Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:22 08-06-2022

Ովքեր հեգնում կամ ծաղրում են, խորհուրդ եմ տալիս մտնել ուկրաինական մայդանի պատմության մեջ․ քաղտեխնոլոգ

Վերջին օրերին «Դիմադրության» շարժան իրականացրած ակցիաների սակավությունը համացանցում քննարկումների, նոր հիասթափությունների ու թերահավատության առիթ է դարձել։ Օրինակ, երեկ ընդդիմության պլանավորած միակ ակցիան ԵՄ գրասենյակի մոտ կայացած բողոքի ակցիան էր, այնուհետև, երեկոյան կազմակերպվել էր հանդիպում արևելագետ Գևորգ Գալտակյանի հետ, որից հետո հնչում էին հայրենասիրական երգեր։ Այսօր ընդդիմությունը նախապես չպլանավորած ակցիա իրականացրեց Հանրապետության հրապարակում՝ բողոքելով «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովին ընդդիմությանը չհրավիրելուց։

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ընդդիմությունը հանրահավաք չի նախատեսում անցկացնել, փոխարենը Ֆրանսիայի հրապարակում քաղաքական քննարկում տեղի կունենա։ Հանրահավաք նախատեսվում է իրականացնել վաղը։

Oragir.news-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ ընդդիմության մարտավարությունից տեղյակ չէ, բայց քանի որ ընդդիմությունն ընտրել է ոչ թե «սպրիտիի» տեմպը, այլ առնվազն միջնաժամկետ մարտավարությունը, նման պարագայում տարբեր գործիքակազմեր կարող են ընտրվել ու կիրառվել, այդ թվում՝ փոքր ակցիաներ։ «Հանրահավաքային ու երթային պրակտիկան կարող են լինել հերթական անգամ քաղաքական կամ էմոցիոնալ պիկին հասցնելու համար մարդկանց։ Այդ առումով, եթե մարտավարությունը ավելի դասական է, հանդարտ, դա չի նշանակում, որ դա անկման է տանում, հակառակը՝ կարծում եմ, փորձում են շտկել մարտավարությունը, հատկապես որ մի քանի օր առաջ Իշխան Սաղաթելյանը խոսք տվեց, որ հանրությանը կներկայացվի նոր մարտավարությունը»։

Հակոբյանն ընդգծեց, որ չի կարծում, որ ընդդիմությունը հրաժարվելու է ակտիվ մարտավարությունից, այդ թվում՝ երթերից կամ հանրահավաքներից։

«Ես կարծում եմ՝ փորձելու են վարիացիաներ անել, տարբեր գործիքակազմեր օգտագործել՝ ելնելով քաղաքական օրակարգերից, նայած թե այդ օրը ինչ նպատակ են փորձում լուծել»։

Դիտարկմանը, թե մտավախություն չկա՞, որ երկարաժամկետ պայքարը կարող է մարդկանց հոգնեցնել, նա նշեց, որ այդ մտավախությունից ելնելով էլ իրենք փորձելու են տարբեր գործիքակազմեր օգտագործել, որպեսզի ակցիաները միապաղաղ չլինեն ու ամենակարևորը կանխատեսելի չլինեն։

«Գործիքակազմերը տարբեր են, ու դրանց կիրառումը կախված է նրանից, թե ինչ թիրախի հարվածելու խնդիր է դրված։ Ես կարծում եմ, որ հիմա ընդդիմությունը խնդիր է դրել թեման անընդհատ թեժ պահելու է»։

Անդրադառնալով մշակութային միջոցառումներին, ու դրանց նկատմամբ հանրության մի մասի մոտ առկա հեգնանքին՝ նա նշեց, որ եթե այդ մշակութային միջոցառումներն իրականացվեն ոչ վրանային վայրում, դա, իհարկե, տարօրինակ կլիներ, բայց երբ երկար ժամանակ վրաններով փակված է մի հրապարակ և դա ըմբոստության կենտրոնն է, այդ իրավիճակում գալիս է այլ տրամաբանություն։

«Դա հրապարակային տրամաբանությունն է։ Այսինքն, հրապարակը՝ որպես ըմբոստության կենտրոն, պետք է իր սեփական կյանքն ունենա և ձգի այնտեղ շարժման կողմնակիցներին, մարդկանց համար հետաքրքրություն առաջացնել այդ հրապարակում՝ մշակութային, թե քաղաքական քննարկումներով։

Նրանց, ովքեր հեգնում են կամ ծաղրում, ես խորհուրդ կտամ, օրինակ, մտնել ուկրաինական մայդանի պատմության մեջ և նայել, թե 2000-ականն թթ-ին, թե 2014 թ-ին ինչ էր կատարվում այնտեղ։ Այնտեղ հանրահավաքներից առաջ, հանրահավաքներից հետո երաժիշտները դուրս էին գալիս ամբիոն և վրաններում մնացող մարդկանց համար տարբեր ոճի երաժշտություն էր հնչում։

Այսինքն՝ դա տեխնոլոգիա է, որն առաջին անգամ չէ, որ կիրառվում է։ Ֆրանսիայի հրապարակը պետք է անընդհատ ձգողական ուժ ունենա ու այնտեղ պարբերաբար ինչ-որ գործողություններ տեղի ունենան, ինչպես քաղաքական քննարկումներ, այնպես էլ մշակութային միջոցառումներ, որոնք մարդկանց պետք է ձգեն այնտեղ»։