Երևան +14°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:00 21-06-2022

Ինչո՞ւ Վարդազարյանը որոշեց այդ ձայնագրությունը հենց հիմա հրապարակել

Ռուբեն Վարդազարյանը երեկ հրապարակեց մի ձայնագրություն, որը կարելի է իր բնույթով սկանդալային համարել։ Դրանում Գագիկ Ջհանգիրյանը հայհոյանքներ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի հասցեին, ԲԴԽ-ի հասեցին, որի ղեկավարն է ինքը, էլի ուրիշ հասցե-անհասցե հայհոյանքներ է տալիս։ Բայց դա չէ կարևորը այդտեղ, կարևորը Ջհանգիրյանի խոստովանություններն են, որ նա անում է որպես իշխանության կամակատար՝ հասկացնելով, որ ինքը քաղաքական պատվեր է կատարում, և որ վերևից են ասել, որ Վարդազարյանը պիտի հրաժարական տա, հեռանա։

Այդ ժամանակ Վարդազարյանը դեռ ԲԴԽ նախագահ էր, իսկ Ջհանգիրյանը՝ ԲԴԽ նոր ընտրված անդամ։ Սրանով ևս մեկ անգամ ապացուցվում էր Նիկոլ Փաշինյկանի ստեղծած իրավական համակարգի կոռուպմացված, անձնակենտրոն ու քաղաքականացված լինելը։ Այդ հանդիպումը, որի ժամանակ էլ գաղտնի ձայնագրել է իրենց զրույցը Վարդազարյանը, տեղի է ունեցել 2021 թ․ փետրվարի 20-ին, այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սա այն փուլն էր, երբ ով ինչ կոմպրոմատ ուներ իշխանության դեմ, հրապարակում էր, որպեսզի բացեր հասարակության աչքերն ու մարդկանց հաներ փողոց, իսկ հետագայում էլ ընտրություններին «ուղղորդեր» դեպի ճիշտը, այսինքն՝ ընդդեմ Նիկոլի։ Ու այս ձայնագարության՝ այդ փուլում, հատկապես ընտրություններից առաջ հրապարակելը կարող էր օգտակար լինել այս հարցում։

Բայց Ռուբեն Վարդազարյանը դա չի արել։ Նախընտրել է տարի ու կես համբերել ու հրապարակել միայն այն պահին, երբ արդեն անձամբ իր շահերին էր պետք, երբ արդեն իրեն են վերջնականապես ոչնչացնում։ Իհարկե, Վարդազարյանը կարող է ասել, որ ինքն ապաքաղաքական անձ է, և նախընտրական փուլում իր կողմից այսպիսի ձայնագրություն հրապարակելը կարող էր դիտվել քաղաքական դեմարշ, բացի այդ՝ ընդդիմությունը ևս միանշանակ չէր ընկալի, քանի որ այդ զրույցի ընթացքում Ջհանգիրյանը Քոչարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս՝ հայտնելով, որ չի ցանկանում, որ դաշնակներն ու Քոչարյանը ներից վերադառնան իշխանության։ Եւ սա կարող էր նաև ազդել Ռբերտ Քոչարյանի վարկանիշի վրա։

Բայց եթե վերանում ենք հնարավոր քաղաքական օգուտներից ու վնասներից ու կենտրոնանում բուն դեպքի վրա, ապա կարող ենք միաժամանակ փաստել, որ Հայաստանում հայրենիքի շահը անձնական շահից գերադասողներ չկան կամ գրեթե չկան։ Բոլորի համար իրենց անձնական շահն է կարևոր, ոչ ոք պատրաստ չէ հանուն հայրենիքի զոհաբերության։ Եւ Ռուբեն Վարդազարյանն էլ բացառություն չէ, քանզի նա այդ ձայնագրությունը, որը, ի դեպ, պատրաստվում էր ԲԴԽ-ում դռնփակ նիստում հրապարակել, սակայն ԲԴԽ-ն տապալել էր իր պլաները, ստիպված հրապարակեց այն ժամանակ, երբ արդեն անձամբ իր ճակատագրի հարցն էր քնարկվում։

Նկատենք, սակայն, որ Վարդազարյանը սրանից առանձնապես ոչինչ չի շահելու, քանզի ԲԴԽ-ն իրեն, միևնույնն է, երկու օր անց զրկելու է ԲԴԽ նախագահի լիազորություններից։ Իշխանությունն էլ առանձնապես դրանից չի տուժելու, քանի որ այսպիսի տասնյակ աղմկահարույց դրվագներ են իրենք կուլ տվել ու մարսել։ Հասարակությունն էլ ոչինչ չի շահելու, քանզի մարդկանց համար միևնույնն է՝ Ջհանգիրյանը կամ մեկ ուրիշը ինչ քաղաքական պատվեր կկատարի կամ ում կհայհոյի։ Շահողը, ըստ էության, միայն լրատվամիջոցները եղան, որոնք մի երկու օր ևս գրելու, քննարկելու թեմա ունեցան։