Երևան +14°
copy image url
Մշակույթ Միտք 1 տարի առաջ - 21:06 18-06-2022

Թագավորական կրքեր. Հենրի VIII

Հենրին ընդամենը 17 տարեկան էր, երբ դարձավ Անգլիայի թագավոր։ Նա երկիրը ղեկավարեց մոտ 38 տարի։

Իր բնույթով ՀենրիVIII-ը բռնակալ էր՝ դաժան, վրեժխնդիր, դյուրագրգիռ, իր համախոհներին անընդհատ վախի մեջ պահող բռնակալ։

Հենրի VIII-ի օրոք մահապատժի են ենթարկվել 72 հազար անտուն ու մուրացկան։

Նրա անձնական կյանքը մեծ ազդեցություն է թողել Անգլիայի քաղաքական պատմության վրա։ Գահակալության սկզբում Հենրի VIII-ը Կաթոլիկ եկեղեցու ջերմեռանդ հետևորդ էր, նույնիսկ Հռոմի Պապը նրան շնորհել էր «Հավատի Պաշտպան» տիտղոսը։ Սակայն, երբ Պապը թույլ չտվեց նրան բաժանվել իր առաջին կնոջից, Հենրին լքեց կաթոլիկ եկեղեցին՝ իրեն հռչակելով նորաստեղծ Անգլիկան եկեղեցու պարագլուխ։

Հենրի VIII-ի օրոք Անգլիայում փակվել է 3000 վանք, արքան նրանց հողերը բաժանել իր կողմնակիցներին կամ վաճառել դրանք՝ զգալիորեն հարստացնելով գանձարանը։ Հողերը գնել են ազնվականները և բուրժուազիան՝ եկամտաբեր նոր տնտեսություններ ստեղծելու համար։

Ինքն իրեն փառաբանելու, կարևորելու և իր թագավորությունը հզորացնելու նպատակով Հենրի VIII-ը վերակառուցեց հին թագավորական նստավայրերը։

Իր թագավորության վերջին շրջանում Հենրին ուներ 55 պալատ։

Նա Լոնդոնը դարձեց Եվրոպայի լավագույն քաղաքներից մեկը։

Իտալիայից և Գերմանիայից հայտնի նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, թողնելով իրենց երկրները, գալիս էին Անգլիա`ծառայելու թագավորի արքունիքում։Հենրի VIII-ը իր թագավորությունում կառավարական պաշտոններ էր շնորհում գիտնականներին և արվեստի մարդկանց։

Նա Անգլիայի կանցլեր նշանակեց հայտնի իրավաբան ու հումանիստ Թոմաս Մորին։ Սակայն, երբ Թոմաս Մորը հրաժարվեց ճանաչել Հենրիին որպես Անգլիական եկեղեցու պարագլուխ, նրան բանտարկեցին, իսկ հետո` գլխատեցին։ Այս դեպքում Հենրի VIII-ի դաժանությունը անցավ բոլոր սահմանները։ Նրա հրամանով՝ ԹոմասՄորի գլուխը եփեցին և տնկեցին Լոնդոնի կամրջի սյան վրա։ Թոմաս Մորի աղջկան միայն 3 ամիս անց թույլատրեցին վերցնել հոր գլուխը՝ հողին հանձնելու համար։

Միանգամայն այլ թեմա է Հենրի VIII-ի անձնական կյանքը, որը կարող է տեղավորվել գրականության և կինոյի բոլոր ժանրերում։

Անգլիացի դպրոցականներին այսօր սովորեցնում են հիշել Հենրի VIII-ի ճակատագիրը պարզ մնեմոնիկ արտահայտության օգնությամբ` «divorced - executed - died - divorced - executed – survived» (ամուսնալուծվել է - մահապատժի է ենթարկել - մահացել է - ամուսնալուծվել է - մահապատժի է ենթարկվել - գոյատևել է):

Պատահական չէ, որ Հենրի VIII-ին անվանում էին Կապույտ մորուք։ Նա ամուսնացել է վեց անգամ։ Թագավորը իր երկու կանանցից բաժանվել է, իսկ երկուսին մահապատժի ենթարկել` դավաճանության մեղադրանքով, մեկն էլ մահացել է ծննդաբերության ժամանակ։



