Երևան +23°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:59 16-06-2022

Շատ կասկածելի է․ բժիշկը՝ «Կապիկի ծաղիկ» հիվանդության մասին

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

«Կապիկի ծաղիկ» հիվանդության՝ օր օրի շատացող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակից ավելի երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր համավարակի վտանգ և դառնալով նոր միֆերի և ապատեղեկատվության տարածման առիթ։

Հիվանդության դեպքեր Հայաստանում դեռևս չեն գրանցվել։ «Կապիկի ծաղիկ» վարակի դեպք գրանցվել էր նաև Վրաստանում։

Հայաստանում հավանական տարածման, ախտաննշանների և բուժման ընթացքի մասին Օragir.news-ը զրուցեց ԵՊԲՀ ավագ դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

Անդրադառնալով վիրուսի՝ Հայաստանում տարածմանը՝ Նուբարյանն ասաց. «Դե դա ամբողջությամբ բացառել չի կարելի, բայց ամեն դեպքում հավանականությունը մեծ չէ, որովհետև այդ հիվանդության տարածվելիությունը ավելի ցածր է, քան բնական ծաղիկինը, և դրա տարածման համար անհրաժեշտ է ավելի սերտ շփում։ Բայց տարածումը ամբողջությամբ բացառել հնարավոր չէ, պետք է նաև հասկանալ՝ Վրաստանում ինչ քայլեր կձեռնարկեն, այսինքն՝ հնարավոր կլինի արագ պարզել վարակի աղբյուրը, վարակի հետ շփված անձանց, մեկուսացնել, և եթե դա իրենց մոտ ստացվի, հավանականությունը մեզ մոտ «Կապիկի ծաղիկ» ունենալու կնվազի, բայց եթե չստացվի, Հայաստանում տարածումը բացառված չէ»։

Պատասխանելով մեր այն հարցին, թե «Կապիկի ծաղիկ» հիվանդությունը ինչպես է տարածվում, բժիշկը ասաց. «Նախ ասեմ, որ այս հիվանդությունը տարածվում է սերտ շփման ժամանակ, այսինքն՝ վարակված մարդու հետ ֆիզիկական շփման ժամանակ, կամ օդակաթիլայի ճանապարհով դեմառդեմ, բայց մոտիկ և երկարատև շփման ժամանակ»։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք այս հիվանդությունը իր վարակելիությամբ կարող է մրցել քովիդի հետ, ինչ ախտանշաններով է ի հայտ գալիս, բժիշկն ասաց. «Քովիդի նման չէ, քովիդը ավելի հեշտ է տարածվում։ Ախտանշանները վարակի ներթափանցման ժամանակ մարդու մոտ լինում է պրոդրոմալ շրջան, բարձր ջերմություն կարող է լինել, հոգնածության զգացում, որը կարող է մինչև 2-3 օր տևել։ Դրանից հետո առաջանում է ցանավորումը, ցանը սկսում է առաջանալ վարակի ներթափանցման վայրից, այսինքն՝ օդակաթիլային ճանապարհն է, դա կարող է լինել բերանի շրջանը, բերանի խոռոչը, եթե օրինակ սեռական ճանապարհով է, որը հիմա Եվրոպայում ամենատարածված ճանապարհն է, կարող է լինել համապատասխան սեռական օրգանների մոտ։ Այսինքն՝ առաջանում է կարմրածություն, հետո դա վերածվում է ցանի, ի վերջո մինչև երեք-չորս շաբաթ է տևում ցանը, այդ բշտիկները լցվում են հեղուկով, հետո չորանում են և թափվում են։ Դրանից հետո համարվում է, որ մարդը վարակիչ չէ։ Այս հիվանդությունը որոշ առումով նման է ջրծաղիկին, բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք տարբեր վիրուսներ են, ուղղակի այդ ցանավորման, ցանի զարգացման տեսանկյունից որոշակի նմանություն ունեն»,- ասաց բժիշկը։

Անդրադառնալով «Կապիկի ծաղիկ» հիվանդությունից մահացությունների հավանականությանը, բժիշկը նշեց. «Դեպքեր կան, մահացության ցուցանիշները շատ տարբերվում են՝ միչև 10 տոկոս։ Օրինակ՝ Եվրամիությունում երեկվա դրությամբ մահվան դեպք գրանցված չէր, այսինքն՝ հիմնականում հիվանդությունը ընթանում է թեթև։

Իսկ մեր այն հարցին, թե բուժման ընթացքը ինչպես է ընթանում, բժիշկն ասաց. «Որպես այդպիսին երեք-չորս շաբաթվա ընթացքում հիվանդությունն ամբողջությամբ անցնու է, և սպեցիֆիկ բուժման կարիք չի լինում, քանի որ դեպքերը հիմնականում թեթև ընթացք են ունենում և միջին ծանրության են լինում։ Անհրաժեշտ է լինում սիմպտոմատիկ բուժում, այսինքն՝ ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, անհրաժեշտ է նաև հետևել, որ այդ հեղուկով լցված գոյացությունները երկրորդային վարակով չախտահարվեն, ինֆեկցիա չանցնի, չզարգանա, քանի որ դա հիմնական բարդությունն է։ Առանձին դեպքերում կա բնական ծաղիկի համար նախատեսված դեղ, որը կարող է օգնել նաև «կապիկի ծաղիկով» վարակվածներին, քանի որ բնական ծաղիկը և «Կապիկի ծաղիկը» վիրուսների նույն ընտանիքին են պատկանում, բայց այս դեղի արտադրության քանակը դեռևս սահմանափակ է և բավարար չէ»,- ասաց Մելիք-Նուբարյան։

Այս թեմայի շուրջ մենք զրուցեցինք նաև բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը հետ, որը նույնպես շատ ցածր գնահատեց «Կապիկի ծաղիկ» հիվանդութան տարածման հավանականությունը Հայաստանում՝ նշելով.

«Շատ կասկածելի է, այդ հիվանդության հետ կապված կարծիք չունեմ, քանի որ դա չպետք է այդպես արագ տարածվի։ Հիմա շատ ավելի ինֆորմացիոն բնույթ ունի այդ խնդիրը, թե իրականում հիվանդություն է տարածվում, դա իրականում դժվարանում են ասել, տեսնենք ինչ զարգացումներ կլինի։ Դա բավականին սերտ կոնտակտ է պահանջում փոխանցման համար, բայց հիմա մենք տեսնում ենք լրատվական միջոցներից, որ հիմնականում համասեռամոլ տղամարդիկ են վարակվում և այլն, թե ինչի են դա անպայման շեշտում, արդեն սկսում են կասկածներ առաջացնել սեռական փոխանցման վերաբերյալ։ Հետևաբար հիմա այս նոր վիրուս է, թե ինչ է, նոր են սկսում դա ուսումնասիրել ինչ-որ նման բաներ են հայտնաբերում, ճիշտն ասած ես դժվարանում եմ դա ասել և հստակ մեկնաբանել»։

Իսկ մեր այն հարցին, թե այս վիրուսը կարո՞ղ է քովիդի նման տարածվել, Հովհաննիսյանն ասաց. «Քովիդի նման դա հաստատ չի կարող լինել, քանի որ վարակի փոխանցման այդպիսի հնարավորություն չունի, որ կարողանա այդպիսի մեծ բռնկումներ տալ»,- ասաց բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված