղղակի առաջարկում եմ ուղղակի նստել իրենց տներում ու դուրս չգալ, որովհետև հայրենասիրությունը այդպես չի սկսվում և ավարտվում»։

Թեմայի վերաբերյալ Oragir.news-ը կապ հաստատեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հետ, ով հարցից նախ խուսափեց, այնուհետև խնդրեց մի փոքր ուշ զանգահարել ու այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

Իսկ Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց. «Ես ինչի՞ պետք է դա իմանամ, բացարձակ տեղյակ չեմ։ Չգիտեմ։ Հիմա պահեստազորում եմ»։