Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 22:01 21-06-2022

Հայազգի լուսանկարիչը, Հեմինգուեյն ու իր «Dior» սվիտերը

Ամերիկացի հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի այս լուսանկարը աչքիս առաջ է եղել մանկության տարիներից։ Մեր գրապահարանի ապակու հետևում իր մշտական տեղն ուներ ինչ-որ ամսագրից կտրված ու թղթե շրջանակի մեջ դրված այս պատկերը։ Մենք միակը չէինք․ գրքասեր շատ ընտանիքներ ունեին այս լուսանկարից, պարզապես դրանք տարբեր որակի, չափի ու շրջանակի մեջ էին տեղադրված։

Սակայն այն ժամանակ գրեթե ոչ ոք չգիտեր, որ ԽՍՀՄ-ում լայն տարածում գտած Հեմինգուեյի այս լուսանկարի հեղինակը հայազգի լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է։

Հայտնի լուսանկարիչը 1957 թվականի գարնանը մեկնել է Կուբա, որտեղ նկարել է Էռնեստ Հեմինգուեյի մի շարք դիմանկարներ։ Նկարահանումը տեղի է ունեցել Հավանայի մոտակայքում` նկարչի մասնավոր կալվածքում`«Ֆինկա Վիխիայում»։



Քարշը իր բնորդին ավելի լավ հասկանալու ու ճանաչելու համար հանդիպման նախորդ օրը՝ երեկոյան, գնացել է նրա սիրելի բարը` La Floridita, և պատվիրել Հեմինգուեյի նախընտրած դայակիրի կոկտեյլը և վայելել այն միջավայրը, որտեղ հաճախ էր լինում մեծ գրողը։

Հաջորդ առավոտյան, երբ հանդիպել են լուսանկարիչն ու գրողը, վերջինս հյուրին հարցրել է, թե ինչ կխմի, Քարշը խնդրել է դայակիրի: Հեմինգուեյը զարմացած պատասխանել է. «Օ~, Աստված իմ, Քա՛րշ, օրվա այս ժամի՞ն»։

Ըստ լուսանկարչի հուշերի՝ մինչ այս հանդիպումը նա Հեմինգուեյին պատկերացրել էր իր վեպերի հերոսների նման՝ ուժեղ, կամային, հաղթանակած։ Սակայն տեսել է մի մարդու, որի «բարեկրթությունը հասել էր ամաչկոտության սահմանին»։

Այդ ժամանակ Հեմինգուեյը դեռ բուժվում ու վերականգնվում էր Աֆրիկայում ավիավթարի ժամանակ ստացած վնասվածքներից: Ըստ Քարշի՝ նրա առջև «կյանքից դաժան հարվածներ ստացած, բայց անպարտելի մեկն էր»։

Նկարում Հեմինգուեյը ձեռագործ սվիտերով է, որը դիմանկարի համար գրողի զգեստապահարանից ընտրել էր լուսանկարիչը։ Այս սվիտերը բոլորն անվանում էին «ձկնորսի սվիտեր», թեև սա թանկարժեք հագուստ էր՝ Dior նորաձեւության տնից, որը Հեմինգուեյը նվեր էր ստացել իր չորրորդ կնոջից՝ Մերի Ուելչից։

Քարշը նույն օրը Հեմինգուեյի բազմաթիվ լուսանկարներ է արել, որտեղ գրողը «հրաշալի ժպիտ ուներ՝ աշխույժ, սիրալիր, հասկացողությամբ լի»։ Սակայն նա ընտրել է լուրջ, գրեթե մռայլ արտահայտությամբ այս տարբերակը։

Այս լուսանկարից հետո՝ չորս տարի անց, Հեմինգուեյն ինքնասպան եղավ։

Քարշն այս մասին իր հուշերում գրում է. «Հեմինգուեյի ինքնասպանությունից հետո ինձ հաճախ են ասում, որ իմ լուսանկարի մեջ կանխազգացում կա, բայց ես պետք է նշեմ, որ մեր զրույցը բավականին ուրախ էր և ուղեկցվել է լավ Կյանտիով (իտալական գինի)։ Թեև Հեմինգուեյը ֆիզիկապես տառապում էր Աֆրիկայի աղետից հետո, բայց նրա հոգեբանական վիճակը այդ առավոտ դրական էր, բարի, և նա ամբողջությամբ կլանված էր մեր համատեղ աշխատանքով»։