Հենրի VIII-ը իր առաջին երեք կանանցից ունեցել է 10 երեխա, սակայն նրանցից միայն երեքն են ողջ մնացել։Առաջին ամուսնությունից՝ Մարիան, երկրորդից՝ Էլիզաբեթը, երրորդից՝ Էդվարդը։ Հենրի VIII-ի բոլոր զավակները տարբեր ժամանակներում դարձել են միապետներ: Կապույտ մորուքի վերջին երեք ամուսնություններն անպտուղ էին:

Հենրի VIII-ի առաջին կինը իր եղբոր այրին էր՝ Իսպանիայի թագավորի դուստր Կատրին Արագոնացին։ Կատրինը գեղեցիկ և խելացի կին էր և իր ամուսնու հավատարիմ ընկերը, բայց նրան չի հաջողվել Հենրիին որդի պարգևել։ Նրանց ամուսնության ընթացքում ծնվել է Մարիան (Արյունոտ Մերին), սակայն Հենրին որդի էր ուզում։

Հուսահատված թագավորը սիրահարվել է իր կնոջ սպասուհուն` Աննա Բոլեյնին։



Ի տարբերություն 16-րդ դարում կնոջ նախընտրելի`գունատ, շիկահեր, կապուտաչյա կերպարին՝ Աննան թուխ մաշկով էր, հաստ, մուգ շագանակագույն մազերով և աչքերով։Ըստլեգենդի՝նամի ձեռքիվրա 6 մատ ուներ։ Այնուամենայնիվ թագավորը սիրահարվել է նրան և որոշել բաժանվել Կատրինից։ Հռոմի Պապը ապահարզանի թույտվություն չի տվել, բայց Հենրին թաքուն ամուսնացել է Աննա Բոլեյինի հետ։

Աննա Բոլեյինը կրկին դուստր է ունեցել (հետագայում` Եղիսաբեթ I թագուհին), բայց քանի որ Հենրին շարունակում էր մոլեռանդորեն որդի ուզել, նա հիասթափվել է այս կնոջից ևս։Սերը փոխարինվել է ատելության այն աստիճան, որ Աննային գլխատել են։

Այնուհետև Հենրին ամուսնացել է մեկ ուրիշ անգլուհու հետ։ Ջեյն Սեյմուրի հետ հարսանիքը տեղի է ունեցել Աննա Բոլեյնի մահապատժից 11 օր հետո։ Ջեյն Սեյմուրը մահացել է ծննդաբերության ժամանակ՝ թագավորին պարգևելով իր այնքան երազած որդուն՝արքայազն Էդուարդ VI-ին։



Հենրին մի քանի ամիս սգացել է կնոջ մահը, որից հետո՝ նորից ամուսնացել։

Այս անգամ նա կին է ընտրել քաղաքական և դիվանագիտական նպատակներով։ Գերմանացի արքայադուստր Աննա Քլավսին տեսել էր լուսանկարով միայն ու հեռակա նշանադրվել։ Երբ արքայադուստրը ժամանել է Անգլիա, Հենրին չի հավանել կնոջը ու մտածել է նրան նույնպես գլխատել, սակայն արքայադուստրն ամուր կապեր է ունեցել և կարողացել է փրկվել։ Ավելին, ամուսնալուծությունից հետո Աննա Քլավսին մնացել է արքունիքում որպես «արքայի քույր»։ Ճիշտ է, Աննային հաջողվել է ողջ մնալ, սակայն նրա փոխարեն գլխատվել է այս ամուսնությունը կազմակերպած ու նախաձեռնած Թոմաս Կրոմվելը։



Հենրիի հինգերորդ կինը Քեթրին Հովարդն էր, որի հետ թագավորն ամուսնացել է կրքոտ սիրուց դրդված։ Սակայն շուտով պարզվել է, որ Քեթրինն ամուսնությունից առաջ սիրել է Ֆրենսիս Դուրհեմին, և նրանց սիրային կապը շարունակվել է ամուսնությունից հետո նույնպես։



1542 թվականի փետրվարի 13-ին թագուհուն ու իր սիրեցիալին կախաղան բարձրացրին։

Հենրիի վերջին կինը՝ Քեթրին Պարը, արդեն հասցրել էր երկու անգամ այրիանալ։ Նախորդ երկու ամուսիններին թաղելուց հետո նա հողին է հանձնել նաև Հենրիին և ամուսնացել Ջեյն Սեյմորի եղբոր`Թոմաս Սեյմորի հետ։



Հենրի VIII-ը մահացել է 55 տարեկանում` ճարպակալումից։