Ճամպրուկը շեմին
copy image url

Ճամպրուկը շեմին

Միտք Ներքին 3 տարի առաջ - 15:00 18-06-2022
Դա պատահում է, երբ բանը բանից անցած է լինում, երբ արդեն սպառված են լինում հայրենիք կոչվող տարածքում ապրելու, ավելի ճիշտ՝ գոյատևելու հնարավոր բոլոր միջոցները: Հետո՝ ավելի ուշ, արդեն վիճակագիր-սոցիոլոգներն այդ պրոցեսին արտագաղթ անունը կտան, միգրացիոն ծառայություններն էլ իրենց ամփոփագրերում կհիշատակեն այդ մասին:

Հարկ է խոստովանել, որ օտար ափերում բախտ որոնելը միայն հայերին չէ, որ բնորոշ է: Միգրացիոն տեղաշարժերն ամենուր են, ուղղակի մեզ մոտ պրոցեսն ավելի նկատելի է դառնում ու ցավագին ընկալվում՝ հայերիս սակավաթվության, փոքր ածու լինելու պատճառով: Ռուսացող խոպանչիների ու յանկիացող մեր հայրենակիցների մասին առաջ շատ ու մեծագույն ցավով էր խոսվում: Նոր ժամանակներում ուժգնացած տարատեսակ խորշակները մոռացնել տվին ամեն ինչ: Ու հիմա ամեն ինչ ընկալվում է սառնասրտորեն, առանց ավելորդ զգացմունքայնության: Ամեն ինչ դիտարկվում է գոյատևման հոլովույթում, արդարացվում ծավալված գոյապայքարի տրամաբանությամբ:

Կենաց-մահու այդ պայքարում էլ ընտանիքներից շատերը զգալի կորուստներ են ունենում: Ոչ թե ֆիզիկական չգոյությունը, այլ պետության կարևորագույն օղակի, ընտանիք կոչվող բջջի տրոհումը նկատի ունեմ: Որքան էլ ցավալի լինի ընդունելը, ներկա պահին Հայաստանում իրենց ամբողջականությունը պահպանած ընտանիքներին մատների վրա կարելի է հաշվել: Ընտանիքի երբեմնի անդամները քամուց քշվածների պես հայտնվել են մոլորակի տարբեր ծագերում: Երևույթի սոցիալ-կենցաղային դրդապատճառներն ուսումնասիրելիս առնչվում ես խիստ տարօրինակ ու ուշագրավ մի փաստի, որի մասին էլ ցանկանում եմ խոսել ստորև:

Խոսքը վերաբերում է էլիտար գաղթականներին՝ նրանց, ովքեր հենց իրենք են հանդիսանում այս երևույթի խթանման գլխավոր դերակատարը: Վերջիններս, ի տարբերություն հաց հանապազօրյայի խնդիրները լուծել չկարողացողների, մեծ կարողությունների ու այդ կարողությունները բազմապատկելու «ունակ» լրջագույն լծակների տեր են, վերին էշելոնի ներկայացուցիչներ: Նրանք փորձում են սահմանված ժամանակահատվածում առավելագույնը քաղել իրենց ներկայացած «պատմական պատեհությունից»: Ամեն ինչ հոշոտած (ող), անհագուրդ այս տեսակը, սակայն, ունի ապագայի հետ կապված խիստ պարզորոշ ծրագրեր: Հայրենիքից մաշկած, հայրենակիցներից թալանած միջոցները ապահովության նկատառումներով նրանք՝ «էլիտար գաղթականները», պահ են տալիս իրենց ապագա հայրենիքի(ների ) դրամատներին: Հիմա պարզ դարձա՞վ, թե ինչ է կատարվում: Հայրենիքը սեփական բոստանը դարձրած այս տեսակը, անմարդկային պայմաններ ստեղծելով, շնչահեղձ է անում սոցիալ-կենցաղային նվազագույն պայմաններ երազող հայրենակիցներին՝ վերջիններիս դարձնելով աստանդական:

Հիշեցի՞ք: Ի դեմս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ փորձ էր արվում տալ նաև դրա շահեկանության «տրամաբանական» հիմնավորումը: Իսկ որ ամենամեծ գաղթականը, ամենաէլիտարը՝ ես կասեի, ի վերջո իրենք են դառնալու, այդ մասին նրանք «խոհեմորեն» լռում են ու պահում ծածուկ: Էլիտար գաղթականների գոյությունը փաստ է, վերացումը՝ խնդիր: Այս տեսակը, ըստ էության, հոգու խորքում իրեն հայ չի համարում: Եթե համարեր, ապա իր հայրենիքի հետ այդպես չէր վարվի, հայրենակիցների հանդեպ էլ օտարի վարք չէր դրսևորի, ակունքը, որից ինքն էլ է ջուր խմում, երբեք չէր պղտորի: Բայց նա իրեն պահում է ամենավերջին թուրքի պես, ինչպես ընդունված է ասել: Մնում է միայն հասկանալ, ի վերջո, թուրք ա՞զգ է, թե՞ տեսակ: Սա պարզելուց ու թուրքի սահմանումը տալուց հետո միայն հնարավոր է՝ ամեն ինչ փոխվի, քանի որ «լավ, երբևէ մտածե՞լ եք, թե ումից եք թալանում» հարցի էությունն արդեն ընկալելի կդառնա էլիտար գաղթական դառնալ չցանկացող նրանց սերունդներին… Հուսանք՝ պարզաջրված։

Ամենից շատ դիտված

12:30 Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում
11:42 Վեր են ընկնում, ձեռ ու ոտ կոտրում, խայտառակ վիճակ ա. ալավերդցի
21:20 Մեր՝ կալանավայրերում գտնվելու բուն պատճառը դիմադրության հնարավոր օջախները վերացնելն է. Բագրատ Սրբազան
18:28 Շիրակի մարզում հայտնաբերվել է վթարված Mercedes-ը, որը փորձում էին դեպքի վայրից հեռացնել․ կա 7 վիրավոր 
15:07 ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում է Անկարայում. քաղաքագետ
11:26 Արամ Սարգսյանի կուսակիցը օրվա հացը աշխատող շինարարներին խաբում, քցում է. Չախոյան
19:56 Իրավապահները առևանգված օտարերկրացու մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում
14:21 Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով․ Զարեհ Սինանյանի հայրը՝ Բաքվում հայ գերիների մասին
13:39 Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ. Մարտիրոսյան
15:42 Թուրքերը և ադրբեջանցիները ուղղորդում են հայաստանյան «իշխանությանը», որ ռուսական բազան դուրս բերվի Հայաստանից