Երևան +13°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:00 14-06-2022

Ռուսաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների 200 մլն «նվերը» Հայաստանին

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր փոխանցված դրամական հոսքերի վերաբերյալ այս տարվա ապրիլ ամսվա տվյալները։ Այս վիճակագրությունը ԿԲ-ն հրապարակում է ամենամսյա կայուն պարբերականությամբ, շնորհիվ ինչի՝ պարզ է դառնում Հայաստան մտնող և այստեղից արտահոսող գումարային շարժի հիմնական պատկերը։ Այդ մասին բազմիցս գրվել է, այդուհանդերձ նշենք, որ պետությունները, որտեղից դեպի ՀՀ լինում է գումարային հիմնական հոսքը, երկուսն են՝ ՌԴ և ԱՄՆ։ Որպես կանոն, առավել մեծ մասը՝ ՌԴ-ից, համեմատաբար ավելի փոքրը՝ ԱՄՆ-ից։

2022թ․-ի հունվարին մասնավոր բանկերի միջոցով ՀՀ է փոխանցվել 127․9 մլն դոլար։ ՀՀ-ից դուրս է փոխանցվել 87․4 մլն դոլար։ ՀՀ ներհոսած գումարից 40․6 մլն-ը եկել է ՌԴ-ից, 40․9 մլն-ը՝ ԱՄՆ-ից։ Սա վերջին տարիների համար եզակի դեպք է, երբ ԱՄՆ-ից ավելի մեծ գումար է փոխանցվել Հայաստան, քան ՌԴ-ից։ Նույն 2022թ․ հունվարին ՀՀ-ից արտերկիր է փոխանցվել 87․4 մլն դոլար, որից ՌԴ՝ 23 մլն, ԱՄՆ՝ 13 մլն։ Փետրվարին արդեն դեպի ՀՀ փոխանցումների ներհոսքը կազմել է 180 մլն, ՀՀ-ից արտահոսքը՝ 124 մլն դոլար։ Ընդ որում, ՌԴ-ից դեպի ՀՀ բանկերի միջոցով փոխանցվել է 82․5 մլն, ԱՄՆ-ից՝ 41․1 մլն։ ՀՀ-ից դեպի այդ երկրներ է ուղղորդվել 36․4 մլն դոլար ՌԴ, մոտ 22 մլն՝ ԱՄՆ։ Մարտ ամսին ներհոսքային գումարների փոխանցումները շոշտակի աճել են։ Դեպի Հայաստան է ուղարկվել 252․7 մլն դոլար։ Վերջին տարիներին մեկ ամսվա ընթացքում դեպի Հայաստան 200 մլն դոլարից ավել գումար փոխանցվելու երկու դեպք է արձանագրվել։ Երկուսն էլ եղել են դեկտեմբերին՝ հասկանալիորեն պայմանավորված ամանորյա տոներով։ 2016թ․-ի դեկտեմբերին դեպի ՀՀ է փոխանցվել 211․6 մլն դոլար, իսկ 2021թ․-ի դեկտեմբերին՝ 210․4 մլն դոլար։ Ընդհանրապես դեկտեմբերին տարվա մնացած ամիսների համեմատությամբ փոխանցումները էապես ավել են լինում։

2020թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 86․5 մլն դոլար, հակառակ ուղղությամբ՝ 40․75 մլն դոլար։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից ՀՀ է փոխանցվել գրեթե 54 մլն, հակառակ ուղղությամբ՝ 24 մլն։
2021թ․-ի դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 83․7 մլն, հակառակ ուղղությամբ՝ 45․7 մլն։ ԱՄՆ-ից Հայաստան՝ 62․6 մլն, հակառակ ուղղությամբ՝ 18․4 մլն։

Ընդհանուր ֆինանսական այս «կայուն» համայնապատկերում մարտ ամսին դեպի ՀՀ է փոխանցվում 252․7 մլն դոլար, որից 115․8 ՌԴ-ից, 60․8-ը՝ ԱՄՆ-ից։ Նույն ընթացքում ՀՀ-ից դեպի ՌԴ արտահոսքը եղել է 64․4 մլն, դեպի ԱՄՆ՝ 25․5 մլն դոլար։ Պետք է նշել, որ վերջին մի քանի տարիներին 5-6 դեպք է արձանագրվել, երբ մեկ ամսվա ընթացքում ՌԴ-ից Հայաստան է փոխանացվել 100 մլն դոլարից ավել գումար։

