Ներքին 4 տարի առաջ - 22:41 09-06-2022

Արամ Ա կաթողիկոսը հանձնել է Կաթողիկոսարանի Հայագիտական կենտրոնի 2022-ի շրջանավարտների վկայականները

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի Վեհարանում հանձնել է Կաթողիկոսարանի Հայագիտական կենտրոնի 2022-ի շրջանավարտների վկայականները։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հայրապետը գնահատելով եռամեայ հայագիտական ծրագիրը աւարտած չորս շրջանաւարտները, Արաքսի Խրիմեան Աջապահեան, Աւետիս Ասայեան, Նուէր Էլխայաթ Աջապահեան եւ Վերժին Սաաթճեան, ինչպէս նաեւ Կեդրոնի տնօրէնը՝ Ահարոն Շխրտեմեանն ու ուսուցչական կազմը, ընդգծեց հայագիտական ամպիոններուն, ի մասնաւորի Արեւմտահայերէնի կարեւորութիւնը, թէ՛ ինքնութեան պահպանման ու գոյատեւման եւ թէ՛ զարգացման առումով։ Վեհափառ Հայրապետը շեշտեց, որ հետզհետէ նահանջող հայ լեզուն հայերէնագիտական ձեռնարկներու շնորհիւ պիտի պահպանուի ու փոխանցուի սերունդէ սերունդ: Նորին Ս. Օծութիւնը վստահեցուց, որ յառաջիկայ տարեշրջանէն սկսեալ Հայագիտական Կեդրոնը առաւել կազմակերպ կերպով ու ամբողջական դասանիւթերով պիտի շարունակէ իր գործունէութիւնը:

Խօսք առաւ նաեւ Կեդրոնի տնօրէն Ահարոն Շխրտըմեան եւ յայտնեց, որ Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ ու հովանաւորութեամբ Կաթողիկոսարանի Հայագիտական Կեդրոնը բոլորեց կրթական բարեյաջող տարեշրջան մը։ Ան ընդգծեց, որ Հայագիտական Կեդրոնի յաջողութեան գաղտնիքը կը կայանայ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութեան հաւատացող Վեհափառ Հայրապետին, ինչպէս նաեւ անոր օրհնութեան ներքոյ եւ պատասխանատուութեան գիտակցութեամբ համախմբուած մտաւորականներու, հոգեւորական թէ աշխարհական, ժրաջան աշխատանքին: Շխրտըմեան նշեց, որ Կեդրոնը սովորական ուսումնարան մը չէ, այլ հայագիտական բարձրորակ կեդրոն մը ըլլալու բոլոր կարելիութիւնները ունի: Իրողութիւն մը, որ պէտք է նախանձախնդրութեամբ ու իմաստութեամբ արժեւորել: Եզրափակելով խօսքը՝ ան շնորհաւորեց վկայեալները եւ շնորհակալութիւն յայտնեց Հայրապետին, Հայագիտական Կեդրոնի յանձնախումբին, ուսուցչակազմին, Կաթողիկոսարանի դիւանապետին եւ բաժանմունքի քարտուղարութեան։

Շրջանաւարտներուն անունով ուղերձ ընթերցեց Վերժին Սաաթճեան ու երախտագիտութիւն յայտնեց Նորին Ս. Օծութեան, տնօրէնութեան եւ դասախօսներուն։ Ան ըսաւ, որ եռամեայ այս կրթօճախը յաճախելով՝ լսեցինք մեր սիրելի դասախօսներուն կողմէ ներկայացուած այլազան նիւթերը ու դաստիարակիչ խօսքերը, որոնք իրենց դիմաց բացին նոր հորիզոններ։ Իր խօսքի աւարտին, ան Հայրապետին մաղթեց քաջառողջութիւն, որպէսզի անսասան մնայ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը՝ իր համազգային առաքելութեամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը