Երևան +19°
copy image url
Միտք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:40 02-06-2022

Բումերանգը՝ դաստիարակի դերում…

«РИА НОВОСТИ» պորտալում ամիսներ առաջ զետեղված խիստ մտահոգիչ, ես կասեի չարագուշակ, տեղեկությունը, որքան էլ տարօրինակ է, հանրային շրջանակների կողմից արժանի ուշադրության այդպես էլ չարժանացավ: Մինչդեռ անհրաժեշտ էր…

Պորտալում հայտնված տեղեկատվության համաձայն՝ Իլհամ Ալիևը, հանցագործություն որակելով վերջին երեսնամյակում Ղարաբաղում և հարակից տարածքներում իրականացված ապօրինի հանքարդյունահանությունը, հասցված վնասի չափի ճշգրտման խնդրանքով դիմել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային ընկերությունների: Աուդիտորական համապատասխան եզրահանգումից հետո Ալիևը մտադիր է հարյուրավոր միլիարդների հասնող փոխհատուցման պահանջ ներկայացնել Հայաստանին, ներկայացված պահանջի քամահրման դեպքում էլ` «արդարության» հասնել իրավական ճանապարհով: Թե ինչո՞ւ, ո՞ւմ կողմից և ի՞նչ հեռահար նպատակով շրջանառության մեջ դրվեց այդ լուրը, մնում է անհայտ: Բայց որ օրերից մի օր այն կարող է պարզկա օրվա ընթացքում երկնքում ճայթած կայծակ հիշեցնել, անվիճարկելի է:

Եթե մի պահ ընդունենք, որ դա հեռու չէ իրականությունից, ապա բնական հարց է առաջանում, թե ո՞ւր են գնացել հիշատակված վիթխարի միջոցները: 44-օրյա պատերազմի հայտնի ավարտն ու հայաստանաբնակների գոյավիճակը միանշանակ հուշում են, որ այդ գումարների հետ նրանք բացարձակապես կապ չունեն: Եթե այդ գումարները ծառայած լինեին հայկական բանակի հզորացմանը, նրա նահապետական զինատեսակների թարմացմանն ու ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ապա դա, ենթադրաբար, պիտի որ անտես չմնար, այնպես չէ՞: Մինչդեռ ճիշտ հակառակ պատկերի ականատեսն ենք դառնում: Մտածող մարդիկ, գիտական միտքը լքում է Հայաստանը՝ տեղը զիջելով վերջին երեսնամյակում ամեն ինչ առևտրի առարկա դարձրած նորօրյա չարչիներին: Ստացվում է, որ աստղաբաշխական այդ գումարները ծառայել են ոչ թե երկրին, նրա բնակչին, այլ ամենազոր կլանների շահերին, նրանց այլասերված, դեֆորմացված պատկերացումներին, մարդկանց, ում միանգամայն խորթ են եղել պետություն, պետական մտածողություն, երկրի ապագա հասկացությունները: Առաջնորդվելով լյուդովիկյան հանրահայտ՝ «ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» անձնակենտրոն մոտեցմամբ ու մեծապես թքած ունենալով ազգի ապագայի վրա՝ նրանք «հերձել» են ինչ հնարավոր է եղել: Բանկեր, ֆինանսական հաստատություններ, «պարսեկներով» հողատարածքներ, անհամար գործարաններ, հազարներով հաշվվող անշարժ գույք, օտար ափերում ձեռք բերված հանքեր ու կղզիներ: Ինչ կա, հենց նրանց է պատկանում: Վերջին երեսնամյակում «զորահանդեսի» կոմանդորները հենց նրանք են եղել, արժեհամակարգը հենց նրանց ակտիվ ջանքերով է հիմնիվեր փոխվել: Նրանց օրոք են գողն ու թալանչին աչքաբաց ու կարող, ազնիվն՝ անունակ, մտածող մարդիկ խելքներին զոռ տվող, անգետները՝ ժամանակի շունչը զգացողներ «դարձել»:
Պարադոքսալ, պարադոքսալ երկիր է Հայաստանը: Երկիր, որտեղ մանանեխը մշտապես ճաշից հետո է մատուցվում, իրականությունն էլ՝ պատմական անցյալ դառնալուց հետո է միայն ընկալելի դառնում: Մենք հիմա ենք միայն հասկանում, որ իրեն ամենակարող երևակայող Ալիևի նման, մենք էլ 1994-ին էինք նույնատիպ էյֆորիայի մեջ: Այն օրերին մեզ համար էլ էր ծովը ծնկներից, մեզանում էլ կային մարդիկ, ովքեր Բաքվում՝ թեյ, Անկարայում՝ սուրճ վայելելն էին համարում օրերի հարց: Բայց այդպե՞ս էր իրականում: Այսօրվա դառը իրողության մեջ անասելի մեծ է տարիներ շարունակ ներարկված ապատեղեկատվության չափաբաժինը: Այսօր արդեն այլևս ոչ ոք չի խոսում մի շնչով Բաքու հասնելու և Ստամբուլը արյան ծով դարձնելու մասին: Երեկվա արքաները հայտնի դեպքերից հետո դարձել են կատուներ, Շուշին էլ այլևս անհրապույր ու մռայլ քաղաք լինելուց զատ դիտարկվում է իբրև ադրբեջանական …

Կյանքը վկայում է, թե ինչ ճշգրտությամբ է գործում մակընթացության ու տեղատվության ոսկե օրենքը: Կենսափորձը վկայում է նաև, որ չկան հավերժ հաղթողներ ու պարտվողներ: Այնպես որ հոխորտալուց առավել՝ երկուստեք ընդունելի հանրային վստահության, միմյանց փոխլրացնող միջավայրի ձևավորումն է առաջնայինը: Իսկ դրան հասնելու համար նախևառաջ պատեհապաշտներից, արկածախնդիրներից ու թալանչիներից ձերբազատվել, ու աշխարհին ներկայացող նորանոր մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայել է պետք և ոչ երբեք՝ կրավորական կեցվածքով ու ստրուկին հարիր հարմարվողականությամբ մեր իսկ հուղարկավորության լուռ մասնակիցը դառնալ…