2022թ․-ի մարտ-ապրիլ ամիսներին արձանագրվել է թերևս բոլոր ժամանակների համար գումարային փոխանցումների աննախադեպ, ռեկորդային մեծ գումար։ Ապրիլին դեպի Հայաստան ներհոսքը կազմել է 358 մլն դոլար, որից 232․6 մլնը՝ ՌԴ-ից, 56․2 մլնը՝ Միացյալ Նահանգներից։ Հայաստանից դեպի այդ երկրներ արտահոսքը կազմել է համապատասխանաբար 41․6 և 23․1 մլն դոլար։ Պատկերը ամբողջապես պարզ լինելու համար նշենք, որ 2021թ․-ի ապրիլին դեպի Հայաստան ներհոսքը կազմել է 168 մլն դոլար, որից ՌԴ-ից՝ 63․6 մլն, ԱՄՆ-ից՝ 48 մլն։

Փաստորեն ԱՄՆ-ից ներհոսքը աճել է նախորդ ամիսների, նախորդ տարիների նույն ամսվա համեմատությամբ գրեթե համաչափ, մինչդեռ ՌԴ-ից՝ ներհոսքն աճել է համարյա 4 անգամ։ Հայաստանից դեպի ՌԴ արտահոսքը՝ 13-15%-ով, ինչպես մնացած բոլոր ամիսներին։ Փաստացի ապրիլ ամսին ՌԴ-ից դեպի Հայաստան զուտ ներհոսքը բացարձակ թվով կազմել է շուրջ 210 մլն դոլար։ Հիմնականում այս գումարի և դրա չստերիլացման արդյունքում է, որ այսօր շրջանառության մեջ ունենք դոլարի ավելցուկ ու ինչի հետևանքով դրամի ժամանակավոր արժևորում։

Եթե մինչև այս տարեսկիզբ, ավելի կոնկրետ՝ մինչև մարտ-ապրիլ, ՌԴ-ից ՀՀ փոխանցումների հիմնական կատարողները մեր հայրենակից աշխատանքային միգրատներն էին ու նաև նրանք, որոնք մշտական բնակության են տեղափոխվել ՌԴ, ապա հասկանալիորեն մարտ-ապրիլ ամիսներին փոխանցումների շեշտակի ավելացումը բոլորովին էլ մեր հայրենակիցներով պայմանավորված չէ։ Հատկապես որ այդ ընթացքում ՌԴ-ում գտնվող հայերի միգրացիոն հաշվառման տեսանկյունից այս և նախորդ տարվա թվերը գրեթե նույնն են։

Բայց ռուս-ուկրաինական պատերազմը սկսելուց արդեն օրեր անց հրապարակումներ եղան, համաձայն որոնց՝ շուրջ 120-150 հազար ՌԴ քաղաքացիներ, առավելապես տեղեկատվական տեխնոոգիայի ոլորտի ներկայացուցիչներ, պայմանավորված պատերազմի հետևանքով Արևմուտքի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառված սանկցիաներով, տեղափոխվել են ՀՀ՝ իրենց գործունեությունն այստեղ շարունակելու, դրանով իսկ շրջանցելու Արևմուտքի պատժամիջոցները։ Եվ մասնագետների գնահատականներով՝ փոխանցումների այդ 200 մլն-անոց աճը պայմանավորված է առաջին հերթին և հիմնականում նրանց գործոնով, որ գումարները փոխանցել են ապրելու համար և բիզնես նպատակներով։ Տրամաբանական է, որ այսուհետ ՌԴ-ից այդքան փոխանցումներ չեն լինի։ Ավելին, ՏՏ ոլորտը ներկայացնող այդ խավը աշխատում է հիմնականում Արևմուտքի ընկերությունների հետ, ու ավելի տրամաբանական է, որ փոխանցումների հոսքը կնվազի ՌԴ-ից և կաճի արդեն Արևմուտքից։ Բայց զարգացումներից առաջ անցնել պետք չէ, հատկապես որ չի բացառվում, որ պայմանավորված բազմաթիվ գործոններով՝ ՏՏ-ական միգրանտները ժամանակի ընթացքում կարող են նաև հեռանալ ՀՀ-ից։