Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:44 04-06-2022

Ցածր արժեհամակարգ և բարոյական հասունության մակարդակ, գերագրեսիվություն․  կարմիր ու սև բերետավորների հոգեբանական նկարագիրն ու սադիզմի դրսևորման պատճառները

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ինչպես հայտնի է, երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանությունը փակեց դեպի Ազգային ժողովի շենք շարժվող ցուցարարների ճանապարհը և այս օրերի համար աննախադեպ ուժ կիրառեց, այդ թվում՝ հատուկ միջոցներ։ Առանձնակի դաժանությամբ կրկին աչքի ընկան ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, այդ թվում՝ կարմիր և սև բերետավորները։

Հոգեբանները կարծում են, որ բոլոր ոստիկանները չէ, որ կարող են աշխատել հատուկ ստորաբաժանումում։

Հոգեբան Կարինե Նալչաջյանն oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ այդ ստորաբաժանումներում աշխատելու համար պետք է ունենալ ցածր արժեքային համակարգ, բարոյական հասունության ցածր մակարդակ և գերագրեսիվություն։ «Այս հատկանիշներն ունենալու դեպքում կարելի է հանգիստ մտնել կարմիր բերետավորների շարքերը և կատարել այն հրամանները, որոնք կատարում են նրանք»։

Նրա դիտարկմամբ՝ պետք է հաշվի առնել, որ ոստիկանությունը, բանակը, այսինքն՝ ուժային կառույցները, ավտորիտար համակարգեր են, այսինքն՝ թելադրանքի վրա հիմնված՝ վերադասի հրաման- հրամանի կատարում։

«Մենք հիմա հայտնվել ենք մի ճահիճի մեջ, երբ ոստիկանությունը՝ ամբողջ այդ համակարգը, հակառակ ֆունկցիան է կատարում, իր ժողովրդին պաշտպանելու փոխարեն՝ ժողովրդին պատժելու գործառույթ է կատարում։ Ես չեմ ուզում ծայրահեղությունների մեջ ընկել, օրինակ, մենք տեսնում ենք, որ կան ոստիկաններ, որոնք ուղեկցում են ցույցերը, երթերը, այդ մարդիկ իրենց ֆունկցիա են կատարում։ Այսինքն՝ սադրիչներին, խառնակչություն իրականացնողներին հենց տեղում հեռացնում են ցուցարարներից։ Բայց դրանք էպիզոդներ են։ Այսօր ոստիկանության որոշ ստորաբաժանումներ պատժիչ ջոկատների են նման, ընդ որում՝ պատժում են ոչ թե ինչ-որ հանցագործների, այլ մարդկանց, ովքեր փորձում են պետության պաշտպանություն իրականացնել։

Այն, ինչ անում են կարմիր բերետները, առանձնահատուկ է նրանով, որ թույլատրելի է։ Եթե սադիզմի հակումներ ունեցող, կյանքում ինքնահաստատաման պակաս ունեցող մադուն ասում ես՝ արա՛, ինչ ուզում ես եւ չես պատժվի, դեռ մի բան էլ պարգևատրումներ կստանաս, այստեղ պետք է սպասենք վատթարի։ Սա կոչվում է ավտորիտար ագրեսիա, այսինքն՝ հրամայում են լինել ագրեսիվ ու դրա համար ոչ միայն չեն պատժում, այլև հակառակը, մի բան էլ պարգևատրում ու խրախուսանքի են արժանանում։

Ես կարծում եմ, որ եթե իրենց չհրամայվի որևէ բան անել, ապա ավորիտար համակարգում ինքնագլուխ ոչ մեկ ոչինչ չի անի։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ եթե տեսակով սադիստը հրաման է ստանում սադիստական գործողություն անելու, ապա այստեղ պետք է սպասել ողբերգական իրադարձություններ»։

Հոգեբանի դիտարկմամբ՝ ոստիկանական համակարգ գալիս են ոչ միայն նրանք, ովքեր արդարություն հաստատելու մղում ունեն, այլև ազդեցիկ, ուժեղ ընկալվելու, ինքնահաստատվելու խնդիր ունեն։

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն էլ ընդգծում է, որ այնպես չէ, որ մեր երկրում ով դարձել է ոստիկան, բոլորը երազել են ոստիկան դառնալ։ «Մոտ 80-90 տոկոսը ձեռի հետ քննություն են տալիս, որտեղ կընդունվեն, կընդունվեն, հիմա առավել ևս ոստիկան դառնալու համար հաճախ բուհ ավարտել էլ պետք չի։

Եթե գիտականորեն ասենք՝ ոստիկան դառնում են նրանք, ովքեր կա՛մ արդարության ջատագովներ են, կա՛մ էլ ուժային կառույցներում ծառայությունը ընտրում են նրանք, ովքեր փոքր ժամանակ շատ տրավմաներ են տարել, ճնշվել են, այսինքն՝ չինքնահաստատված մարդիկ»։

Դիտարկմանը, թե բոլոր ոստիկանները չէ, որ կարող են նման ագրեսիվ վարք դրսևորել, հոգեբանը պատասխանեց, որ ոչ միայն ոստիկանության, այլև առհասարակ հասարակության մեջ ում էլ շահագրգռեն, նման ագրեսիվություն կդրսևորի։

Հարցին, թե արդյո՞ք ուժային կառույցներում, հատկապես՝ ոստիկանությունում, աշխատանքի անցնելիս մարդիկ հոգեբանական թեստեր հանձնում են, նա պատասխնեց, որ ժամանակին առաջարկել են տարբեր նախարարություններին և կազմակերպություններին կիրառել նման թեստեր։

«Այո՛, կան նման թեստեր, օրինակ՝ գենետիկ թեստեր, թեստեր, որոնք ցույց են տալիս մարդու խառնվածքը, բնավորության շեշտադրումները, թեստեր, որոնք ցույց են տալիս, թե ով որ ոլորտում ավելի համապատասխան կլինի։ Նման թեստեր կան, բայց մեր մոտ դրանք կիրառողն ո՞վ է։ Թեև դրսում դրանք շատ ընդունված են, բայց մեզ մոտ, եթե չեմ սխալվում, դրանք չեն կիրառվում։

Ընդ որում՝ նման թեստեր միայն համակարգ ընդունվելիս չէ, որ հանձնում են, այլ դրանք պարբերաբար հանձնում են ծառայության ընթացքում, որովհետև կարող է՝ մարդը մի անգամ թեստը հանձնեց, բայց 1-2 տարի անց մարդու կյանքում բան փոփոխվի, ասենք՝ լուրջ տրավմա է տանի, որից հոգեբանական լուրջ խնդիրներ են իր մոտ առաջացել։

Նման թեստեր պետք է հանձնեն ոչ միայն ոստիկանները, այլև պետական պաշտոնյաները, որովհետև կարող է մարդը նշանակվել է որոշակի պաշտոնի ու ոչ ադեկվատ որոշումներ է կայացնում»։

Մեհրաբյանի դիտարկմամբ՝ ագրեսիվությունը դրսևորվում է, երբ մարդը ինչ-որ տեղ ճնշվում է, ճնշվում են նրա էմոցիաները, որոնք ինչ-որ տեղ դուրս պետք է գան, լինում է, որ մարդը տանն է ճնշվում, գնում հանում է դրսում։ «Բայց լինում է նաև, որ դրսում է ճնշվում ու գալիս, վրեժ է լուծում ընտանիքից։ Կարող է լինել նաև այնպես, որ մարդու տեսակն է ագրեսիվ, ու ինքն անկախ ամեն ինչից՝ ագրեսիվ է։ Այսինքն՝ բոլորովին պարտադիր չէ, բայց նաև բացառված չէ, որ անձը, որ դրսում է նման ագրեցիվություն ցուցաբերում, նաև տանը նման վարքագիծ դրսևորի»։

Ըստ հոգեբանի՝ ցանկացած մարդ իր կյանքում ունի ինքնահաստատման մղում, ուժի ցուցադրումը դրա դրսևորումներից մեկն է։ «Հաճախ մարդն ուզում է դառնալ ոստիկան, որովհետև դա էլ իշխանության մի լծակ է, իշխանություն է այն, ինչ կատարվում է հիմա, հատկապես այն ոգևորված մարդ ծեծողները դրանով ինքնահաստատվում են, իրենց ուժեղ են զգում, իրենց թվում է, որ ամեն ինչ թույլատրելի է, ամեն ինչ ներելի է, մինչդեռ սա անառողջ սոցիալական միջավայր է ստեղծում արդարության և օրենքի մասին»։