Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:41 16-06-2022

Հենց-ընենցի պտուղները

Կյանքը վկայում է, որ այս կամ այն ոլորտում արձանագրված հաջողության անդավաճան ուղեկիցները սերն ու նվիրվածությունն են: Ըստ իս՝ այս առումով պակաս կարևոր չէ նաև սեփական հնարավորությունների, սեփական կարողությունների ճիշտ գնահատման ունակությունը: Առերևույթ անէական թվացող այս հանգամանքը շատ դեպքերում ունենում է վճռորոշ, ես կասեի՝ ճակատագրական նշանակություն: Կարծում եմ՝ ժամանակն է խոսել թեմայի մասին, որից ակնհայտորեն շատերը խուսանավում են: Խոսքը վերաբերում է պրոֆեսիոնալիզմի հանդեպ հանրային վերաբերմունքին: Մենք բավականաչափ անկեղծ չենք խոստովանելու համար, որ Հայաստանին պատուհասող ձախողումների, դժբախտությունների գերակշիռ մասը սերում է հենց այս «ակունքից»:

Տպավորությունն այնպիսին է, ասես այս փաստի հանդեպ դրսևորվող վերապահ մոտեցումն ու դրա բարձրաձայնումը ձեռնտու չլինի շատերին` «արևի տակ» զբաղեցրած իրենց տեղը չկորցնելու, ավելի ճիշտ՝ զարտուղի ճանապարհով զբաղեցրած տեղերն իրական տերերին զիջելու անցանկալիության տեսանկյունից: Թերևս աննշան թվացող այս հանգամանքն էլ բոլորիս պահում է «երջանիկ անգիտության» մեջ:

Իսկ այժմ ավելի առարկայական: Թեմայի քննարկման շարժառիթը ինձ, կարծում եմ, նաև ինձ նման շատ-շատերին հաճելիորեն զարմացրած յութուբյան տեսանյութն է, որտեղ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների համապարփակ վերլուծությամբ հանդես եկող բժիշկը, չլինելով, չներկայանալով քաղաքական գործիչ ու քաղաքագետ, ասելիքի լրջությամբ ու խորքով հաճելիորեն զարմացնում է ունկնդիրներին: Իրազեկության մակարդակով և տրամաբանությամբ նա գերազանցում է հեռուստաէկրաններից չհեռացող քաղաքագետ-վերլուծաբաններին ու պետական օղակներում «թառած», ոլորտի պատասխանատվությունը ստանձնած, վերլուծական ունակությամբ նրան էապես զիջող չինովնիկներին: Ակամայից հարց է առաջանում, թե ինչու հանրությունն այս կարգի մարդկանց չգիտի, ինչու են իրազեկ, կարող ուժերի փոխարեն միջակ ունակության ու տրաֆարետային մտածողության տեր մարդիկ հայտնվել ու հայտնվում կառավարման հարթակներում: Թեմայի քննարկման հավելյալ շարժառիթը «Ազգերի լիգայում» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անփառունակ ելույթներն են:

Առերևույթ միմյանց չաղերսվող օրինակները, ըստ էության նույն մտահոգության՝ «սուրոգատության» մասին են: Կներեք, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե որն է մեր ֆուտբոլիստների վախվորած խաղի, սեփական ուժերին չհավատալու, գնդակից կարելվույնս արագ ազատվելու դրդապատճառը: Տպավորություն է ստեղծվում, որ պատասխանատվությունից խուսափումը «արմատներ է ձգում» նաև խոտածածկ տարածքում: Խնդրում եմ ասեք․ եթե ֆուտբոլիստների համար գնդակը «բեռ» է, ապա ինչո՞ւ են նրանք այդ «ծանր» մասնագիտությունն ընտրել: Սեփական և սեփական թիմի խաղից հաճույք ստանալու, մրցամարտին ստեղծագործաբար մոտենալու փոխարեն, դեմքի տառապագին արտահայտությամբ ու «տիտանական ջանքերի» գնով ու անասելի դժկամությամբ են նրանք իրենց մարմինները տեղափոխում խաղադաշտի մի հատվածից մյուսը: Այդ դեպքում գուցե ընտրությունը կանգնի ոչ թե մխացող, այլ հաճույքից վառվող տեսակի՞ վրա: Գուցե «տշող» տեսակից առավել մեզ «մտածող» տեսա՞կն է պակասում, գուցե լուծումը հենց այդտե՞ղ է թաքնված:

Անգլիական «Լեսթեր» ֆուտբոլային ակումբի օրինակով եմ ուզում հիմնավորել ասելիքիս կարևորությունը: Մի քանի տարի առաջ, ավելի ստույգ՝ 2016 թվականին, ոչ մեկի մտքով իսկ չէր կարող անցնել, որ միջին մակարդակ ունեցող «աղվեսները» կարող են դառնալ բարձրակարգի համարում ունեցող անգլիական «Պրեմիեր լիգայի» չեմպիոններ: Ակումբի հաջողության գաղտնիքը պիտի «քողազերծվեր» չեմպիոնության հասնելուց հետո միայն: Պարզվում է, որ «աղվեսների» հաջողության «հմայիլը» «Լեսթեր Սիթիի» սեփականատեր, թայլանդցի միլիարդատեր (տարիներ առաջ դստեր հետ ուղղաթիռի կործանման զոհ դարձած) Վիշայ Շրիվադանապրաբհայիի կողմից ֆուտբոլիստներին ուղղված՝ «Խաղացեք ձեր իսկ հաճույքի համար» հորդոր-հրահանգն է եղել: Հաճույք ու բերկրանք, ստեղծագործական մոտեցում ու թիմային խաղ՝ պարտադրանքի ու պարտավորվածության փոխարեն: Որքան պարզ ու որքան անկեղծ է, այնպես չէ՞: Նույնը նաև մյուս օրինակին է վերաբերում: Երկրի ղեկավարները, ազգի ապագայի պատասխանատուները պիտի բժշկի պես սթափ դատող ու «դեղատոմսեր» առաջարկող մարդկանց օժանդակությանը դիմեն, այլ ոչ թե հերթապահ «իմաստնություններ» սերտած պրոֆանների: Երկրի պատասխանատուները պիտի կարողանան օգտվել նրանց իմացական ու վերլուծական հմտություններից: Իսկ այդ տիպի մարդիկ, թեև քիչ, բայց կան, ուղղակի նրանց գտնելու իրական ցանկություն է պետք…

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով