Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:18 15-06-2022

Ադրբեջանը 21-րդ դարում գերիների հարցը դարձրել է քաղաքական առևտրի առարկա․ Թագուհի Թովմասյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորհրդարանում հանդիպեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի և պատվիրակության անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Ողջունելով հյուրերին օրենսդիր մարմնում՝ միջազգային գործընկերներին տեղեկացրինք, որ, չնայած ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են խորհրդարանական աշխատանքները, ընդդիմադիր կին պատգամավորներով որոշեցինք հանդիպել և ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը ներկայացնել արտաքին և ներքին ուժերի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները, ժողովրդավարության ներկա իրավիճակը Հայաստանում, առկա խնդիրները։

Տիկին Սեդերֆելտին ևս մեկ անգամ ահազանգեցի, որ, չնայած Ժնևյան կոնվենցիաներով Ադրբեջանը պարտավորված էր ակտիվ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո վերադարձնել մեր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, Ադրբեջանը 21-րդ դարում գերիների հարցը դարձրել է քաղաքական առևտրի առարկա, և դեռևս այս հրատապ խնդիրը մնում է չլուծված։ Այդպիսով Ադրբեջանը փորձում է մեզ հոգեկան տառապանքներ պատճառել՝ միաժամանակ մարտահրավեր նետելով միջազգային հանրությանը։

Պատվիրակության ներկայացուցիչներին ահազանգեցի, որ ավելի քան 1 տարի է՝ Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և հրաժարվում է դուրս բերել իր զորքերը։ Միջազգային մեր գործընկերներին տեղեկացնելով մեր սահմանամերձ բնակավայրերում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին՝ ընդգծեցի, որ կյանքի, առողջության, սեփականության, ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքների խախտումներն ի հայտ են եկել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման արդյունքում։ Նշեցի, որ այս պայմաններում Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, որն իրականում կեղծ օրակարգ է։ Եվ եթե ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչները իրապես ուզում են խաղաղություն, մենք պիտի նկատենք, որ նրանք արդարության կողմն են և կպարտադրեն Ադրբեջանին դուրս բերել իրենց զորքերը մեր տարածքից, որից հետո միայն կսկսվի սահմանազատման գործընթացը։

Միջազգային մեր գործընկերներին տեղեկացրինք, որ մեզ համար շարունակում է առանցքային մնալ Արցախի կարգավիճակի հարցը, ընդգծեցինք Արցախի ժողովրդի ինքնորոշման կարևորությունը հիմնախնդրի կարգավորման համատեքստում։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի բացակայության մասին՝ նշեցինք, որ կարգավորման գործընթացում Եվրոպայի ներգրավվածության տեսանկյունից խնդիրներ են առաջանում այն առումով, որ օրինակ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Ադրբեջանը պատասխանում է հայ զինվորի սպանությամբ, մինչդեռ հանդիպման մասնակիցները խաղաղության մասին էին քննարկում իրականացնում։

Անդրադառնալով Հայաստանում ձևավորված իրավիճակին՝ մեր հյուրերին տեղեկացրի, որ Հայաստանը ժողովրդավարության նոր քննություն է հանձնում, բայց, ցավոք, չի կարողանում լավ գնահատական ստանալ։ Ունենք կալանավորված ընդդիմադիր գործիչներ, մինչդեռ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած որևէ ոստիկան կալանավորված չէ։ Ներկայացրի նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդրադարձը: «Մենք մտահոգված ենք Հայաստանում մեծաթիվ կալանավորման դեպքերի և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժային գործողությունների կապակցությամբ և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժի գործադրումը։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավակիրառ լիազորությունների ցանկացած չարաշահումից»։

Տիկին Սեդերֆելտին հայտնեցինք նաև, որ Հայաստանում «ժողովրդավարությունը» և մեր միջազգային գործընկերների պատկերացրած ժողովրդավարությունը միմյանցից հիմնովին տարբերվում են, և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի կողմից հնչեցված՝ համապատասխան օրինակ ներկայացնելու հարցին ի պատասխան՝ նշեցի, որ երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ նիստերի դահլիճում քննադատում էր իշխանությանը, անվտանգության աշխատակիցը նրա մազերից քաշելով՝ դուրս հանեց նրան դահլիճից։

Անդրադառնալով լրագրողների իշխանության կողմից լրագրողների իրավունքների խախտման բազմաթիվ օրինակների՝ տիկին Սեդերֆելտին խոստացա առաջիկայում ուղարկել համառոտ զեկույց՝ ընդդիմության այս խաղաղ անհնազանդության օրերին լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունների վերաբերյալ։

Պայմանավորվեցինք խորհրդարանական ձևաչափով շարունակել համագործակցությունը՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության խնդիրների լուծման ուղղությամբ առաջընթացի հասնելու նպատակով»,- գրել է նա։